Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչական ղեկավարի կեղծ տեղեկանքների հիման վրա ազատվել են վարժական հավաքներից. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

Հուլիս 14,2025 12:42

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարը, 2025 թվականի մարտի 18-ից ապրիլի 11-ը ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող 25-օրյա վարժական հավաքներից իր ազգականին ազատելու դիտավորությամբ, նշված ժամանակահատվածում վերջինիս՝ ՀՀ-ում գտնվելու պայմաններում, 2025 թվականի փետրվարի 11-ի թվագրմամբ ստորագրել և իր կնիքով հաստատել է կեղծ բովանդակությամբ տեղեկանք այն մասին, թե իբր նշված անձը բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում: Այնուհետև վարչական ղեկավարը հիշյալ տեղեկանքը տրամադրել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարիատի աշխատակցին՝ այն դնելով պաշտոնական շրջանառության մեջ, որի արդյունքում ՀՀ զինապարտ քաղաքացին ազատվել է վարժական հավաքին մասնակցելուց:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ վարչական ղեկավարը ստորագրել և Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարիատ է տրամադրել 2025 թվականի փետրվարի 11-ի թվագրմամբ կազմված ևս մեկ կեղծ տեղեկանք ՀՀ զինապարտ քաղաքացու համար՝ դարձյալ նշելով, որ վերջինս իբր բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, որի արդյունքում նշված անձը նույնպես չի մասնակցել 25-օրյա վարժական հավաքին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար վարչական ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Վարչական ղեկավարի կողմից 2025 թվականի փետրվարի 11-ին տրամադրված տեղեկանքների հիմքով վերը նշված երկու անձինք չեն մասնակցել 2025 թվականի մարտի 18-ից ապրիլի 11-ը ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող 25-օրյա վարժական հավաքներին, որի փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 46-462-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) նախաձեռնվել է քրեական վարույթ և ուղարկվել ըստ քննչական ենթակայության։

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031