Լրահոս
Օրվա լրահոսը

Մոլդովայի նախագահ Մայա Սանդու. «Եթե Ռուսաստանն իշխանության գա, Մոլդովան կդառնա ԵՄ-ի դեմ հիբրիդային պատերազմի պլացդարմ»

Հուլիս 14,2025 22:19

 

Շուրջ հինգ տարի է, ինչ Մայա Սանդուն պայքարում է Մոլդովայի փխրուն ժողովրդավարությունը կրեմլյան միջամտությունից պաշտպանելու համար։ Մոսկվայի հարձակումները ցավոտ են։

Հարցազրույցը՝ Ֆաբիան Սոմավիլայի, Քիշնեւ, 9 հուլիսի, 2025թ

2020 թվականից Մոլդովայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Մայա Սանդուն DER STANDARD-ին ընդունեց Նախագահական պալատում՝ հսկայական բետոնե շենք, որտեղ ժամանակին անցկացվում էին Մոլդովական ԽՍՀ Գերագույն խորհրդի նիստերը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ շենքը կառուցվել է առանց բացվող պատուհանների: Նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ Սանդուն, այլեւս չդիմանալով, մի անգամ կոտրել է դրանցից մեկը: Ամեն դեպքում, օգտագործվում են շենքի միայն առաջին չորս հարկերը: Սանդուն խոսում է հանգիստ եւ կենտրոնացած՝ սովորաբար թաքցնելով իր հույզերը: Այնուամենայնիվ, Ուկրաինայի պաշտպանական պայքարի մասին խոսելիս նա բազմիցս ընդգծում է վերջինիս հերոսական ջանքերը հանուն ազատ Եվրոպայի, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ ամուր կապը: Նա հստակեցնում է. Ուկրաինան եւ Մոլդովան միասին են սկսել դեպի ԵՄ ճանապարհը եւ ցանկանում են միասին էլ հասնել այդ նպատակին:

DER STANDARD. Դուք նախազգուշացնում եք սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Մոսկվայի կողմից Մոլդովայի Մերձդնեստրի տարածաշրջանում իրավիճակը ապակայունացնելու փորձերի մասին։ Ի՞նչն է Ձեզ անհանգստացնում եւ ի՞նչ եք Դուք անում այդ առնչությամբ։

Սանդու. Ռուսաստանը փորձում է ճնշել Մոլդովայի ինստիտուտները։ Այն օգտագործում է բազմազան գործիքներ՝ մեր քաղաքական գործընթացներին եւ ընտրություններին միջամտելու համար։ Մենք դրա ականատեսը եղանք անցյալ տարի, իսկ այս տարի ավելի շատ կտեսնենք, քանի որ խորհրդարանական ընտրություններն ունեն վճռական նշանակություն. հարցը վերաբերում է Մոլդովայի ժողովրդավարական եւ եվրոպական ապագային, ինչպես նաեւ տարածաշրջանի անվտանգությանը։ Արեւելյան Եվրոպայում ժողովրդավարական առանցքի ամրապնդումը կլինի ուժեղ ազդանշան այն մասին, որ ամբողջատիրական միջամտությունը կարող է հետ մղվել միասնության եւ դիմադրության միջոցով։ Մոսկվայի կողմից կիրառվող մեթոդներից մեկը քաղաքական կուսակցությունների անօրինական ֆինանսավորումն է։ Մեկ այլ մեթոդ է Մերձդնեստրի եւ Գագաուզիայի ինքնավար մարզերի գործերին միջամտությունը։ Եթե Ռուսաստանը կրկին դադարեցնի Դնեստրի ձախ ափի գազամատակարարումը, մենք պատրաստ ենք օգնել։ Կիրառվում են նաեւ կիբերհարձակումներ, ընտրակաշառքի սխեմաներ եւ ապատեղեկատվություն։

