-Մեր բոլոր հարցերը լսեցին, պատասխանեցին, բայց ոչ բոլոր պատասխաններն են մեզ գոհացնում,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ծաղկեգործ Արտակ Թովմասյանը՝ դուրս գալով ՍԱՏՄ ղեկավարի հետ հանդիպումից:
Հիշեցնենք, որ ծաղկեգործները, որոնք արդեն ավելի քան 10 օր է՝ դեպի ՌԴ ծաղիկներ արտահանելու խնդրի առաջ են կանգնած, այսօր հանդիպեցին սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ:
-Մենք ծաղիկը պետք է տանենք ֆիտոսանիտարական ծառայություն, ստուգեն: Հարց եմ տալիս՝ իմ ստուգված ծաղիկը, եթե ՌԴ-ն չի ուզում ընդունել, ենթադրենք՝ ասում են ծաղիկի վրա կա թրիփս, մեր ֆիտոսանիտարիան իրենցի հետ ո՞նց է կռվելու: Պարզ տրամաբանական հարց, Հայաստանում նորմալ է, մտել է ՌԴ, նորմալ չէ, պատասխան չստացանք,- շարունակեց Թովմասյանը:
Կարդացեք նաև
Հիմա ձեզ թո՞ւյլ կտան ծաղիկներն արտահանել հարցին, Թովմասյանը պատասխանեց՝ դե ասում են, այո, բայց այնպիսի պահանջներ են, որ հասկանում ենք՝ չի ստացվի:
Լրագրողի դիտարկմանը՝ քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք, գուցե ՌԴ- ՀՀ հարաբերությունների մե՞ջ է խնդիրը, ի պատասխան ծաղկեգործն ասաց. «Բերեք չքաղաքականացնենք: Բայց եթե ես 15 տարի ծաղիկ եմ ուղարկել, եղել է նաեւ թրիփսով, ինչ-որ չափաքանակ էլ այրել են, դա իմ խնդիրն է, իմ պատճառով մյուս ջերմոցատերը ինչո՞ւ է տուժում: Եթե համատարած չեն թողնում, ուրեմն քաղաքական է, իսկ ինչու է քաղաքական, ես չեմ կարող ասել, քաղաքական գործիչ չեմ»:
-Նորմալ երեւույթ է, թե՛ եվրոպական երկրներում, թե՛ մնացած,- լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՍԱՏՄ ղեկավարը ծաղկեգործների հետ հանդիպումից հետո:
Ըստ նրա՝ արտահանման պայմանները բոլոր երկրներում նույնն են. «Ունենք ռուսական շուկա, այդ շուկան է մեր արտադրողների համար միգուցե նպատակահարմար, բայց կան բազմակի խնդիրներ, որոնք մենք քննարկեցինք արտադրողների հետ, հիվանդությունների, վնասատուների հետ կապված: Այսուհետեւ տրվելու են բուսասանիտարական սերտիֆիկատները ստուգում անցնելուց հետո հիվանդությունները պետք է բացակայեն, դա նորմալ պահանջ է»:
Հարցին՝ ինչո՞ւ հիմա այս պահանջն այդքան խիստ դրվեց, պարոն Պետրոսյանը պատասխանեց. «Դա կարող էր լինել 10 ամիս առաջ կամ 10 ամիս հետո: Ծաղկի սեզոնին մեր հայկական արտադրողները անհայտ ծագման ֆիրմաների վրա ապրանքներ են արտահանել տարիներ շարունակ: Դա բոլորը գիտեն ու ընդունեցին, մի օր ընդունող կողմն ասաց՝ ինչքան պետք է լինի, բավարա՛ր է: Մենք արտահանում էինք մի իքս կազմակերպության վրա ապրանք, որը տեղյակ չէր, որ որպես ընդունող կողմ ստանում է նման ապրանք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