Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևն արդեն իր խոսքը որպես մի քանի երկրների դիրքորոշում է ներկայացնում: Որքան զիջում ենք, այնքան մեր հաշվին Ադրբեջանը հորինում է իր համար երբեք գոյություն չունեցող «իրավունքներ»․ Տաթևիկ Հայրապետյան

Հուլիս 14,2025 18:07

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Հիշում եք, չէ՞, որ օրեր առաջ, ավելի ստույգ՝ հուլիսի 4-ին, օկուպացված Ստեփանակերտում կազմակերպվել էր Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը։ Եվ այսպես, այդ գագաթնաժողովի ավարտին հրապարակվել է «Խանքենդիի կոմյունիկե» կոչվող թուղթը, որը համարվում է Ադրբեջանի նախագահի ամփոփագիրը։ Ի շարս այլ հարցերի՝ այդ կոմյունիկեում գրված է․ «Բացի այդ գագաթնաժողովի մասնակիցները հիշեցրեցին Ստամբուլի Հռչակագիրը և Իսլամական Համագործակցության Կազմակերպության Արտաքին Գործերի Նախարարների Խորհրդի 51-րդ նստաշրջանում ընդունված համապատասխան բանաձևը՝ անդրադառնալով ներկայիս Հայաստանի տարածքից բռնի և համակարգված կերպով վտարված հարյուր հազարավոր ադրբեջանցիների վիճակին, և վերահաստատեցին այդ վտարված ադրբեջանցիների անքակտելի իրավունքը՝ խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձ իրենց ծագման վայրեր․․․»։

Այսինքն, զավթողական հայեցակարգը այս դրվագով էլ է արտացոլվել, դա նաև կար Ալիևի բացման խոսքում։

Բայց կա մեկ այլ ուշագրավ դրվագ։ Այսօր ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան X էջում հայտնվեց մի գրառում, որտեղ ԻԻՀ-ի Արտաքին գործերի նախարարության ՏՀԿ վարչության պետը որոշ պարզաբանումներ էր ներկայացրել այս կոմյունիկեի մասին․ ««Նախագահի ամփոփագիրը» պատրաստվել է գագաթնաժողովի նախագահի կողմից և, հետևաբար, անդամ պետությունների տեսակետներն արտացոլող բանակցային փաստաթուղթ չէ: Միևնույն ժամանակ, ենթադրվում էր, որ որոշ խիստ զգայուն հարցեր, այդ թվում՝ Սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, որոնք բացահայտորեն ներկայացվել էին անդամ պետությունների ղեկավարների ելույթներում, համապատասխան ձևով կարտացոլվեն «Նախագահի ամփոփագրի» տեքստում։ Բացի այդ, «Նախագահի ամփոփագրի» տեքստում ներառված են Հարավային Կովկասում զարգացումների վերաբերյալ որոշ հասկացություններ և հայտարարություններ, որոնք չեն արտացոլում ՏՀԿ անդամ պետությունների կոլեկտիվ տեսակետը»։

Ավելին, իրանական կողմը իր մտահոգությունները համապատասխանաբար ներկայացվել են Ադրբեջանի Հանրապետությանը, Տնտեսական համագործակցության կազմակերպության քարտուղարությանը և մյուս անդամ պետություններին՝ պաշտոնական նամակով։

Մի կողմ թողնեմ, մեր ԱԳՆ-ի լիակատար անգործությունը, այս հարցում նախաձեռնողականության իսպառ բացակայությունը, տարբեր պետությունների մայրաքաղաքներին «Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգի մասին մեր պաշտոնական կոշտ դիրքորոշումը չներկայացնելը, այստեղից պարզ է դառնում, որ փաստորեն Ալիևն արդեն իր խոսքը ներկայացնում է որպես մի քանի երկրների դիրքորոշում։

ՀՀ-ի հանդեպ տարածքային հավակնություն ներկայացվում է օկուպացված Ստեփանակերտից՝ «մոռանալով»120,000 հայերի էթնիկ զտման ու բռնի տեղահանման մասին։ Հետո կլսենք հեքիաթներ ՀՀ իշխանական պաշտոնյաներից, որ եթե մենք խոսենք Արցախի հայերի իրավունքներից, Ադրբեջանը մեզ իբր «հայելային» պահանջներ կներկայացնի։ Իրողությունն ու փաստերը հակառակն են ապացուցում՝ որքան զիջում ենք իրավունքներ, այնքան մեր հաշվին Ադրբեջանը հորինում է իր համար երբեք գոյություն չունեցող «իրավունքներ»․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031