DER STANDARD. Կարո՞ղ եք քանակապես գնահատել այդ ազդեցության ծավալները։

Սանդու. Մենք ունենք ապացույցներ, որ 2024 թվականի նախագահական ընտրությունների առաջին փուլում 140,000 մարդ վճարվել է իր քվեի համար: 2.5 միլիոն բնակչության դեպքում դա կազմում է ընտրողների 8-10 տոկոսը: Եվրոպայի տարբեր ընտրատեղամասերում արձանագրվել են կեղծ ռումբի ահազանգեր, որպեսզի մարդիկ ձեռնպահ մնան քվեարկելուց: Տեղի են ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքերի եւ ոստիկանական մեքենաների հրկիզումներ՝ քաոս եւ վախ տարածելու համար: Ապատեղեկատվության մասին. ես հանդիպում եմ շատ մարդկանց, ովքեր աջակցում են ինձ որպես նախագահ, բայց հանրաքվեում քվեարկել են ԵՄ-ի դեմ, քանի որ հավատացել են ապատեղեկատվությանը: Խոսքը վերաբերում է կեղծ լուրերին, որոնք վերաբերում են ԼԳԲՏԻՔ համայնքի հետ կապված ենթադրյալ վտանգներին (որտեղ իր դերն ունի եկեղեցին), ինչպես նաեւ ԵՄ-ի կողմից հողերի էքսպրոպրիացիայի մասին պնդումներին: Վերջերս մենք մեծ ջանքեր ենք գործադրել մեր հաստատությունների եւ քաղաքացիական հասարակության դիմակայունությունն ամրապնդելու ուղղությամբ՝ անկախ լրատվամիջոցների զորեղացման, տեղեկատվական արշավների ֆինանսավորման օրենքների խստացման եւ մարդկանց հետ զրույցների միջոցով: Կարեւոր են ընտանեկան զրույցները, հատկապես՝ սփյուռքի ներկայացուցիչների բացատրությունները, որպեսզի մարդիկ իմանան, թե ինչպիսին է իրականում կյանքը ԵՄ-ում եւ Ռուսաստանում:

DER STANDARD. Նախորդ ընտրություններում շատ քննադատություններ հնչեցին առ այն, որ արտերկրում գտնվող մոլդովացիների համար Ռուսաստանում բաց էր միայն երկու ընտրատեղամաս, մինչդեռ Իտալիայում դրանց թիվը հասնում էր 60-ի: Ինչո՞ւ էր դա այդպես, եւ այս անգամ քանի՞սը կլինեն:

Սանդու. Ռուսաստանում ընտրատեղամասերի թիվը հիմնված է 2020 եւ 2021 թվականների նախորդ ընտրությունների տվյալների վրա: Ուկրաինայում պատերազմի պատճառով Ռուսաստանում մնացած մոլդովացիների թիվն ավելի է պակասել: Վերջին ընտրությունների ժամանակ Կրեմլը վարձակալել էր մի քանի ուղեւորատար ինքնաթիռ՝ յուրաքանչյուրը 50,000 եվրոյով, որպեսզի մի քանի հարյուր մարդ հասցներ Եվրոպայի ընտրատեղամասեր: Ո՞վ է դա անում եւ ինչո՞ւ: Ակնհայտ էր, որ այդ մարդկանց վճարել են դրա համար: Այնուամենայնիվ, մենք կրկին կբացենք որոշ ընտրատեղամասեր, որպեսզի ցանկացողները կարողանան մասնակցել:

DER STANDARD. Որքանո՞վ եք բավարարված Մոլդովայի առաջընթացից դեպի ԵՄ լիիրավ անդամակցություն։ Ի՞նչ խոչընդոտներ են դեռ առկա։

Սանդու. Մենք ունենք ԵՄ ինտեգրման ժամանակացույց, այն է՝ 2030 թվականը, եւ Ուկրաինայի հետ մեր անդամակցության դիմումը ներկայացնելուց հետո մենք ջանասիրաբար աշխատել ենք այդ ուղղությամբ։ Ինչպես ԵՄ ինստիտուտների հետ համագործակցությունը, այնպես էլ անդամ պետությունների կողմից աջակցությունը շատ հաջող են ընթանում։ Մենք վստահ ենք, որ մինչեւ 2025 թվականի սեպտեմբեր կարող ենք ավարտել գնահատման գործընթացը եւ պատրաստ կլինենք սկսել առաջին գլուխների շուրջ բանակցությունները։ Մենք ստեղծել ենք անհրաժեշտ կարողությունները եւ հույս ունենք, որ այս ուժեղ քաղաքական կամքը կպահպանվի նաեւ աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։

DER STANDARD. Դուք տեսնո՞ւմ եք որեւէ խոչընդոտ այն անդամ պետությունների կողմից, որոնք չեն աջակցում Ուկրաինայի անդամակցությանը։

