Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավունք չունենք դառնալու Փաշինյանի «իրական Հայաստանի քաղաքացի», որտեղ չկա Արցախ, չկա ազատագրված հող, չկա հայրենասիրություն. Հակոբ Հակոբյան

Հուլիս 15,2025 12:16

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

2023-ի սեպտեմբերին, աշխարհը լուռ էր, երբ մի ամբողջ ժողովուրդ տեղահանվեց։ Արցախից բռնի կերպով արտաքսված մեր հայրենակիցները իրենց տունը թողեցին՝ կողպված դռներով ու անկատար երազանքներով։ Բայց սարսափելին դա չէր։ Սարսափելին սկսվեց, երբ նրանք հասան Հայաստան։

Այստեղ՝ սեփական երկրում, իշխանությունները նրանց առաջարկեցին ոչ թե սատարում, այլ համակարգված մեկուսացում։ Աղքատության շեմին թողած, օժանդակության անվան տակ նվաստացված, անորոշության մեջ խեղդվող արցախցուն ուղարկեցին մոռացության գիրկը։ Եվ դա պատահական չէր։ Դա պետության քաղաքական որոշումն էր։ Որովհետև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Արցախը վաղուց արդեն հանձնված է համարում, իսկ արցախցուն՝ անցանկալի հիշեցում։ Սա պիտի անվանել իր անունով՝ պետական մակարդակով ծրագրված մոռացություն և ինքնաժխտում։

Այլևս պետք է ընդունել երկու իրողություն՝
1. Ներկայիս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամեն բան անում է, որ Արցախի հարցը փակվի։ Սոցիալական քաղաքականությունն ուղղված չէ մարդկանց օգնելուն, այլ նրանց արտահոսքին։ Թիրախը պարզ է՝ ոչնչացնել արցախցու ինքնությունը, պատմությունը, իրավունքը։ Որովհետև եթե չկա արցախցի, չկա նաև Արցախի հարց։ Իսկ եթե չկա Արցախի հարց, Փաշինյանը կարող է խաղաղության կեղծ շղարշով փակել պատմության ամենացավոտ էջը։

2. Արցախահայությունը պարտավոր է պայքարել վերադարձի իրավունքի համար։ Ոչ թե սպասել օգնության, կեցության կամ մարդասիրական փաթեթների, այլ պահանջել իր բնական իրավունքը՝ ապրելու հայրենի հողում, արժանապատվորեն։ Վերադարձը հայկական օրակարգում պարտադիր բաղադրիչ է, ոչ թե անցյալի համար լաց լինելու տեղ։

Սա պատահական անգործություն չէ։ Սա ծրագրված լռեցում է։ Մենք իրավունք չունենք դառնալու Փաշինյանի «իրական Հայաստանի քաղաքացի», որտեղ չկա Արցախ, չկա ազատագրված հող, չկա հայրենասիրություն։ Մենք իրավունք չունենք լռել, երբ պետական ուժով արմատախիլ են անում մեր ժողովրդի մի ամբողջ հատված։ Մենք իրավունք չունենք համաձայնվել, երբ մեզ ստիպում են ընտրել հացը հայրենիքի փոխարեն։ Այո, սոցիալական խնդիրները կոտրում են մարդկանց, բայց ավելի շատ կոտրում է անարդար լռությունը։ Արցախցու խնդիրը առաջին հերթին վերադարձն է, ոչ թե հարմարվելը կամ արտագաղթելը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031