Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հուլիս 14,2025 18:11

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը այսօր ընդունել է ՄԱԿի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Սարգսյանին։ Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Ողջունելով հյուրին և շնորհավորելով տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի ՄԱԲՀ-ի հետ արդյունավետ և սերտ համագործակցության զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԲՀ-ի առաջիկա ծրագրերի շրջանակում ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Նախարարը կարևորել է ՄԱԲՀ-ի աջակցությունը մի շարք նախաձեռնություններին, մասնավորապես՝ «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի մշակման, հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման, ներդրման և առողջ ապրելակերպի դասավանդման բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքներին:

Նշվել է, որ 2020 թվականից ՄԱԲՀ-ը կրթության բարեփոխումների շրջանակում համակարգել է միջազգային գործընկերների (ՅՈՒՆԵՍԿՕ, ՅՈՒՆԻՍԵՖ, ՊՀԾ) աջակցությունը ԿԳՄՍ նախարարությանը` հանրակրթության պետական չափորոշչի շրջանակում: Մասնավորապես՝ աջակցությունն ուղղվել է բազմամասնագիտական փորձագիտական խմբի կողմից առողջ ապրելակերպի ուսումնական ծրագրի և ուսուցիչների ձեռնարկների մշակմանը, Տավուշի մարզում հանրակրթության պետական չափորոշչի փորձարկմանը, այդ թվում՝ ուսուցիչների վերապատրաստման կազմակերպմանը և դասապրոցեսի մոնիտորինգի իրականացմանը: Հիմնադրամն իրականացրել է նաև մրցակցային հիմունքներով ընտրված շուրջ 100 մենթորների վերապատրաստում, որոնք աշխատանք են իրականացրել տարբեր դասարանների ուսումնական ծրագրերի և ձեռնարկների մշակման ուղղությամբ:

Շնորհակալություն հայտնելով ներդրած ջանքերի և կատարած աշխատանքի համար՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է «Առողջ ապրելակերպ» առարկայի շրջանակում ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման կարևորությունը՝ վերապատրաստման դասընթացների կազմակերպմամբ:

ՄԱԲՀ գրասենյակի տնօրեն Լուսինե Սարգսյանը կարևորել է համագործակցությունը կրթության տարբեր մակարդակներում՝ ընդգծելով նաև Հայաստանի բուհերի հետ համատեղ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

Նշվել է, որ  համագործակցության հուշագիր է ստորագրվել Երևանի պետական համալսարանի հետ, որի շրջանակում նախատեսվում է բուհի ժողովրդագրական կենտրոնի հետազոտական կարողությունների զարգացում:

Կարևորելով բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը՝ նախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկել է ծրագրերը մոդուլային ձևաչափով ներկայացնելու և հետագայում դրանք այլ բուհերում ևս ներդնելու հնարավորությունը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև բուհերի աշխատակազմերի համար մեթոդական ձեռնարկների պատրաստման և տարածման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031