Սանդու. Մենք շատ ջերմ հարաբերություններ ունենք բոլոր անդամ պետությունների հետ։ Մենք վստահ ենք, որ ԵՄ բոլոր քաղաքացիների շահերից է բխում Մոլդովայի եւ Ուկրաինայի ԵՄ անդամ լինելը։ Ժողովրդավարական Մոլդովան եւ ժողովրդավարական ու դիմակայուն Ուկրաինան նպաստում են աշխարհամասում խաղաղությանն ու անվտանգությանը։ Ես վստահ եմ, որ մենք կունենանք ԵՄ բոլոր անդամ պետությունների աջակցությունը՝ թե՛ Մոլդովայի, թե՛ Ուկրաինայի համար։

DER STANDARD. Դուք կսպասեի՞ք Ուկրաինային, եթե ԵՄ անդամ պետություններն ընդունեին Մոլդովային, բայց ոչ նրան։

Սանդու. Մենք մեր խաղաղության համար պարտական ենք Ուկրաինային։ Մենք հպարտ ենք, որ միասին ենք անցել այս ճանապարհը, եւ գիտակցում ենք, որ առաջընթացը պետք է վաստակել։ Մոլդովայի ժողովրդավարությունը կարող է գոյատեւել միայն ԵՄ-ի կազմում։

DER STANDARD. Եվ ուրեմն, այո՞, թե՞ ոչ։

Սանդու. Այո՛, մենք ուզում ենք միասին միանալ ԵՄ-ին։

DER STANDARD. ԵՄ-ին անդամակցությունը հաճախ տեղի է ունեցել ՆԱՏՕ-ին անդամակցությանը զուգահեռ։ Ի՞նչ եք կարծում՝ չեզոքությունը դեռեւս իմաստուն անվտանգության ռազմավարություն է 21-րդ դարում՝ հաշվի առնելով, թե Ռուսաստանի հարավարեւմտյան հարեւաններից քանիսն են որոշակի պաշտպանություն ակնկալում Մոսկվայից։

Սանդու. Չեզոքությունն ամրագրված է մեր Սահմանադրությամբ, եւ մոլդովացիների մեծամասնությունը կարծում է, որ Մոլդովայի Հանրապետությունը պետք է մնա չեզոք։ Մենք հարգում ենք մեր ժողովրդի կամքը։ Իհարկե, մենք մտահոգված ենք անվտանգության հարցերով եւ շատ բան ենք անում մեր երկրի դիմակայունությունն ամրապնդելու ուղղությամբ։ Ներկայումս Մոլդովայի անվտանգությունն ու խաղաղությունը պաշտպանում է Ուկրաինան։ Մենք անչափ շնորհակալ ենք դրա համար, ինչպես նաեւ այն երկրներին, որոնք աջակցում են Ուկրաինային։ Ուկրաինան կարիք կունենա ավելի մեծ աջակցության։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Ռուսաստանը չվերահսկի Մոլդովան եւ չօգտագործի երկիրը Ուկրաինայի եւ ԵՄ անդամ պետությունների դեմ։ Եթե Ռուսաստանն իշխանության գա Մոլդովայում, երկիրը կդառնա ԵՄ-ի դեմ հիբրիդային պատերազմի պլացդարմ։

DER STANDARD. Պաշտպանական ծախսերը կազմում են Մոլդովայի ՀՆԱ-ի 0.6 տոկոսը, ինչը շատ հեռու է ՆԱՏՕ-ի պետությունների կողմից վերջերս ընդունված հինգ տոկոս նպատակային ցուցանիշից։

Սանդու. Մենք, իհարկե, ՆԱՏՕ-ի անդամ չենք, բայց ավելացրել ենք մեր պաշտպանական ծախսերը եւ ցանկանում ենք ավելի մեծացնել այն։ Մենք գիտակցում ենք ռիսկերը եւ շատ շնորհակալ ենք Խաղաղության եվրոպական հիմնադրամի առավելություններից օգտվելու հնարավորության համար։

DER STANDARD. Ի՞նչ եք անում էներգետիկ ճգնաժամի եւ բարձր գների ուղղությամբ։

Սանդու. Մենք այլեւս կախված չենք ռուսական գազից։ Միայն Մերձդնեստրի տարածաշրջանն է դեռեւս ստանում ռուսական գազ։ Բայց քանի որ Ռումինիայից ձեռք բերվող էլեկտրաէներգիան նախ պետք է անցնի Տիրասպոլի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքով, մենք մնում ենք խոցելի։ Այնուամենայնիվ, մինչեւ տարեվերջ պետք է ավարտվի Դնեստրի արեւմտյան ափ տանող նոր բարձրավոլտ գծի կառուցումը։ Մենք մեծ ներդրումներ ենք կատարել վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Բարենպաստ օրերին մեր էլեկտրաէներգիայի առնվազն 20 տոկոսը, իսկ երբեմն՝ մինչեւ 50 տոկոսը, ստացվում է վերականգնվող աղբյուրներից։ Գները դեռեւս բարձր են, բայց առաջիկա տարիներին կնվազեն։

DER STANDARD. Այդ խոստումը բավարա՞ր է, թե՞ ավելին անելու կարիք կա, որպեսզի դա ավելի արագ տեղի ունենա։

Սանդու. Մոլդովայի էներգետիկ ճգնաժամը սկսվեց 2021 թվականի սեպտեմբերին։ Ռուսաստանին հաջողվել էր համոզել նախորդ կառավարություններին չստեղծել այլընտրանքներ, ուստի մենք շարունակում էինք խոցելի մնալ շանտաժի համար։ Գները, իհարկե, խնդիր են, բայց մենք պետք է մարդկանց ասենք ճշմարտությունը, անկախ նրանից՝ այն ժողովրդականություն է վայելում, թե ոչ։

DER STANDARD. Ժամանակ առ ժամանակ քննադատություններ են հնչում Գերագույն դատարանի դատավորների եւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով դատախազի ոչ թափանցիկ նշանակման վերաբերյալ։

Սանդու. Մենք գտնվում ենք արդարադատության բարեփոխումների կիզակետում։ Ահա թե ինչու են շատ դատավորներ եւ դատախազներ դժգոհ։ Երբ մենք հայտարարեցինք հակակոռուպցիոն խիստ ստուգումների մասին, դատավորների մեկ երրորդը կամավոր լքեց համակարգը։ Մենք պետք է ավարտին հասցնենք այս գործընթացը, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարում արդյունքների հասնել հնարավոր չէ, եթե կոռուպցիան դեռեւս համակարգի ներսում է։ Կոռումպացված դատավորների եւ դատախազների առկայության պայմաններում երբեք հնարավոր չէ ապահովել օրենքի գերակայություն։ Իհարկե, կան դատավորներ եւ դատախազներ, որոնք ուրախ կլինեն տեսնել այս կառավարության անկումը։ Անցումային փուլը դժվար է։ Օրինակ՝ դատավորները ցանկանում են հետաձգել կուսակցությունների անօրինական ֆինանսավորման վերաբերյալ օրենքները։ Պետությունն այնքան արդյունավետ չէ, որքան մենք կցանկանայինք։ Բայց մենք առաջ ենք շարժվում։ Մարդիկ հասկանում են, որ մենք նախ պետք է մաքրենք դատական համակարգը. միայն դրանից հետո կարող է արդարադատություն տեղի ունենալ։

DER STANDARD. Մի քանի օր առաջ հայտնի ռուս ռեփեր Բաստան ելույթ ունեցավ Քիշնեւում՝ կառավարության շենքի առջեւ կայացած դպրոցականների ավարտական երեկոյի շրջանակում։ Մասնակցում էին տասնյակ հազարավոր երիտասարդներ։ Դա ձեզ հիասթափեցնո՞ւմ է։

Սանդու. Համերգը կազմակերպել էր տեղացի քաղաքական գործիչ։ Կային նաեւ շատ ոչ ռուս երգիչներ, բայց այո՛. կարծում եմ՝ պետական հաստատությունները պետք է ավելի խիստ ուշադրություն դարձնեն, թե ում է թույլատրվում ելույթ ունենալ մեր երիտասարդների առջեւ։

Մայա Սանդուի մասին.

Մայա Սանդուն (53 տարեկան) Մոլդովայի նախագահի պաշտոնում վերընտրվել է 2024 թվականին՝ 2020 թվականին իր առաջին ժամկետից հետո: Նա ուղղափառ քրիստոնյա է, կրթությամբ՝ տնտեսագետ, տիրապետում է ռումիներեն, ռուսերեն, անգլերեն եւ իսպաներեն լեզուներին, ինչպես նաեւ ունի Ռումինիայի քաղաքացիություն:

Ծանոթագրություն. Քիշնեւ ուղեւորությունը կազմակերպվել էր Եվրոպական հանձնաժողովի «EU NEIGHBOURS east» ծրագրի հրավերով։

Հարցազրույցի բնօրինակը գերմաներենով հրատարակվել է DER STANDARD-ի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031