Ի պատասխան «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կողմից հրապարակված խցի և սանհանգույցի լուսանկարների
Փաստորեն, այն, ինչի մասին իրազեկվել էինք բանտախցերի վերաբերյալ, ճիշտ է: Քրեակատարողական հիմնարկն իր կողմից տարածած լուսանկարներով ապացուցեց` կալանավոր դարձած երիտասարդ մոր և կրծքով կերակրվող երեխայի համար նախատեսված խուցը հարմարեցված չէ կեցության համար։
Քրեակատարողական հիմնարկի ղեկավարություն, ցույց տվեք 8 ամսական երեխայի համար հարմարեցված մահճակալը։ Ձեր հրապարակած լուսանկարներում այն չկա։
Ցույց տվեք տաք ջրի տաքացուցիչը, այն ևս չկա՛։
Կարդացեք նաև
Ցույց տվեք ծորակից հոսող տաք ջուրը, չեք կարող ցույց տալ, որովհետեւ այն ևս չկա՛։
Ցույց տվեք մանկահասակ երեխայի խաղալիքները խցում` չկա՛ն։
Ցույց տվեք խցում առկա սառնարանը, որտեղ պետք է պահվի մանկահասակ երեխայի սնունդը, դա ևս չկա։
Փոխարենը ձեր կողմից հրապարակված լուսանկարներով` ապացուցեցիք, որ կալանավորված մոր և 8 ամսական մանկահասակ երեխայի պահման խուցը`ամռան տապի պայմաններում, առանց վարագույրի է, առանց սառնարանի է, առանց տաք ջրի է, առանց մանկահասակ երեխայի համար նախատեսված մահճակալի է, լողանալու և հիգիենայի պայմաններն իսպառ բացակայում են։
Դուք ապացուցեցիք, որ 10×5 չափսերի խուցը զնդան է ոչ միայն երիտասարդ մոր, այլև նրա փոքր երեխայի համար, որը մեկ գիշեր լուսացնելով այդ խցում, այսօր հայտնվել է հիվանդանոցում։ Իսկ թե ում եք վկայակոչում որպես «լավագույն պայմանների» վկա մայրերի, անպայման կպարզենք առաջիկայում։
Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ
Լիանա Հարությունյանի պաշտպան
13.07.2025թ.