Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճանապարհի ամբողջ երկայնքով պետք է գործի նույն իրավական ռեժիմը՝ հակառակ դեպքում ՀՀ-ն դրանից չի կարողանալու օգտվել, Թուրքիան ու Ադրբեջանը կարողանալու են»

Հուլիս 14,2025 12:30

Ըստ Արմեն Բաղդասարյանի՝ եթե Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհն Ադրբեջանը վերահսկի, ՀՀ-ի տարածքով անցնողը վերահսկի որեւէ միջազգային կազմակերպություն, այդ դեպքում կստացվի, որ Ադրբեջանն այդ ճանապարհից կարողանալու է օգտվել, իսկ մենք Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհներից չենք կարողանալու օգտվել։

«Հաջորդ քայլն ավելի շատ սահմանազատման շարունակության մասին կլինի։ Այս փուլում Ադրբեջանը պետք է փորձի լրացուցիչ ճնշումներ գործադրել ՀՀ-ի վրա»,- «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունները՝ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։

Հիշեցնենք՝ Աբու Դաբիում հանդիպումից հետո պաշտոնական հայտարարություն տարածվեց՝ ըստ որի՝ «կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձեւաչափն են, եւ այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը: Երկրների ղեկավարները, նշելով սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացը, հանձնարարել են համապատասխան պետական հանձնաժողովներին շարունակել գործնական աշխատանքն այդ ուղղությամբ:

Կողմերը նաեւ պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջեւ երկկողմ բանակցությունները եւ վստահության ամրապնդման միջոցները»:

Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ հաշվի առնելով նաեւ, որ արտաքին քաղաքական կարեւոր բեւեռներն այլ հարցերով են զբաղված, ՀՀ-ն պետք է փորձի թույլ չտալ, որ ՌԴ-ն խառնվի եւ ինչ-որ հարցերում զիջումներ անի Ադրբեջանին. «Այսինքն՝ ՀՀ-ի՝ զիջումներ անելու պատրաստակամությունն ակնհայտ է։ Խնդիրն այն է, թե Ադրբեջանն ինչքան կպահանջի եւ ինչ կառաջարկի դրա դիմաց։ Ամեն դեպքում ես Ադրբեջանի կողմից որեւէ զիջման պատրաստակամություն այստեղ չտեսա։ Իրենց տեսանկյունից ամենակարեւորն այն էր, որ հետագա բանակցությունները պետք է լինեն երկկողմ ձեւաչափով՝ առանց միջնորդների, ինչն իրենց հիմնական պահանջն էր երկար ժամանակ, եւ կարծում եմ, որ սա ավելի շատ հող էր նախապատրաստում հետագա բանակցությունների եւ անգամ ինչ-որ փաստաթղթի ստորագրման համար։ Դա կլինի նախաստորագրում, թե ինչ-որ մտադրությունների մասին փաստաթուղթ, ամեն դեպքում մենք դեռեւս շատ հեռու ենք իրական խաղաղությունից։ Ադրբեջանը նաեւ մտադիր է ժամանակ շահել հասկանալու համար՝ եթե ՀՀ-ն իր բոլոր պահանջներին զիջի, ինքն արդյոք կարո՞ղ է դիմել ավելի կոշտ մեթոդների, թե՝ ոչ. այսինքն՝ իր առջեւ կանաչ լույս կվառեն ուժային բեւեռները, թե՝ ոչ։ Հաշվի առնելով Ադրբեջանի եւ ՌԴ-ի միջեւ լարվածության աճը, այն, որ Իրանի դիրքերը թուլացել են 12-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանը ոչ միայն ճնշումներն է ավելի մեծացրել, այլեւ հնարավորության դեպքում ճնշումների միջոցով իր նպատակներին հասնելու վճռականություն է ցուցաբերում»։

Արմեն Բաղդասարյանին հիշեցրինք Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ «կրկին վերահաստատում ենք՝ այն նույն պայմաններով, ինչ Իրանի Իսլամական Հանրապետությունն է այդ անցումը տրամադրում՝ նույն պայմաններով նաեւ մենք ենք պատրաստ անել» եւ փոխանցեցինք ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանի հարցադրումները. «Իրանը ե՞րբ է արտապատվիրակել իր տարածքի վերահսկողությունը որեւէ երրորդ կողմի։ Մաքսային հսկողություն է սահմանել, ադրբեջանական կողմն էլ խելոք ենթարկվում է դրան։ Արդյոք, եթե խոսում ենք ապաշրջափակումից, ուրեմն ՀՀ-ն Ադրբեջանի տարածքից օգտվելու է երրորդ կողմին արտապատվիրակած մաքսային ստուգումներո՞վ, թե՞ Ադրբեջանը ոչ մի երրորդ կողմի ներկայություն թույլ չի տալու։ Միջանցք տալը պոզով պոչո՞վ է լինում, թե խնդիրն այն էր, թե քո երկրի տարածքը կոնկրետ ո՞ր երրորդ կողմին վերահսկման կհանձնես…Կամ տալիս ես միջանցք, կամ չես տալիս։ Մի անհարմար հարց էլ՝ «կարմիր գիծ» հռչակված դրույթը քանի՞ անգամ կարող է փոփոխվել դեղին ու կանաչ դառնալու համար…»։

