Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի Գազանը չի նահանջել

Հուլիս 15,2025 10:00

Ապօրինաբար հետապնդվող գործարար Սամվել Կարապետյանը կուսակցություն է ստեղծում: Հայաստանի բոլոր քաղաքացիները, որոնք դեռեւս չեն կորցրել ադեկվատությունը, պետք է, ենթադրում եմ, այդ կուսակցությանը հաջողություն ցանկանան՝ զերծ մնալով խանդից ու բամբասանքներից: Բայց հաջողություն չի լինի, եթե այդ նոր քաղաքական ուժը գործի մեկուսացված ու մաս չկազմի լայն համախմբման:

Ի՞նչ է դրա համար պետք:

Հավանաբար, կարեւոր նախապայմաններից մեկն այն է, որ առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահները, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, Սամվել Կարապետյանը եւ բոլոր նրանք, ովքեր հասկանում են Փաշինյանի հետագա կառավարման աղետալի հետեւանքները, պետք է մոտակա մեկ տարվա ընթացքում իսպառ մոռանան իրենց գաղափարական, քաղաքական եւ անձնական հակասությունների մասին: Ցանկացած բառ, որը հնչում է, գրվում է որպես իրական ընդդիմության ներկա եւ նախկին գործունեության քննադատություն, նպաստելու է այն ազատ անկմանը, որում մենք այժմ գտնվում ենք:

Ով ինչ է արել նախկինում, ով ում է նեղացրել, ով «առաջինը» լինելու ցանկություն ունի կամ չունի՝ այդ ամենն այսօր չորրորդական խնդիրներ են՝ համեմատած այն լուրջ սպառնալիքների հետ, որոնց առջեւ կանգնած է մեր պետությունը: Եթե ընդդիմադիրները շարունակեն իրար հետ վիճել (օրինակ՝ իմպիչմենթի հարցի շուրջ), ապա թող չզարմանան, որ հաջորդ խորհրդարանում հայտնվեն միայն ՔՊ-ն ու նրա «արեւմտամետ» արբանյակները:

Այդ առումով Սամվել Կարապետյանի ստեղծվելիք կուսակցությունը ես պատկերացնում եմ ոչ թե որպես հերթական կուսակցություններից մեկը, այլ որպես մի ուժ, որը նպաստում է բոլորի համախմբմանը: «Ում շուրջ» կամ նույնիսկ «որ գաղափարի շուրջ» հարցերն այս պահին անիմաստ են: Նրա շուրջ, որը կկարողանա սեղմել «ստոպ-կռանը»: Դրանից հետո, երբ Գազանը (կամ Բանսարկուն, Բեhեզեբուղը) նահանջի, հնարավոր կլինի մտածել այլ հարցերի մասին: Համենայնդեպս, հստակեցնեմ, որ Սատանան Հայաստանի ներկայիս վարչապետը չի՝ չարիքը, թշնամին մեր մեջ է, մեր մեկուսացվածության, ունայնության, ամբիցիաների:

Բնականաբար, երկխոսության մեջ պետք է ներգրավվեն նաեւ Փաշինյանի մեղսունակ համակիրները: Ընդգծեմ՝ մեղսունակ: Եթե նրանք պարզապես աղանդավորներ են, բանական փաստարկները նրանց վրա դժվար թե ազդեն: Օրինակ, եթե մարդն ասում է, որ կաթողիկոսը քանդում է մեր պետությունը կամ՝ որ 300 հազար ադրբեջանցիներ կգան Հայաստան, իսկ 500 հազար հայեր կգնան Ադրբեջան, նման մարդկանց հետ երկխոսությունը դժվար թե ստացվի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Van says:

    Հարյուր տոկոսով համաձայն եմ։ Հիմա չի կարելի զուգահեռներ անցկացնել նախկին իշխանությունների և ներկայիս իշխանության միջև։ Հատկապես առաջին և երկրորդ նախագահների աջակիցները դա պետք է լավ հասկանան, հակառակ դեպքում կկրկնվի 2021-ի սխալը

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031