Ազգային–ժողովրդավարական բևեռի խորհրդի հայտարարությունը Հայաստանի տարածքով այսպես կոչված արտատարածքային միջանցքի հնարավորության վերաբերյալ
Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը ինչպես նախկինում, այնպես և այսօր դատապարտում է 2020-2023թթ․-ի Հայաստանի դեմ ռուս-թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում և դրա հետևանք հանդիսացող նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված Հայաստանի տարածքով ՀՀ-ը ինքնիշխանությունը ոտնահարող հաղորդակցությունների բացման ծրագիրը։
Միաժամանակ Բևեռի խորհուրդը հայտարարում է, որ մեր տարածաշրջանում հաղորդակցությունների բացումն ու ժողովուրդների իրական և ոչ ձևական խաղաղ համակեցությունը ամբողջ հայ ժողովրդի ցանկությունն է և նպատակը։
Նման իրական խաղաղության հնարավոր է հասնել բացառապես կողմերի փոխադարձ բարի կամքի դրսևորման և մի շարք պայմանների առկայությամբ․
Կարդացեք նաև
- Ադրբեջանի կողմից Արցախի հայության էթնիկ զտման փաստի ճանաչում եւ միջազգային խաղաղապահների հսկողության ներքո նրանց իրենց հայրենի բնօրրան վերադարձի իրավունքի իրացում
- Հակամարտության ընթացքում գերի ընկած հայերի վերադարձ
- Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերից օկուպացված տարածքների վերադարձ
- Նախիջևանով անցնող և Հայաստանն ու Իրանը միմյանց կապող ենթակառուցվածքների փոխադարձաբար ապաշրջափակում
Այսօրվա իրականությունը չի վկայում փոխադարձ վստահության համար անհրաժեշտ մթնոլորտի ստեղծման մասին։
Ագրեսոր կողմը՝ խախտելով միջազգային իրավունքն ու հակամարտության խաղաղ լուծման իր ստանձնած պարտավորությունը, էթնիկ զտման է ենթարկել Արցախի հայությանը եւ շարունակում է հայկական քրիստոնեական ժառանգության մի կողմից ավերումը եւ մյուս կողմից յուրացումը ։ Ադրբեջանը օր օրի Հայաստանի մնացած հատվածների նկատմամբ անթաքույց հավակնություններ է ցուցադրում և ավելին պահանջում է Հայաստանի սահմանադրության փոփոխություն, հայ ժողովրդի խորհրդանիշների վերացում և հայոց պատմության վերաշարադրում։
Նման մթնոլորտում որևէ «խաղաղության» կնքումը ձևական է լինելու, իսկ որևէ ենթակառուցվածքի գործարկումը դառնալու է Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի շարունակականության նոր առիթ։
Ազգային – ժողովրդավարական Բեւեռի խորհուրդ