Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատազենը» Հայաստանում զբաղվում է զենքի մշակույթի տարածմամբ եւ զարգացմամբ, քաղաքացիական հրաձգարանների կառուցմամբ». Նաղաշ Բաղդասարյան

Հուլիս 13,2025 11:31

Կայացավ «Ազատազեն» կրթական հասարակական կազմակերպության տարեկան համագումարը, որի ընթացքում ներկայացվեց նախորդ տարիների կատարած աշխատանքի հաշվետվությունը, ապա փակ քվեարկությունով ընտրվեց կազմակերպության կառավարման նոր խորհուրդ:

Մինչ կամփոփվեին քվեարկության արդյունքները, «Ազատազեն» կրթական հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Նաղաշ Բաղդասարյանն Aravot.am-ին ասաց, որ իրենց կազմակերպության չորրորդ համագումարն է, որի ընթացքում կազմակերպության անդամները խոսեցին անցած տարի կատարված աշխատանքների մասին, եղան կանոնադրական որոշակի փոփոխություններ: Նաեւ ընտրվում են կազմակերպության կառավարման մարմինները, այսինքն, լիիրավ անդամները ձեւավորում են նոր խորհուրդ, անվանակարգային հանձնաժողով եւ ստուգող մարմին:

-«Ազատազենը» գլխավորապես ինչո՞վ է զբաղվում:

-Որպես ՀԿ մեր կազմակերպությունը Հայաստանում զբաղվում է զենքի մշակույթի տարածմամբ եւ զարգացմամբ, քաղաքացիական հրաձգարանների կառուցմամբ, կրթական ծրագրերի իրագործմամբ:

-Այսօր երկրում տեղի ունեցող իրադարձությունները հաշվի առնելով մտավախություն չունե՞ք, որ զենքի հետ կապված մշակույթը տարածելով կարող եք խնդիրների առաջ կանգնել:

-Զենքը մենք միայն որպես սպորտային գործիք չենք դիտարկում: Նախ եւ առաջ, «Ազատազենը» մենք հիմնել ենք, որպեսզի կարողանանք երկարաժամկետ առումով պաշտպանել այն, ինչը մեզ է պատկանում: Նաեւ սպորտային ու որսորդական ուղղություններն ենք փորձում զարգացնել:

Այո, հասկանում ենք, որ կարող է որոշակի ռիսկեր լինեն՝ կապված արտաքին ու ներքին որոշակի զարգացումների հետ: Բայց դա մեզ չի անհանգստացնում, որովհետեւ  գործում ենք ՀՀ  օրենքի շրջանակներում եւ եթե ասում ենք զենք, նկատի ունենք օրինական զենքը:

-Ձեր կազմակերպությունը քանի՞ անդամ ունի:

-Այս պահին ունենք 850 աջակից անդամ եւ 98 լիիրավ անդամ: Ունենք նաեւ նվիրատուներ:

-Ձեր ծրագրերը որտե՞ղ եք իրականացնում:

Ակտիվորեն Երեւանում եւ Վանաձորում, բայց մեր առաքելությունն իրականացնելու համար ռազմավարությամբ սահմանել ենք, որ Հայաստանի բոլոր մարզերում պետք է ունենանք հրաձգարաններ եւ ուսումնական կենտրոններ:

-Այսօրվա համագումարում նախորդ տարվա աշխատանքներին ի՞նչ գնահատական տրվեց:

-Ընդհանուր առմամբ, լավ: Բայց աշխատանքներ էլի կան անելու:

-Որպես այս կրթական ՀԿ-ի ղեկավար, կասե՞ք, թե նախորդ տարի նախատեսվածից ինչը չեք արել կամ թերի եք կատարել:

-Դասընթացները, որ պլանավորել էինք իրականացնել, ինչպես  նաեւ հրաձգարանների կառուցումը: Քիչ հրաձգարանների ստեղծումը կապված է օրենսդրական որոշ խնդիրների հետ: Օրինակ, հողային օրենք, կադաստր եւ այլն: Այն շատ մեծ կախում ունի տեղական ինքնակառավարման մարմիններից, թե ով է ղեկավարը: Իսկ դասընթացներ քիչ են կատարվել նյութական ռեսուրսների սղության պատճառով»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031