Լրահոս
Օրվա լրահոսը

«Լիանա Հարությունյանի փոքրիկը չունի հնարավորություն մաքուր օդի դուրս գալու: Չնայած հիվանդանոց է, բայց իրենք գտնվում են կալանավորվածի ռեժիմում». Զարուհի Փոստանջյան

Հուլիս 15,2025 14:16

«Քննիչը ցանկացել է իրականացնել քննչական գործողություն՝ առերեսում այն անձանց հետ, որոնք Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու, ապօրինի ձերբակալելու եւ ապօրինի արգելանքի տակ վերցնելու իր բողոքում եւ իմ կողմից ներկայացված բողոքում եղած անձինք են: Մենք համաձայնեցինք այդ հարցաքննությանը մասնակցել, եւ երեկ երեկոյան ժամը 7-ին եղել ենք ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր մասնաշենքում՝ քննիչ Հրաչ Սարգսյանի աշխատասենյակում»,- «Հայելի» ակումբում նշեց Լիլիթ Աղեկյանի պաշտպան, փաստաբան Զարուհի Փոստանջյանը:

«Դուք նաեւ տեղյակ եք, որ Լիլիթ Աղեկյանը հայց է ներկայացրել քննչական կոմիտեի ղեկավարի դեմ ՀՀ քաղաքացիական դատարանում, եւ հայցն ընդունվել է վարույթ, հիմա պահանջում ենք, որ նա պատասխանատվություն կրի զրպարտության եւ անմեղության կանխավարկածի խախտման համար եւ պատասխանատվությունը կրի համաձայն մեր պահանջների»,-ասաց փաստաբանը:

Նրա խոսքով, որ երբ Լիլիթ Աղեկյանը կալանքի տակ էր, քննիչ Հրաչ Սարգսյանը այցելել է Աբովյան ՔԿՀ, եւ երբ փորձ է կատարել հարցաքննել Լիլիթին, վերջինս մերժել էր՝ մինչեւ պաշտպան, լիազոր ներկայացուցիչ ունենալը. «Բայց քննիչը հարցեր է հղում, առերեսում է վկայի կարգավիճակում գտնվող Կարեն Գեւորգյանի հետ, ով հանձնարարել էր Լիլիթ Աղեկյանի հագուստը հանել, զննություն կատարել տեսախցիկի առջեւ: Կարեն Գրիգորյանը ոստիկան է՝ Կումայրիի ոստիկանության այն բաժանմունքի պետն է, որին հանձնարարվել էր Լիլիթ Աղեկյանին ձերբակալել, եւ ինքն իր ձերբակալությունն իրականացրել էր օրենքի կոպիտ խախտումներով, բռնությամբ, նվաստացնելով պատիվն ու արժանապատվությունը»: Պաշտպանի խոսքով, Լիլիթ Աղեկյանին ապօրինի ձերբակալել ու խոշտանգել են, սակայն նրա հետ այդպես վարված ոստիկաններն ընդամենը վկայի կարգավիճակ ունեն:

Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ նաեւ կալանավորված Լիանա Հարությունյանին եւ նրա փոքրիկին. «Լիանա Հարությունյանը հուլիսի 11-ից ժամը 1:30-ից կալանավոր է: Իր կալանավորված կարգավիճակն առաջին հերթին դրսեւորվել է դատարանի դահլիճում, ի դեպ, դուք տեսել եք միայն այն կադրերը, երբ դատարանի դահլիճում Լիանա Հարությունյանն արդեն ուշքի էր եկել: Բայց մինչ այդ ես եւ դատական կարգադրիչները փորձել ենք նրան ուշքի բերել: Լիանա Հարությունյանը ուշաթափվել էր, գետնին պառկած էր, չենք էլ հասցրել շտապ օգնություն կանչել, բարձրացրել ենք, պառկեցրել նստարանին, ուշքի ենք բերել: Նրա կրծքի երեխան առավոտից մնացել էր մյուս փոքր երեխաների խնամքին: Ասացին, որ Լիանա Հարությունյանին տեղափոխելու են Շենգավիթի ոստիկանություն, դրա համար երեխային տարեք Շենգավիթի ոստիկանություն, որտեղ թույլ կտրվի, որ մայրն ու երեխան միմյանց միանան»:

Զարուհի Փոստանջյանի ներկայացմամբ, Աբովյան ՔԿՀ-ում երեխան ջերմել է, ամբողջ գիշեր փորլուծություն է ունեցել, մաշկը ախտահարվել է, թոքերում խզզոց է ի հայտ եկել, ու Աբովյան ՔԿՀ-ում բժիշկ չի եղել, որ երեխային զննի: Եվ միայն իր հրապարակումներից հետո են այցելել երեխային ու հոսպիտալացրել:

«Երեխան այս պահի դրությամբ գտնվում է Աբովյանի բժշկական կենտրոնում, ներարկումներ է ստացել, երեխային հատուկ սնունդ է անհրաժեշտ, բայց փաստն այն է, որ Լիանա Հարությունյանը եւ իր փոքրիկը բանտային ռեժիմում են: Փոքրիկն իր բնականոն միջավայրից դուրս է եկել, մոր գրկին է, եւ ում է տեսնում՝ զինվորական համազգեստով՝ տարբեր օտար մարդկանց դեմքեր: Դա է երեխայի շփումը մոր հետ, երեխան չունի հնարավորություն մաքուր օդի դուրս գալու: Չնայած հիվանդանոց է, բայց իրենք գտնվում են կալանավորվածի ռեժիմում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031