«Երկու տարբեր գործընթացների մասին է խոսքը: Մեկը վերաբերվում է կոնկրետ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը լուծարելուն, որի աշխատակիցները ազատվել են աշխատանքից, եւ որտեղ իրավական տեսանկյունից կա խնդիր. ժամկետները չեն պահվել՝ մարդկանց 2 օր առաջ են տեղեկացրել, որ ազատվում են աշխատանքից, ինչպես նաեւ անհիմն կերպով է ազատումը տեղի ունեցել:
ԵՊՀ-ն մեկնաբանում է, որ կա դատական ակտ, որով պարտավոր են այդ ազատումն իրականացնել, բայց ես իմ ֆեյսբուքյան գրառման մեջ նկարագրել, եմ, որ դա 2019թ սկսված գործընթաց է, իսկ, օրինակ, ես աշխատանքի եմ անցել դրանից հետո, հաստիքը ստեղծվել է 2023-ին: Այսինքն, նոր ստեղծված հաստիքի համար չէին կարող 2019թ որոշումը հիմք ընդունել եւ ազատել:
Նաեւ ծանուցման ձեւի մասին եմ ուզում խոսել: Իրենք հղում են տվել Աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածին, որը ասում է, որ 2 ամիս առաջ պետք է ծանուցեին, բայց ծանուցել են 2 օր առաջ: Փաստացի կենտրոնը 11 աշխատակիցներով այդ սկզբունքով է լուծարվել»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախկին փոխտնօրեն Խաչիկ Աբաջյանը, որը նաեւ գրառում էր կատարել ֆեյսբուքի իր էջում՝ ԵՊՀ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ:
«Մյուս գործընթացը կապված է Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի հետ: Իրենք պարտավոր էին ժամկետը լրանալուց 2 ամիս առաջ հայտարարել մրցույթ, մինչդեռ պատահական տեսնում ենք, որ օգոստոսի 28-ին մրցույթ են նշանակել: Բացի դրանից, համալսարանում վերջին 1,5 տարվա ընթացքում 10-ից ավել դեկաններ են ընտրվել, որեւէ մեկին ծանուցում չեն ուղարկել, որ ինքն աշխատանքից ազատված է»,-նշեց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ իր կարծիքով ի՞նչ է այս ամենի հիմքում, Խաչիկ Աբաջյանն այսպես արձագանքեց. «Ես ակնհայտ տեսնում եմ դրսից ուղղորդում, ճնշում, որ պետք է այսինչ մարդիկ ազատվեն, որովհետեւ մարդիկ իրենց կարծիքը պարբերաբար արտահայտում են: Օրինակ, վերջերս, երբ Նիկոլ Փաշինյանը եկել էր համալսարան իր «Կրթվելը նորաձեւ է» արշավի շրջանակում, ես եւս իմ կարծիքը եւ դժգոհությունն արտահայտել եմ այդ մասին: Բացի դրանից, սրբազան հոր նկատմամբ էլ ճնշումը տեղավորվում է վերջին շրջանում հակաեկեղեցական արշավի շրջանակներում: Դրան զուգահեռ` ինքը վերջերս նաեւ հանրահավաքի էր մասնակցում, առաջին շարքերում էր, հավանաբար իր հետ կապված ճնշումները դրանով են պայմանավորված»,-հայտնեց Աբաջյանը:

Ձախից երկրորդը՝ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Սամվել Կարապետյանի եղբոր՝ Կարեն Կարապետյանի հետ երթի առաջին շարքում
Ի պատասխան մեր դիտարկմանը, որ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շատ լավ հարաբերություններ ուներ սրբազանի հետ, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախկին փոխտնօրենը պատասխանեց, որ իր տպավորությամբ եւս նրանց միջեւ նորմալ հարաբերություններ են եղել. «Հովհաննես Հովհաննիսյանը մինչեւ ռեկտոր դառնալը Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս էր, եւ մոտ 20 տարի աշխատում է սրբազանի ղեկավարած ֆակուլտետում որպես դասախոս: Ես ԵՊՀ տարբեր կառավարման մարմինների անդամ եմ եղել, եւ տեսել եմ, որ ռեկտորը մեկ անգամ չէ, որ նիստերի ժամանակ շնորհակալություն է հայտնել սրբազանին՝ իր ջանքերի, կապերի, այս կամ այն ներդրումները համալսարան բերելու, տարբեր համալսարանների հետ համագործակցություն հաստատելու համար: Այսինքն, երբ խոսել է, խոսել է խորը հարգանքով, շնորհակալական խոսքերով, ակնածանքով, ու հիմա չգիտեմ,թե ինչ է փոխվել, որ նման քայլեր են իրականացվում: Նորից եմ կրկնում, ենթադրաբար կան ճնշումներ, որոնց իրենք ենթարկվում են»:
Անդրադարձանք նաեւ վերջին օրերին ԵՊՀ կայքի միջոցով շրջանառված ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դասախոս Աշոտ Ներսիսյանի այն թեզին, որով նսեմացվում է Մեսրոպ Մաշտոցի եւ Հայոց եկեղեցու դերակատարությունը Հայոց գրերի ստեղծման գործում: Խաչիկ Աբաջյանն ասաց, որ ծանոթ չէ այդ աշխատանքի բովանդակությունը, բայց չի զարմանում՝ տեսնելով, թե իր ձեւակերպմամբ ինչպիսի սրբապիղծ արշավ է իրականացվում եկեղեցու դեմ, եւ դա արվում է բոլոր ինստիտուտներով: «Եթե ԵՊՀ-ում էլ կան մարդիկ, որոնք գիտակցաբար մտել են դրա տակ եւ նպաստում են դրան, ուրեմն զարմանալի չէ»,-ասաց նա: Ի դեպ, Աշոտ Ներսիսյանի որդին՝ Արշակ Ներսիսյանը ԵՊՀ գնումների կազմակերպման վարչության պետն է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հ.Գ. Aravot.am-ը մեկնաբանության համար քանիցս փորձեց կապվել Աստվածաբանության ֆակուլտետի՝ արդեն ազատված դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի հետ, սակայն սրբազանը մեր հեռախոսազանգերն անպատասխան էր թողում, եւ անընդհատ միանում էր ինքնապատասխանիչը: