Լրահոս
Օրվա լրահոսը

Զանգահարել են արտերկրում գտնվող անձանց, հասանելիություն ստացել նրանց հաշիվներին. հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետբյուջե

Հուլիս 14,2025 11:14

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի բիզնես կենտրոններից մեկի գրասենյակային նշանակության տարածքում մի խումբ անձինք իրականացրել են համացանցային զանգեր օտարերկրյա պետություններում գտնվող անձանց և շահութաբեր ներդրում կատարելու պատրվակով օգտագործելով իրենց կողմից կառավարվող կեղծ ներդրումային հարթակները՝ համակարգչային տարբեր ծրագրային ապահովումների, ցանցի կիրառմամբ հեռահար հասանելիություն են ստացել հիմնականում եվրոպական պետություններում բնակվող անձանց տարբեր հաշիվներին, բանկային հաշվեհամարներին և խնայողություններին, որոնցում ոչ օրինական հիմքով կատարել են փոփոխություններ:

Մասնավորապես՝  բանկային քարտերը կցել են տարբեր վիրտուալ՝ իրենց կողմից կառավարվող հարթակներին, ինչպես նաև դրանցում կատարել առկա տարբեր արժույթների, կրիպտոհաշիվների փոփոխություններ և փոխանցումներ՝ հափշտակելով առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցները:

Կատարված հափշտակություններից հետո հանցավոր կազմակերպության անդամները ֆինանսական միջոցները փոխանցել են բազմաթիվ կրիպտոդրամապանակների և ՀՀ-ում գործող տարբեր կրիպտոարժույթների փոխակերպման կետեր փոխանցելով՝ կանխիկացրել են: Այնուհետև, կանխիկացված գումարն օգտագործել են հանցավոր կազմակերպության մեջ ներգրավված անձանց արտարժույթի տեսքով կանխիկ գումարներ բաժանելով, տարածքի վարձավճարներ հատկացնելով, ինչպես նաև այլ նպատակներով:

Նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը)։

Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031