Արմեն Բաղդասարյանը նկատեց. «Եթե խոսում ենք ապաշրջափակման մասին, ապա դա կարող է անել նա, ով շրջափակել է։ Ադրբեջանն է ՀՀ-ն շրջափակել, հետեւաբար ինքը կարող է ապաշրջափակել. դա մեր ցանկությունով չէ։ Ինչ վերաբերում է ճանապարհի վերահսկողությանը, ապա խնդիրն այն չէ, թե ով կվերահսկի, այլ այն, որ այդ ճանապարհի՝ ՀՀ-ով եւ Ադրբեջանով անցնող հատվածը պետք է ունենա նույն իրավական ռեժիմը եւ կարգավորումները։ Հակառակ դեպքում, եթե Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհն Ադրբեջանը վերահսկի, ՀՀ-ի տարածքով անցնողը վերահսկի որեւէ միջազգային կազմակերպություն, այդ դեպքում կստացվի, որ Ադրբեջանն այդ ճանապարհից կարողանալու է օգտվել, իսկ մենք Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհներից չենք կարողանալու օգտվել։ Այդ հարցը մնում է բաց, որովհետեւ ուզում եք՝ անունը դրեք ճանապարհ, միջանցք, միջին միջանցք, խաղաղության խաչմերուկ, դրա ամբողջ երկայնքով պետք է գործի նույն իրավական ռեժիմը՝ հակառակ դեպքում ՀՀ-ն դրանից չի կարողանալու օգտվել, Թուրքիան ու Ադրբեջանը կարողանալու են օգտվել»։

Ըստ քաղաքական մեկնաբանի՝ Աբու Դաբիում բանակցությունների ելքով այս բոլոր հարցերի պատասխանները չենք ստանում. համենայնդեպս, հրապարակավ չենք ստանում. «Ես չգիտեմ՝ իրենք այնտեղ ինչ են պայմանավորվել կամ ընդհանրապես որեւէ բան պայմանավորվել են, թե՝ ոչ։ Առաջ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ հենց որեւէ փաստաթուղթ լինի դրված սեղանին, ես ժողովրդին կասեմ այդ մասին, հետո պարզվեց, որ այդ փաստաթուղթն արդեն մի քանի ամիս է կա, խաղաղության համաձայնագրի տեքստը պատրաստ է, բայց մինչեւ հիմա որեւէ մեկը որեւէ պատկերացում չունի, թե ինչ է այնտեղ գրված։ Եվ ես չեմ զարմանա, եթե նույն տրամաբանությամբ Աբու Դաբիում նույնիսկ լուրջ պայմանավորվածություններ ձեռք բերված լինեն, բայց մենք այդ մասին տեղեկանանք միայն վերջին պահին»։

Մեր դիտարկմանը՝ երբ նայում ենք Աբու Դաբիում Փաշինյան-Ալիեւ հանդիպման հետ կապված արձագանքներին ադրբեջանական աղբյուրներում եւ փորձագիական համայնքի շրջանում, նկատում ենք օգեւորություն՝ հատկապես այն հանգամանքի հետ կապված, որ բանակցություններն ընթանում են երկկողմ ձեւաչափով եւ հարցին՝ այս ոգեւորությունը կապված է նրա հետ, որ Ադրբեջանն իրականում հենց դրա՞ն էր ձգտում, Արմեն Բաղդասարյանը պատասխանեց. «Նրանց համար ցանկալի է, որ բանակցությունները լինեն երկկողմ՝ առանց միջնորդի։ Ադրբեջանը ՀՀ-ից կոնկրետ պահանջներ ու նպատակներ ունի։ Ադրբեջանի համար միեւնույն է՝ ինչ ձեւով կհասնեն այդ նպատակների իրականացմանը։ Իհարկե, նրանց համար ավելի լավ կլինի, եթե դրանց հասնեն խաղաղ ճանապարհով՝ այսինքն՝ ՀՀ-ի կողմից զիջումների ճանապարհով։ Երբ ուղիղ եւ երկկողմ բանակցություններ են, շատ ավելի հեշտ է ճնշում գործադրել հայկական կողմի վրա եւ իրենց ուզածը ստանալ առանց կռվի եւ առանց միջազգային ատյաններում միջազգային նորմերի ոտնահարման, առանց միջազգային աղմուկի։ Այն, ինչ պահանջում է Ադրբեջանը, շատ դեպքերում հակասում է միջազգային նորմերին, բայց ուղիղ բանակցություններում, եթե ՀՀ-ն չի առարկում, միջազգային ատյանները չեն կարող այդ հարցը բարձրացնել Ադրբեջանի առաջ։ Սա է պատճառը, որ իրենք պահանջում են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում եւ որ բանակցություններն ընթանան երկկողմ՝ առանց որեւէ միջնորդի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.07.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031