Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ շահը՝ հանուն Փաշինյանի քաղաքական շահի. «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ծավալվող գործընթացները վկայում են, որ տեղի է ունենում հետնաբեմային ծավալուն մի օպերացիա. Վլադիմիր Մարտիրոսյան

Հուլիս 15,2025 12:51

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերջին երեք օրերի «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ծավալվող գործընթացները վկայում են այն մասին, որ տեղի է ունենում ետնաբեմային ծավալուն մի օպերացիա, որտեղ Փաշինյանը կրկին ՀՀ-ի կենսական շահերի հաշվին փորձում է առաջնային լուծել, ոչ թե ՀՀ-ի այլ սեփական իշխանության պահպանման և երաշխավորման հարցերը: Դուրս գալով բոլոր միջազգային բանակցային ֆորմատներից և գերադասելով ուղիղ երկկողմ, իսկ իրականում եռակողմ ֆորմատը՝ «Ադրբեջան-Թուրքիա-Հայաստան» նա ներգրավվել է մի խաղի մեջ, որն ամեն ինչի մասին է՝ տարածաշրջանում արտաքին ազդեցությունների, լոգիստիկաների, ռազմական բալանսի, միջազգային կորպորատիվ շահերի, բացի Հայաստանի կենսական շահերից:

Փաստացի՝ Հայաստանի ձեռամբ և թուրքադրբեջանական դուետի լոբբինգով ռեգիոնի երկու ծանրամարտիկներ՝ Ռուսաստանն ու Իրանը «Զանգեզուրյան Միջանցք» օպերացիայի մեջ, որն անմիջականորեն իրենց տարածաշրջանային շահերի մեջ շատ մեծ դեր ունի հասցվել են մինիմումի: Սա չի կարող չունենալ հետևանքներ և Փաշինյանը մի ձեռքով ի դեմս արտգործնախարարի հայտարարում է մեկ բան՝«ՀՀ-ն պատրաստ է արտապատվիրակել, եթե….», որը կհանդարտեցնի և կբավարարի իր արևմտյան պատվիրատուներին, իսկ մյուս ձեռքով ի դեմս իր խոսնակի հայտարարում է, որ «ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելը» շտապելով հանդարտեցնել Իրանի և Ռուսաստանի հնարավոր ռեակցիան:

Այս իրարամերժ հայտարարություններից, սակայն խնդրի էությունը չի փոխվում, իսկ ետնաբեմային գործընթացները կանգ չեն առնում և բնականաբար շարունակվում են: Նախ «Քարնեգի» հիմնադրամի հրապարակումն այն մասին, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկներ է ներկայացրել Հարավային Կովկասում ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ և ձեռքում պահած թղթից Հայաստանի և Ադրբեջանի անունները կարդացող և թրամփյան ոճով կարճ հայտարարությունը արդյունքների և ԱՄՆ հեգեմոն կարևորության մասին:

Հետո Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը ԱՄՆ-ի մտադրության մասին՝ 100 տարով վարձակալել Հայաստանի և Ադրբեջանի միջև գտնվող 32 կիլոմետրանոց ճանապարհը ցույց է տալիս, որ ետնաբեմային գործընթացներն ու պաշտոնական Երևանի դրանց շեղող տեսք, ձև տալու փորձերը ապարդյուն են, իսկ Ռուսաստանն ու Իրանը այլևս տիրապետում են գործընթացի խորությանն ու Փաշինյանի բլեֆներին:

Իսկ խորությունը հետևյալն է՝ Ամերիկյան մասնավոր ընկերությունը կվերահսկի տրանսպորտային միջանցքը, և դրա ենթակառուցվածքները, փոխադրումների տվյալներն ու բազաները, բեռների տեսակը, հեռահաղորդակցության ողջ ծավալը և այլն: Ամենավտանգավորը այդ անկանխատեսելի «և այլն» է:

Փաստացի Հայաստանը կարող է կորցնել է իր տարածքի նկատմամբ վերահսկողությունը, ինչը նրան կզրկի ոչ միայն ճանապարհի նկատմամբ սուվերենության իրացումից, այլև այն ազդեցությունից, որը թույլ է տալիս ինչ-որ կերպ մնալ գործոն տարածաշրջանում, որի հետ հաշվի կնստեն տեղական խաղացողները և հատկապես Ռուսաստանն ու Իրանը: Սա հղի է այն վտանգով, որ փաստացի Իրանի սահմանին Հայաստանը մի ողջ լոգիստիկ հանգույցի վրա փաստացի հրաժարվում է սուվերեն և ամբողջական իր իրավունքներից դրանք արտապատվիրակելով նրանց ովքեր լուրջ ախոյաններ են Իրանի համար:

Ռուսաստանն այս պարագայում ունենալով եռակողմ համաձայնագրով ամրագրված որոշակի հնարավորություններ՝ ամբողջությամբ դուրս է դրվում գործընթացից, ինչը հղի նրա դիրքերի և ազդեցությունների ամբողջական նահանջով և անէականությամբ:

Թե դանդաղ անեստեզիայի արդյունքում, ինչ կլինի Սյունիքի հետ և անխուսափելիորեն նաև ողջ Հայաստանի հետ, կարծում եմ, անիմաստ է խոսել՝ հուսալով, որ բոլորդ էլ լավ հասկանում եք, որ դա Սյունիքի փաստացի դանդաղ կլանումն է:

P.S. Փաշինյանի վաղվա ասուլիսի հիմնական մոտիվը ներքին լսարանին մանիպուլյացիոն անզգայացման հեթական չափաբաժնի ներարկումն է և արտաքին քաղաքական կենտրոններին որոշակի մեսիջներ ուղարկելը: Դրանից ետնաբեմային գործընթացը չի տուժելու, որովհետև բոլորին կուղարկվի իրենց համար հաճո մեսիջներ: Միակ տուժողն ու կորցնողը լինելու է ՀՀ շահը՝ հանուն Փաշինյանի քաղաքական շահի:

Նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031