Լրահոս
Օրվա լրահոսը

Վատ չէր լինի, եթե ի վերջո հասկանայիք, որ իրավասու չեք, մեզ կոչել մեր աշխարհական անուններով։ Այդ իրավասությամբ ձեզ ոչ ոք չի օժտել. Սերովբէ Եպս. Իսախանեան

Հուլիս 14,2025 12:18

Սերովբէ Եպիսկոպոս Իսախանեանի ֆեյսբուքյան գրառումը

«Ընկեր կամ պարոն աբեղա»

ՀՀ վարչապետի եւ իր կուսակից պաշտոնատար այլ անձանց կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ այլ հոգեւորականների իրենց աշխարհիկ անուններով դիմելու մերժելի դիտավորությանն ի տես, կրկին վերհիշեցի դեռեւս խորհրդային տարիների գորիսյան իմ հովվական օրերից մի հին ու բարի պատմություն։

1988-ի օգոստոսին երջանկահիշատակ Վազգեն Ա Վեհափառ Հայրապետն ինձ նշանակեց Տաթեւի վանքի այցելու հոգեւորական եւ տնօրինեց, որ ես ամեն շաբաթավերջին մեկնեի Տաթեւի վանք եւ շաբաթ-կիրակի օրերն անցկացնեի այնտեղ՝ հոգալու Տաթեւի վանք այցելող հավատացյալների ու ուխտավորների հոգեւոր կարիքները։

Որոշ ժամանակ անց Վազգեն Վեհափառն ինձ նշանակեց Տաթեւի վանքի վանահայր, եւ ես մշտապես այլեւս տեղափոխվեցի Տաթեւ։ Սկզբում ապրում էի հարեւան Տաթեւ գյուղում` գյուղացիներից մեկի տանը, ապա տեղափոխվեցի Գորիս։ Հետո ստեղծվեց Սյունյաց Թեմը, ես նշանակվեցի փոխառաջնորդ եւ, որոշ ընդհատումներով, այնտեղ մնացի մինչեւ 1991 թ․ կեսերը։ Բայց գրելիքս այս մասին չէ։

Տաթեւի վանքի այցելու հոգեւորական նշանակելիս Վեհափառն ինձ պատվիրեց նախապես ժամադրվել եւ քաղաքավարական այցելության գնալ Գորիսի շրջանային եւ քաղաքային իշխանություններին եւ ընդհանրապես փորձել քաղաքավարական լավ հարաբերություններ հաստատել եւ պահպանել նրանց հետ։ Ինչն էլ ես բնականաբար արեցի։

Ուրեմն՝ նշանակումիցս մոտ մի ամիս հետո, կարծում եմ, 1988-ի սեպտեմբերյան կամ հոկտեմբերյան մի օր, նախապես պայմանավորված լինելով գնացի քաղսովետի շենք։ Գորիսի քաղսովետի գործկոմի նախագահն ընկեր (տիկին) Բուդաղյանն էր։ Ընդունարանում սպասում եմ, որոշ ժամանակ անց նա դուռը բացեց եւ ինձ դիմելով ասաց՝ «Բարի եկաք, ընկեր աբեղա», եւ հրավիրեց ներս։ Ես աննկատելի քմծիծաղ տվեցի եւ ներս անցա իր աշխատասենյակ։ Հաճելի զրույց տեղի ունեցավ։ Տիկին Բուդաղյանը հաճելի զրուցակից էր։ Մենք հետո բազմաթիվ անգամներ հանդիպեցինք, քանի դեռ ինքն այդ պաշտոնին էր։ Հրաժեշտ առնելիս կամացուկ եւ շշուկով, առանց որ որեւէ մեկը նկատի, ընկեր Բուդաղյանին ասացի, որ հոգեւորականներին ընկերով չեն դիմում եւ հրաժեշտ առա։

Մեկ կամ երկու ամիս անց ինչ-որ գործով դարձյալ այցելեցի ընկեր Բուդաղյանին։ Դարձյալ ընդունարանում եմ, եւ կրկին դուռը բացվեց, եւ նա դիմելով ինձ ասաց․ «Բարի եք եկել, պարոն աբեղա», եւ հրավիրեց ներս։ Նորից զրույցի բռնվեցինք եւ հրաժեշտ առնելուց առաջ, երբ սենյակում առանձին էինք, ժպիտը դեմքիս ասացի՝ ընկեր Բուդաղյան, հոգեւորականներին պարոնով էլ չեն դիմում։ Ընկեր Բուդաղյանն էլ ինձ՝ բա ձեզ ինչպե՞ս են դիմում։ Ես էլ պատասխանեցի՝ «տեր հայր», «հայր սուրբ» կամ «սրբազան հայր»` կարճ բացատրելով յուրաքանչյուրի դիրքն ու տեղը Եկեղեցում։

Ընկեր Բուդաղյանը, որ բնականաբար կոմունիստ էր եւ այդ կուսակցության անդամ, հավանության նշան տվեց եւ այդուհետ ինձ կամ ուրիշ հոգեւորականների դիմում էր իմ նշած ձեւով։

Ինչո՞ւ հիմա հիշեցի այս պատմությունը. Ժամանակին կոմունիստ կուսակցականը չգիտեր դիմելաձեւը, չգիտեմ, գուցե հավատացյալ էլ չէր, բայց վստահաբար հարգանք ուներ Հայ Եկեղեցու կոչումների նկատմամբ, եւ սկսեց կիրառել ճիշտ դիմելաձեւերը։ Հարգանք իրեն։

ՀՀ ներկա պաշտոնատար անձանց մեծ մասը` իմանալով հանդերձ հոգեւորականների տիտղոսներն ու ճիշտ դիմելաձեւերը, ձայնակցում են իրենց ղեկավարի օգտագործած ոչ ընդունելի բառապաշարին եւ բարձրաստիճան հոգեւորականներին դիմում են իրենց աշխարհական անուններով։ Հավանաբար իրենց թվում է, թե դրանով նսեմացնում են տվյալ հոգեւորականին։ Սիրելի ՔՊ-ականներ, այնպես չի, որ մենք մոռացել ենք մեր նախկին աշխարհական անունները կամ անհարմար ենք զգում մեր նախկին անուններից։ Այդ անունները մեզ տվել են մեր մարմնավոր ծնողները։ Մենք աշխարհ ենք եկել կամ մկրտվել այդ անուններով։ Նրանք մեզ շատ հարազատ են։ Սակայն Եկեղեցին` մեր հոգեւոր ծնողը, մեզ մեր ձեռնադրութեան եւ օծման ժամանակ, օժտել է նոր անուններով, եւ մենք սիրով ու պատվով ենք կրում այդ նոր անուններն ու կոչումները։ Եւ դուք, վատ չէր լինի, եթե ի վերջո հասկանայիք, որ իրավասու չեք, մեզ կոչել մեր աշխարհական անուններով։ Այդ իրավասությամբ ձեզ ոչ ոք չի օժտել։ Իսկ, եթե առանց իրավասու լինելու, այնուհանդերձ ձեզ թույլ եք տալիս մեզ այդպես կոչել, դա մեզ ո՜չ ցածրացնում է, ո՜չ էլ նսեմացնում, այլ, ինչպես արդեն նախապես էլ գրել եմ, ի ցույց է դնում ձեր (ան)դաստիարակության մակարդակը։ Մնացածը ձեր գիտենալիքն է։ Աստված օրհնի ձեզ։

Սերովբէ Եպս. Իսախանեան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031