Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը նստացույցը շարունակում է ՀՀ կառավարության շենքի մոտ։ Այսօր արցախցիները նաեւ բողոքի ցույց են անցկացնում կառավարության շենքի մոտ։ ՛
Խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղափոխվել են կառավարության շենքի մոտ, քանի որ իրենց հիմնական պահանջներն ուղղված են ՀՀ կառավարությանը։ «Մենք արդեն երկու օր է՝ ինչ Ազատության հրապարակում իրականացնում էինք մեր նստացույցը, ցավոք սրտի, ոչ մի արձագանք չկար, դրա համար որոշեցինք տեղափոխվել այստեղ։ Եվ այսօր մենք այստեղից հնչեցնելու ենք մեր պահանջները, մեր հետագա քայլերի ու մարտավարության մասին ենք խոսելու։ Խոսելու ենք այն ամենի մասին, ինչ կատարվեց, քանի որ սոցիալական ցանցերում փորձում են վարկաբեկել խորհրդի աշխատանքը՝ կապելով այս կամ այն մարդու հետ, ասում են, թե քիչ մարդ է եկել, պատճառն այս մեկն էր, այն մեկն էր»,- ասաց Արտակ Մկրտչյանը։
Նա նշեց, որ անկախ ամեն ինչից շարունակելու ենք իրենց պայքարը, մինչեւ չստանան պատասխան, չտեսնեն այն քայլերի հերթականությունը, որով պետք է առաջ շարժվել։ Նա նշեց, որ բանակցությունների փուլն անցել են, կառավարությունից կոնկրետ այսօր պահանջում են կանխել արցախցիների արտագաղթն ու քայլեր անել, որ մարդիկ դրսում չմնան։
Արտակ Մկրտչյանն ասաց, որ նստացույցի ժամանակ իրենց են միացել արցախցիներ, ովքեր ներկայացրել են, որ բնակարանի վարձավճարը չվճարելու պատճառով մնացել են դրսում։ Ըստ Մկրտչյանի՝ այն, որ արցախցիների բնակապահովման ծագրով պարտադիր պայման է ՀՀ քաղաքացիության ստացումը, դա լուրջ խնդիրներ է ստեղծել, քանի որ արցախցիները չեն կարողանում ՀՀ քաղաքացիություն ստանալ՝ ծննդականի ու այլ փաստաթղթերի խնդիր ունեն։ Տեղեկություններ կան, որ մարդկանցից ծննդականների եւ այլ փաստաթղթերի վերականգնելու համար 200-250 հազար դրամ են պահանջում։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Արցախցի հասարակական գործիչ Անաստաս Իսրայելյանն էլ ասաց, որ այս բողոքի ցույցերը շարունակվելու են այնքան ժամանակ, մինչեւ իրենց հարցերի պատասխանները չստանան։ «Կառավարության ներկայացուցիչների կողմից իրոք պետք է լուրջ դիրքորոշում ներկայացվի, էս տեղահանված, ցեղասպանությունից փրկված ժողովրդին պետք է տեր կանգնեն։ էսօրվա իրավիճակում ամեն ինչից տուժում է ժողովուրդը, էս ժողովուրդն ուզում է ապրել Հայաստանում։ Էս ժողովրդի պահանջը դա է՝ արեք ամեն ինչ, որ մենք ապրենք մայր Հայաստանում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենց պատճառով է այս ժողովուրդը հայտնվել այս իրավիճակում, այսօրվա պատասխանատուն իրենք են, դրա համար այսօր մենք պահանջում ենք իրենցից։ Այս պահանջները ոչ թե մենք հնարում ենք, էս ժողովրդին թող տան հնարավորություն, այդ հնարավորության հիման վրա ոչ մի մարդ բողոքի դուրս չի գա։ Ես չեմ հասկանում՝ երկու տարվա մեջ իրո՞ք չեն տիրապետում իրավիճակին, իրո՞ք չեն հասկանում՝ էս ժողովուրդը, որը տկլոր մի ձեւի տեղահանվելով, ցեղասպանությունից փրկվելով՝ եկել հասել է այստեղ, պետք է տեր կանգնեն, որ այստեղ ապրեն։ Այստեղ ի՞նչ օրենքի