«Որևէ բան չկար, ազատ չարձակելու հիմքեր չկային, քանի որ իրենք էլ էին հասկացել, որ ոչ միայն սանտեխնիկն է լրիվ անմեղ հայտնվել այնտեղ, այլև դաշնակցական մյուս 6 տղաները։ Իրենք ոչ թե բերման են ենթարկել, ձերբակալել, քանի որ կասկած ունեին, որ ապօրինի գործունեություն են ծավալվում, այլ նպատակն էր այստեղ բերել, կապել ՀՅԴ-ի հետ, որովհետև իրենց խնդիրն է ցույց տալ, որ Դաշնակցությունն ահաբեկչություն է ուզում իրականացնել, չգիտեմ՝ իրենց սցենարիստները ոնց էին մտածել»,- մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ 72 ժամ պահելուց հետո դաշնակցական երիտասարդներին ազատ են արձակել։
Նա վստահեցրեց՝ բոլոր զենքերը, որոնք գտել են այդ տղաների տներից, օրենքով աահմանված կարգով ձեռք բերված զենքեր են՝ բացառությամբ նռնակի։
Փաստաբանն ահազանգեց՝ մենք իրավաբաններս, փաստաբաններս, գտնվում ենք քաղաքական գործերով իրավաբանական անզորության մեջ․ «Վերցնենք Բագրատ սրբազանի գործը՝ 16 անձի վերաբերյալ կալանքի միջնորդություն ներկայացվեց, 16-ն էլ կալանավորվեցին։ Երբ գիտեինք, որ միջնորդություն են ներկայացնելու, գիտեինք, որ ինչ- ինչ հանգամանքներով բաշխվելու է տվյալ դատավորների մոտ։ Տենց էլ եղավ։ Բոլորի պարագայում կալանքը տրվեց։ Երբ Բագրատ Սրբազանի հետ խոսում էի, ասաց՝ կարո՞ղ է Միքայել սրբազանի դեպքում նույնպես լինի Մասիս Մելքոնյանը, ասացի՝ չէ, ձևական կողմը կպահվի։ Դա էլ չարվեց, էլի նույն դատավորի մոտ մակագրվեց գործը։ Մենք գիտենք՝ ի սկզբանե ինչ է կանխորոշված, որ լինելու են ապօրինություններ։ Ստացվում է, որ մենք անընդհատ պատի ենք բախվում։ Ակնհայտ ցայտուն կերպով անաչառության պակաս կա այստեղ»։
Ըստ փաստաբանի՝ ամեն ինչ անում են, որ մեկուսացնեն հեղինակություն ունեցող մարդկանց․ «Չգիտենք՝ մեզ ինչ փաստաթղթեր են սպասվում, գուցե այս ամենը դրանով է պայմանավորված»։
Կարդացեք նաև
Տարոն Մանուկյանի փաստաբան Մկրտիչ Դավթյանն էլ ասաց․ «ՀՀ-ում իշխանավորները, իրավապահ մարմինները ընտրովի են կիրառում օրենքը։ Ամենացավալին այն է, որ թքած ունեն փաստաբան ունենալու՝ օրենքի պահանջի վրա։ Երբ Տարոն Մանուկյանին բերման էին ենթարկել, Տարոնն ասում էր, որ խուզարկությունից իրենց տնից ոչինչ չեն հայտնաբերել։ Քննիչը զարմացավ՝ ո՞նց, ոչ մի բան չեն հայտնաբերել, ու հարցրեց՝ բա ինչի՞ են քեզ բերել այստեղ։ Այդ օրը՝ ուրբաթ, առաջընթաց չեղավ։ Շաբաթ օրը զանգահարում եմ քննիչին՝ նորություն չկա՞, ասում է՝ հրահանգ չունեմ դատարան տանելու։ Ասաց՝ թող մնա վաղն առավոտյան իրեն բաց կթողնեն։ Այս մարդկանց մոտ ապօրինի ազատությունից զրկելու պատասխանատվության բացակայություն է։ Յուրաքանչյուր պետական մարմին, իրավապահ, թե օրենսդիր մարմին մեկի ցուցումով է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