Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձ է արվում նվազագույնի հասցնել հայ եկեղեցու եւ Մեսրոպ Մաշտոցի դերը. Հնագետը՝ ԵՊՀ դասախոսի մասին

Հուլիս 14,2025 16:41

Հնագետ, ուրարտագետ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանն օրերս ֆեյսբուքի իր էջում անդրադարձել էր ԵՊՀ կայքում զետեղված մի նյութի, որտեղ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դասախոս, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը պատմում էր Նախամաշտոցյան Հայաստանի գրերի վարկածի վերաբերյալ իր ուսումնասիրությունների մասին: Ըստ Աշոտ Ներսիսյանի, քրիստոնեության ընդունման ժամանակաշրջանում, երբ հեթանոսական մշակույթն ավերվում էր, Աքաստոս անունով հայ քուրմերից մեկը Հայաստանից հեռացրել է նախամաշտոցյան գրերի մի օրինակ:

Միքայել Բադալյանը Աշոտ Ներսիսյանի եզրահանգումը որակել էր խիստ համարձակ է, բայց ոչ փաստարկված, արված՝ անձնական ենթադրության հիման վրա: Բադալյանի գրառմանը հետեւել էր Աշոտ Ներսիսյանի արձագանքը, ինչին ի պատասխան հնագետը նրան հրավիրել էր հեռուստաբանավեճի:

 Aravot.am-ը Միքայել Բադալյանից թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց, հարցրինք՝ որքանո՞վ գիտական հիմք ունեն Աշոտ Ներսիսյանի պնդումները, եւ արդյոք կկայանա՞ նրանց բանավեճը հեռուստաեթերում:

«Ինքս պարոն Աշոտ Ներսիսյանին ճանաչում եմ որպես ԵՊՀ դասախոս, որը զբաղվում է Հայոց պատմության 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի հարցերով եւ այդ ամենը արտացոլված է ԵՊՀ կայքում: Եթե նա ունի գիտական այլ հետաքրքրություններ, ապա լավ կլիներ, որ դրանք նույնպես երեւային նույն կայքում: Տվյալ խնդրով ժամանակին զբաղվել են այնպիսի գիտնականներ, ինչպիսիք Աշոտ Աբրահամյանը, Արտակ Մովսիսյանը եւ այլք: Արտակ Մովսիսյանը եղել է այն ամբիոնի վարիչը, որտեղ հիմա աշխատում է պարոն Աշոտ Ներսիսյանը, եւ ըստ իս՝ բավական տրամաբանական եւ գիտական կլիներ, եթե նա իր աշխատանքներում գոնե ակնարկ աներ երջանկահիշատակ Արտակ Մովսիսյանի աշխատանքներին:

Հիմա գանք բուն խնդրին. պատմաբանը հոդված էր հրատարակել իր իսկ կողմից խմբագրվող ժողովածուում, այնուհետեւ այդ հոդվածի տարբեր հիմնադրույթներ արտացոլել է ԵՊՀ կայքին տրված հարցազրույցում: Հանրագումարի բերենք Աշոտ Ներսիսյանի եզրահանգումները՝ իբր Հայաստանում քրիստոնեության ընդունմամբ մերժվել է այսպես ասած «հին մշակույթը», նաեւ կործանվել են այսպես ասած «հայոց գրերը», եւ Մեսրոպ Մաշտոցը չի ստեղծել Հայոց գրերը, այլ գնացել-գտել է դրանք, որոնք պետք էլ լինեին Սամոսատ քաղաքում, եւ ընդամենը ավելացումներ է արել հայոց գրերին: Ստացվում է՝ Մաշտոցը մի քանի տառ է ավելացրել Հայոց գրերին: Ընդ որում, հիշատակվում է ինչ-որ Աքաստոս անունով քուրմ, որն իբր քրիստոնեության ընդունման ժամանակ կարողացել է վերցնել ու փախցնել Հայոց գրերը Սամոսատ քաղաք եւ փրկել: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ փորձ է արվում նվազագույնի հասցնել հայ եկեղեցու եւ Մեսրոպ Մաշտոցի դերը, ձեւախեղել գրերի գյուտի մասին մեր ունեցած պատկերացումները »,- Aravot.am-ին հայտնեց Միքայել Բադալյանը:

Ինչ վերաբերվում է Աշոտ Ներսիսյանի նշած Աքաստոսին, այս մասին էլ հետեւյալն ասաց. « Ներսիսյանը նշում է, որ իբր օգտվել է Աքաստոսի վերաբերյալ տեղեկությունից՝ հայտնի գիտնական սեպագրագետ Հովիկ Ներսիսյանի աշխատությունից, նաեւ որոշակի հեգնանք կա իր պատասխանում, որ ես տեղյակ չեմ այդ աշխատությունից: Եվ հենց Հովիկ Ներսիսյանը գրում է այդ ամենի մասին, որ Աքաստոս անունով քուրմն է Գրիգոր Լուսավորչի դեմ պայքարի շրջանակներում վերցրել եւ փախցրել է հայոց գրերը: Նա ասում է, որ Հովիկ Ներսիսյանն այդ մասին հղումներ է անում: Ինձ համար ցավալի է, որ պրոֆեսորի կոչում ունեցող դասախոսն ունի նման մտածելակերպ այս խնդրի վերաբերյալ: Նախ Հովիկ Ներսիսյանը սեպագրագետ չէ, ինքս բավական լավ գիտեմ աշխարհի լավագույն սեպագրագետներին, եւ որքան էլ խոսենք Հովիկ Ներսիսյանի հայրենասիրական նկրտումների մասին, շատ-շատ դեպքերում նրա տեսակետները խնդրահարույց են: Խնդիրն այն է, որ գիտնականը պարտավոր էր ստուգել Հովիկ Ներսիսյանի մատնանշած աղբյուրները, ինչը չի արվել: Եթե պարոն Աշոտ Ներսիսյանը ստուգեր այդ աղբյուրները, կհասկանար, որ Հովիկ Ներսիսյանի գրքում ուղղակի հորինվել են տարբեր փաստեր»:

Միքայել Բադալյանը հավելում է. «Հիմա հասկանանք՝ ով էր Աքաստոս քուրմը…Իրականում եղել է Էուտակտոս անունով մի հայ, որի մասին նաեւ հիշատակում է սուրբ Եպիփանոս Սալամինացին, եւ որի մասին բազմաթիվ հաղորդումներ եւ անդրադարձեր կան հայագիտությանը վերաբերող հանդեսներում: Այսինքն` այնպես չէ, որ Հովիկ Ներսիսյանն է այդ մասին խոսել, որն աղավաղել է ամբողջ էությունը: Օրինակ, հայտնի գիտնական Մայքլ Սթոունը 1980-ականներին անդրադարձել է այս կերպարին: Իրականում ո՞վ է այս կերպարը: Եղել է Էուտակտոս անունով մի հայ, որն ապրել է փոքր Հայքում, որը եղել է Սատաղի մոտ մի բնակավայրից, գնացել է Երուսաղեմ, եղել է այլ վայրերում, ծանոթացել է գնոստիկների հետ, ընդունել է գնոստիկների ուսմունքը եւ այնուհետեւ վերադարձել է Հայաստան ու Հայաստանում հիմնադրել գնոստիկների աղանդը: Ուրիշ որեւէ տեղեկություն, որ այդ մարդը գրեր է փախցրել ու փրկել, որ պայքարել է Գրիգոր Լուսավորչի դեմ, ընդհանրապես բացակայում է : Այսինքն` դա պարոն Աշոտ Ներսիսյանի ընտրած գրականության մեջ հորինված, գիտականությանը չհամապատասխանող իրողություն է, ուստի լավ կլինի, որ գիտնականը, ստուգեր այլ տեղեկություններ եւս: Եթե նա լիներ այլ շրջանի մասնագետ, ապա պետք է լավ իմանար, որ իր ասած Էուտակտոսի մասին կան բազմաթիվ այլ աշխատանքներ:

Օրինակ, վերջերս Մայքլ Սթոունի եւ Արամ Թոփչյանի հեղինակած գրքում եւս անդրադարձ կա Էուտակտոսին: Մենք այստեղ որեւէ բան չենք հորինում, եւ փաստ է, որ հանրությանը հրամցվում է չստուգված փաստերի հիման վրա կառուցված ոչ գիտական իրողություն: Ի դեպ, Եպիփանոս Սալամինացու աշխատանքները համացանցում բաց դրված են, եւ պարոն Ներսիսյանը կարող էր այնտեղից եւս վերցնել եւ մեջբերումը բառացի տեսնել:

Պարոն Աշոտ Ներսիսյանն ասում է՝ ի՞նչ խնդիր կա, որ գիտնականը զբաղվում է տարբեր հարցերով, այ այստեղ է խնդիրը՝ եթե գիտնականն ունենար նեղ մասնագիտացում, հղում չէր անի Հովիկ Ներսիսյանի հորինած պատմությանը, այլ հղում կաներ բուն սկզբնաղբյուրներին եւ գիտական անդրադարձերին: ԵՊՀ պատմաբանի որակավորում ունեցող մեր գործընկերն ասում է, որ նույն հոգեւորականներն էին, որ պատմահայր Մովսես Խորենացու ոսկորները հանում են գերեզմանից եւ նետում են գետը: Մինչդեռ Ղազար Փարպեցին վկայում է Մովսես փիլիսոփայի, եւ ոչ թե Մովսես Խորենացու մասին: Պարոն Ներսիսյանը կարող է բացել Մատենագիրք հայոցը եւ տեսնել, որ Ղազար Փարպեցու հիշատակած Մովսես փիլիսոփան եւ Մովսես Խորենացին տարբեր անձինք են: Պետք է հիշել , որ Խորենացին եպիսկոպոս էր, Փարպեցու հետ ապրել է նույն ժամանակաշրջանում, ուրեմն արդյոք նրա մասին կխոսե՞ր որպես փիլիսոփայի, եթե Խորենացին եպիսկոպոս էր եւ պատմահայր»:

Միքայել Բադալյանը տարօրինակ է համարում, որ ըստ Ներսիսյանի, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած տառերից որոշները հաստ էին, որոշները բարակ, նաեւ այն դիտարկումը, որ իբր Մաշտոցը ոչ թե հորինել է տառերը, այլ ավելացրել է հայոց այբուբենի պակասող տառերը եւ դրանք կարգի է բերել. «Դա Աշոտ Ներսիսյանի ենթադրությունն է, որը փորձ է արվում որպես փաստ հրամցնել: Այս ծանր օրերին, երբ եկեղեցու դեմ արշավ է սկսել, պետք է հասկանալ, թե ում ջրաղացին է ջուր լցնում Աշոտ Ներսիսյանը: Չստուգված աղբյուրներով կառուցված նման դիտարկումներով փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ եկեղեցին ազդեցություն չի ունեցել գրերի ստեղծման եւ հոգեւոր մշակույթի մեջ, այլ ընդհակառակը եկել, ամեն ինչ ջնջել է: Մենք չենք ասում, թե Մաշտոցից առաջ գրեր չեն եղել, Արտակ Մովսիսյանը եւ Աշոտ Աբրահամյանը եւ այլ գիտնականներ այդ թեմային անդրադարձեր կատարել են, մենք գիտենք մեհենագրերի մասին, ուստի լավ կլիներ, որ գիտնականը նաեւ դրանց ծանոթանար»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031