խախտում կա։ Ինչ իրավունքի խախտում եղել է, բոլորը ձեր կողմից է եղել։ Մենք այստեղ պահանջում ենք, որ գոնե մայր Հայաստանում մեզ տան էն հնարավորությունը, որ ժողովուրդն այստեղ զարգանան, ապրեն, մնան։ Մեր նպատակն արտագաղթը կանգնեցնելն է, չեզոքացնելն է, բա ձեր նպատակն ի՞նչ է, դուք էլ կառուցողական ցույց տվեք, որ դուք էլ եք կողմնակից։ Արցախը մայր Հայաստանի մի մասն է եղել, մի մասից տեղահանվել ենք մի ուրիշ մաս։ Այս պարագայում կառավարությունն այլընտրանք չունի, պիտի գնա խնդիրների լուծմանը, սա ոչ թե բողոք է, այլ պահանջ է։ Գոնե մեղմացրեք ձեր մեղքերը, մի քիչ էս մարդկանց տեր կանգնեք»,- նշեց Անաստաս Իսրայելյանը։
Անդրադառնալով իշխանության կողմից հնարավոր ճնշումների մասին հարցին, Անաստաս Իսրայելյանն ասաց․ «30 տարի արցախցին եղել է առաջնագծում, թե պատերազմել է, թե հողը պահել է հայկական։ Ամենավերին աստիճանի վախն արցախցու մեջ արդեն անցել գնացել է, ճնշելով, վախեցնելով հարցի լուծումը դրա մեջ չէ։ Հարցի լուծումը ճնշելու մեջ չէ, հարցի լուծումը ձերբակալելու մեջ չէ, հարցի լուծումը բանակցելով՝ լուծում գտնելն է։ Մենք այստեղ հակապետական ոչ մի բան չենք անում, մեր այստեղ ապրելու իրավունքն ենք պաշտպանում, մինչեւ կգան բարենպաստ ժամանակներ, որ կարողանանք մեր վերադարձը հայկական Արցախ ապահովել։ Վստահությունս ինչո՞ւմ է, որ դա լինելու է, որովհետեւ ուժի կիրառմամբ հարցը չի լուծվել միջազգային հարթակներում տեսնում են, որ հարցն ուժի կիրառումով է լուծվել, բայց ուժի կիրառումով էդ հարցը չի լուծվելու, կսպասենք բարենպաստ ժամանակներին, կունենանք հզոր Հայաստան, նորմալ ղեկավարություն ու դիվանագիտություն, որ կարողանան միջազգային հարթակներում հիմնավորված ներկայացնել մեր հարցը, դա իրենց որոշումը չէ, դա ազգային հարց է, վաղը չլինի, մյուս օրը լինի, այդ հարցը պետք է թողնենք թարմ օրակարգի մեջ»,- ասաց Իսրայելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կառավարության ներկայացուցիչն իջավ ու արցախցիներին առաջարկեց 4-5 հոգանոց խումբ կազմել եւ գնալ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի մոտ հանդիպման։
Մանրամասները՝ տեսանյութում
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ասաց, որ միշտ պատրաստակամ գնացել են, բայց մեկ է, հարցը չի լուծվում։ «Հիմա, եթե նորից բարձրացանք, նույն բանն ասացին, ի՞նչ օգուտ տվեցինք։ Ցանկալի է, որ համապատասխան անձն իջնի այստեղ, ժողովուրդը, որը մնում է դրսում, էդ ժողովրդին եւ լրագրողների հարցերին պատասխանեն»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Արցախցիները հրատապ պահանջագիր ներկայացրեցին կառավարությանը՝ այն ընթերցելով կառավարության շենքի մոտ։
Մանրամասները՝ տեսանյութում
Այնուհետեւ քննարկում ծավալվեց, խորհրդի անդամ Ապրես Մարգարյանն ասաց, որ որոշել են բարձրանալ կառավարություն, իրենց ասել են, որ ունեն իրենց հարցերի պատասխանները։
«Բարձրանում ենք, որեւէ քննարկում չկա, մենք կոնկրետ հարցերի վերաբերյալ պատասխան ենք ակնկալում։ Գնում ենք ուղղակի լսենք պատասխանները»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