Աբու Դաբիում տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ հանդիպման գործնական արդյունքները շատ փոքր են, նույնիսկ «խաղաղության պայմանագրի» տեքստը, որը Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները համարել են «համաձայնեցված», չնախաստորագրվեց։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։
Թե ի՞նչ արդյունք տվեց այս հանդիպումը, ի՞նչ սպասել առաջիկայում, հարցերին քաղաքագետը պատասխանեց. «Մենք իմացանք, որ տեղի ունեցավ հանդիպում Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ, դրանից ավելի որեւէ բան ասել դժվար է, որովհետեւ հանդիպումից հետո մենք չտեսանք բրիֆինգ, չտեսանք որեւէ այլ պարզաբանում, բացի պաշտոնական այդ տեղեկությունից, որը տարածվեց»։
Նշենք, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո ադրբեջանական մամուլում տեղեկություն եղավ, որ քննարկվել է նաեւ Հայաստանի տարածքով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու հարցը, իսկ ՀՀ ԱԳ փոխնախարարը չհերքեց, որ կարող են ճանապարհի վերահսկողությունն արտապատվիրակել երրորդ կողմին։ Կա տեղեկություն, որ ամերիկյան կողմն առաջարկել է Հայաստանի տարածքով ճանապարհն արտապատվիրակել մասնավոր ընկերությանը։
Անդրադառնալով այս հարցին՝ Անդրիաս Ղուկասյանն ասաց. «Նման իրավիճակում, երբ փակ գործընթաց է գնում, որը չի կարող հրապարակային լինել, լայն դաշտ է բացվում ազատ մեկնաբանությունների համար։ Կարելի է ցանկացած պնդում անել, մեկնաբանել։ Ես կարծում եմ, որ իրականում դժվար է որեւէ հետեւություն անել առ այն, թե ինչ է քննարկվել, կողմերն ինչպես են տեսնում այդ կարգավորման գործընթացը, այս պահին որեւէ նոր բան մենք չենք տեսնում։ Պիտի ղեկավարվենք այն տեղեկություններով, որոնք մինչ օրս եղել են։ Հայաստանի իշխանություններն իրենց դիրքորոշումն ունեն, Ադրբեջանի իշխանությունները՝ իրենց դիրքորոշումը։ Եվ ոնց որ թե այդ դիրքորոշումները չեն համընկնում»։
Կարդացեք նաև
Քաղաքագետի խոսքով՝ հանրությանը մատուցվել է տեղեկություն, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ «խաղաղության համաձայնագրի» տեքստը «համաձայնեցված» է։ Եթե համաձայնեցված է, ինչո՞ւ այն գոնե չնախաստորագրվեց։
«Այսինքն՝ կարելի էր ենթադրել, որ որպես նման պատվիրակություններով բանակցությունների արդյունք՝ կարող էր լինել պայմանագրի վրա աշխատանքի ավարտը եւ գոնե համաձայնեցված պայմանագրի նախագծի նախնական հաստատումը։ Դա այն է, որ երբ կողմերը ֆիքսում են, որ տեքստի մեջ այլեւս փոփոխություններ չեն լինելու, նախաստորագրում են բանակցված ու համաձայնեցված պայմանագրի բոլոր ձեւակերպումները։ Եվ դրանից հետո արդեն կողմերը չեն կարող որեւէ փոփոխություն մտցնել այդ փաստաթղթում։ Բայց մենք հիմա պետք է արձանագրենք, որ նույնիսկ այդ, այդպես կոչված, համաձայնեցված տեքստը չնախաստորագրվեց Աբու Դաբիում, թեպետ եւ Հայաստանի վարչապետը, եւ Ադրբեջանի նախագահն այնտեղ էին։ Եվ ըստ էության իրենց այդ ներկայությունը կարող էր հիմք տալ՝ ենթադրելու, որ այդ պայմանագիրը կարող էր նախնական գոնե ստորագրվել, եթե չխոսենք պայմանագրի լիարժեք ստորագրման մասին։ Հետեւաբար, իմ գնահատականն այն է, որ այդ հանդիպման գործնական արդյունքները շատ փոքր են»,- հավելեց Ղուկասյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.07.2025