Լրահոս
Օրվա լրահոսը

40 հազարական դրամ աջակցությունը չի շարունակվի, արցախցիները դժգոհ են․ կառավարությունում ավարտվեց հանդիպումը

Հուլիս 14,2025 13:46

Կառավարությունում ավարտվեց արցախցիների ներկայացուցիչների հետ հանդիպումը։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ասաց, որ բնակվարձի աջակցության ծրագիրը, այն է՝ 40 հազարական դրամ աջակցությունը չի շարունակվի։ «Այնտեղ նշվեց, որ կառուցողական են տրամադրված առաջարկներ ստանալու, ինչ-որ բարելավումների վերաբերյալ, բայց դե ես իմ անձնական փորձից ելնելով՝ կարող եմ հետեւյալն ասել, որ անիմաստ է»,- նշեց նա։

Գեղամ  Ստեփանյանն ասաց, որ հանդիպել են փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի հետ։ «Ըստ էության պատասխանը սա էր, բայց ես նկատեցի, որ իրենք անընդհատ ուզում են, որ դա այդպես կոշտ չհնչի, այլ հնչի, որ պատրաստ են կառուցողական քննարկումների»,- նշեց նա։

«Բոլոր քննարկումների ժամանակ էլ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իրենք ամեն ինչ գիտեն, այսինքն՝ տիրապետում են բոլոր խնդիրներին, եւ մեր բարձրացրած խնդիրներն իրականությանը չեն համապատասխանում։ Բայց թե ինչի համար են հազարավոր, տասնյակ հազարավոր արցախցիներ ամեն օր սոցիալական ցանցերում իրենց դժգոհությունն ու բողոքն արտահայտում, այդ հարցի պատասխանը չունեն։ Այսինքն՝ կամ այլ մոլորակում ենք ապրում, զուգահեռ իրականությունում ենք ապրում, որ չեն տեսնում, որ մարդիկ իսկապես ծանր իրավիճակում են»,- նշեց Ստեփանյանը։

Նա ասաց, որ ժամանակ է պետք, որպեսզի բնակապահովման ծրագրի շրջանակներում ձեռք բերված հավաստագիրը մարդիկ կարողանան իրացնել։ «Օրինակ՝ այս պահի դրությամբ 1900 սերտիֆիկատ կա տրամադրված, որից 300-400-ն է իրացվել։ Ժամանակ է պետք, որ մարդիկ գնան գտնեն այն բնակավայրը, որտեղ ամբողջ կյանքում պետք է ապրեն։ Շատ պարզ հարց ենք տալիս եւ ստանում ենք նույն դակված պատասխանը։ Այդ պատասխանն այն է, որ՝ մենք չենք դադարեցրել բնակվարձի ծրագիրը, դա գործում է միայն այս-այս խմբերի համար։ Այսինքն՝ 50 հազար մարդու զրկել են աջակցությունից, բայց իրենք գտնում են, որ չեն դադարեցրել ծրագիրը»,- նշեց Արցախի ՄԻՊ-ը։

Նա հավելեց, որ քննարկել են նաեւ փոքր կազմով ընտանիքների հարցը, կառավարությունում առաջարկում են այդ ընտանիքներին աջակցության հետեւյալ տարբերակը՝ եթե երկու հոգին 6 մլն դրամ պետք է ստանային հավաստագրով, առաջարկում են այդ 6 մլն-ի չափով նրանց բնակվարձի գումար տալ երկարաժամկետ։ Կառավարությունում ասել են, որ այս տարբերակը դեռ քննարկում են, կոնսենսուս չունեն։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031