ԱԺ արտահերթ նիստում հապշտապ կատարված օրենսդրական փոփոխությունները ՀԷՑ-ը պետականացնելու գործընթաց չեն ենթադրում. Sputnik Արմենիային ասել է փաստաբան, իրավական գիտությունների թեկնածու Արսեն Թավադյանը։
Ուսումնասիրելով կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթը` մասնագետը հանգել է այն եզրակացության, որ իրավական նոր կարգավորումները ՀԷՑ-ը պետականացնելու ուղղությամբ նույնիսկ առաջին քայլն էլ չեն։ Դրանցով իրականում այդ գործընթացը չի էլ սկսվել։
Այդուհանդերձ, Արսեն Թավադյանն ընդգծում է, որ օրենսդրական փաթեթում ներառված 4 օրենքներում կատարված փոփոխություններից որևէ մեկով ՀԷՑ–ի ակտիվների, բաժնետոմսերի կամ ենթակառուցվածքների նկատմամբ սեփականության իրավունքի անցում Հայաստանի Հանրապետությանը նախատեսված չէ։
Թավադյանի մեկնաբանմամբ` նոր օրենքով ՀԷՑ–ի վաճառքի դեպքում պետությունը ձեռք է բերում նախապատվության իրավունք: Այսինքն, եթե ընկերության ներկայիս բաժնետերերը որոշեն վաճառել իրենց բաժնետոմսերը, նախ պետք է առաջարկեն դրանք ՀՀ կառավարությանը:
Կարդացեք նաև
Մեկ այլ կարգավորմամբ` եթե ՀԷՑ-ը կոպիտ խախտումներ է թույլ տալիս, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարող է նշանակել ժամանակավոր կառավարիչ` վարչական վարույթի ժամկետով, այն է` առավելագույնը 4 ամիս։ Ընդ որում, կառավարիչը փոխարինում է միայն գործադիր մարմնին: Ընկերության ընդհանուր ժողովը և տնօրենների խորհուրդը մնում են իրենց տեղում, պարզապես իրենց լիազորություններն իրականացնում են կառավարչի համաձայնությամբ:
«Օրենսդրական փոփոխությունները տալիս են հնարավորություն, որ պետությունը ժամանակավոր կառավարի ՀԷՑ–ը, ընդ որում` աղճատված, որովհետև ժամանակավոր կառավարչին անցնելու է միայն գործադրի ֆունկցիան, այն էլ` ժամանակավոր։ Մնացած բոլոր ֆունկցիաների հետ խզում է տեղի ունենալու, և ամենակարևորը` սա չի ենթադրում գույքի փոխանցում ՀՀ–ին»,– մեկնաբանում է մասնագետը։
Փոփոխություններով ընձեռված միակ հնարավորությունը, որով կառավարությունը կարող է ձեռք բերել ՀԷՑ-ի բաժնետոմսերը, Արսեն Թավադյանի դիտարկմամբ, էներգետիկ համակարգը կոլապսի բերելն է։
«Ժամանակավոր կառավարիչը ուղղակի կհանգեցնի նրան, որ ՀԷՑ–ի ֆինանսական դրությունը շատ վատթարանա։ Հետագայում ՀԾԿՀ–ն պարբերաբար տուգանքներ կկիրառի` ընկերությանը սնանկության հասցնելով, ինչը կստիպի բաժնետերերին վաճառել իրենց բաժնետոմսերը։ Եվ այդ պարագայում պետությունը կունենա նախապատվության իրավունք և կկարողանա շատ էժան գնով ձեռք բերել դրանք։ Բայց սա շատ հեռահար գործընթաց է, որը շատ լուրջ օրենսդրական խախտումներ է ենթադրում։ Եվ եթե պետությունն այդպես է շարժվելու, դա ուղղակի էներգետիկ անվտանգության հետ կապված խնդիրներ է ստեղծելու»,– նշում է Թավադյանը։
Բայց նույնիսկ ՀԾԿՀ–ի ձեռքով ցանկալի արդյունքի հասնելը, փորձագետի համոզմամբ, կարճ ժամկետում իրականացնել չի հաջողվի։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: