«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը
2022 թվականին Հայաստանի միջազգային գործընկերները ասում էին, որ պետք է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը կապահովեն միջազգային մեխանիզմներով:
Այսօր մեզ փորձում են համոզել արտապատվիրակել Սյունիքի ճանապարհը։ Առաջարկում են խուսափել «միջանցք» եզրույթը օգտագործելուց՝ այն կոչելով արտապատվիրակված հայկական ճանապարհ, սակայն վերահսկողությունը իբր ամերիկյան ընկերությունն է իրականացնելու, ինչին էլ Ադրբեջանն է դեմ:
Ինչպես այն ժամանակ միջազգային մեխանիզմները չգործեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության ապահովման համար, այլ տեղի ունեցավ էթնիկ զտում և հայրենազրկում, այնպես էլ հիմա, եթե մենք համաձայնենք այդ առաջարկին, ոչ մի արտապատվիրակում չի լինելու․ Ադրբեջանը պարզապես ստանալու է իր երազած միջանցքը Սյունիքում, իսկ մենք դրա նկատմամբ վերահսկողություն չենք ունենալու։
Կարդացեք նաև
Հետևաբար պետք է առաջ քաշել հետևյալ խոսույթը. «անարգել ճանապարհ» տրամադրելու պարտավորությունը ծնվել է Լեռնային Ղարաբաղի գոյության պայմանով, և եթե չկա ԼՂ-ն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներով, ուրեմն չկա նաև դրանից բխող որևէ պարտավորություն:
Հասկանո՞ւմ եք, որ չկա «անարգել» կամ «անխոչընդոտ ճանապարհ», չկա «միջանցք» կամ «արտապատվիրակված ճանապարհ» տալու այդպիսի առանձին պարտավորություն, եթե չկա Լեռնային Ղարաբաղը։
Այսպիսով, Հայաստանը որևէ առանձին ճանապարհ տրամադրելու պարտավորություն չունի, իսկ ապաշրջափակման համար՝ բոլոր ճանապարհները պետք է բացվեն: