Միացյալ Նահանգներն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի այն հատվածը, որ Ադրբեջանի արևելյան շրջանները կապում է Նախիջևանին։ Այս մասին ուրբաթ օրը Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմաս Բարաքը։
«Հայաստանն ու Ադրբեջանը վիճում են 32 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհի շուրջ։ Մեկ տասնամյակ է վիճում են 32-կիլոմետրանոց ճանապարհի շուրջ։ Եվ ահա թե ինչ է տեղի ունենում։ Միացյալ Նահանգները գալիս է և ասում. – «Շատ լավ, մենք վերցնում ենք այն։ Տվեք մեզ վարձակալությամբ այդ 32-կիլոմետրանոց ճանապարհը և բոլորով օգտվեք դրանից», – ասել է ամերիկացի դիվանագետը։
«Բարաքի մեկնաբանությունն առաջին պաշտոնական հաստատումն է այն բանի, որ Թրամփի վարչակազմն իրոք առաջարկել է միջանցքը շահագործել ամերիկյան առևտրային օպերատոր ընկերության միջոցով, որը նաև կգործի որպես չեզոք երաշխավոր», – գրում է Քաթարում գործող և մերձավորարևելյան զարգացումները լուսաբանող Middle East Eye կայքի թուրք մեկնաբան Ռագիփ Սոյլուն։
Այս լրագրողն, ի դեպ, առաջինն էր, որ երկու շաբաթ առաջ տեղեկացրեց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Արաբական Միացյալ Էմիրություններում կայանալիք հանդիպման մասին։ Այժմ արդեն լրագրողը որոշ մանրամասներ է հաղորդում այն ճանապարհի շուրջ, որը պաշտոնական Երևանն անվանում է «Խաղաղության խաչմերուկ», իսկ ադրբեջանցիներն ու թուրքերը՝ «Զանգեզուրի միջանցք»։
Կարդացեք նաև
Տարածաշրջանային աղբյուրներից մեկը, որը ծանոթ է բանակցությունների ընթացքին, Middle East Eye-ի հետ զրույցում նշել է, որ միջանցքը մասնավոր ընկերության շահագործմանը հանձնելու գաղափարի հեղինակը Թուրքիան է։ «Այդ գաղափարը հավանության են արժանացրել թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանը», – պնդում է Սոյլուն։
Middle East Eye կայքի հոդվածագրի տեղեկություններով, ի դեպ, հայկական կողմը պահանջել է, որպեսզի ընկերությունն աշխատի նաև միջանցքի Նախիջևանի կողմում։ «Դա, սակայն, Բաքվի համար անընդունելի է», – նշել է լրատվամիջոցի աղբյուրը։ Այսպիսով, եթե հավատանք Middle East Eye-ի տեղեկություններին, ապա Բաքուն մերժում է հայկական կողմի հիմնական պահանջներից մեկը՝ հաղորդակցության ուղիների վերագործարկման փոխադարձության սկզբունքը։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: