«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Լսել եմ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի աղմկահարույց հայտարարության բնագիր տարբերակը։ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը կիսվում է իր պատկերացումներով ԱՄՆ-ի դիվանագիտական և ռազմավարական ներգրավվածության վերաբերյալ տարածաշրջանում՝ ներառելով ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ամրապնդման, տարածաշրջանային կայունության խթանման և Սիրիայի հետ հարաբերությունների առաջխաղացման ջանքերը։ Այդ համատեքստում նա խոսում է Իսրայելից ու հետո կտրում անցում մեր տարածաշրջանին ու ասում․ «Թուրքիան այս ամենի կենտրոնում է, ինչպես Ադրբեջանն ու Հայաստանը։ Նրանք վիճում են 32 կիլոմետր ճանապարհի շուրջ, բայց սա կատակ չէ։ Դա շարունակվում է արդեն տասնամյակ՝ 32 կիլոմետր ճանապարհ։ Եվ այդ ժամանակ ԱՄՆ-ն գալիս է ու ասում․ «Լավ, մենք կվերցնենք դա։ Տվեք մեզ այդ 32 կիլոմետրը՝ հարյուր տարվա վարձակալությամբ, և դուք բոլորդ կարող եք այն համատեղ օգտագործել…»։ Սա է ասում ԱՄՆ դեսպանը։
Ըստ իս՝ այստեղ ամենից վտանգավոր թեզը դա «վիճում են» հատվածն է, այսինքն ՀՀ սուվերեն, միջազգայնորեն ճանաչված, 29,743 քառակուսի կիլոմետրի (հատուկ քպ-ականների նախընտրած ու թմբկահարած թիվն եմ գրում) ներառված տարածքը դեսպանը համարում է «վիճաբանության» առարկա։
Մեզ արդեն հինգ տարի է՝ իշխանական քարոզչամեքենան առավոտից երեկո համոզում է, որ Արցախը հանձնելով, Արցախի հետ կապված իրավունքներից հրաժարվելով ինքնիշխանության նոր նշաձող ենք սահմանել, բայց արի ու տես, որ այդ ինքնիշխանության քողի ներքո էլ այսօր մեր տարածքը՝ կոնկրետ Սյունիքով անցնող ճանապարհը, կոչում են «վիճաբանության առարկա»։ Մեր տարածքն է, մեր ճանապարհն է, ուզում եք անցնեք, կարգ, կանոնով անցեք, ի՞նչ է նշանակում 100 տարով այս կամ այն ուժային կենտրոնը գա կանգնի, ինչու՞, ո՞ր իրավունքով։
ՀՀ ԱԳՆ-ն կհանդգնի՞ ԱՄՆ պաշտոնյաներին ուղիղ տեքստով ու հրապարակային ասել, որ նման բովանդակությամբ տեքստերը հակասում են 2025 թվականի հունվարի 14-ին ԱՄՆ-ի ու ՀՀ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության տառին և ոգուն, որտեղ արձանագրված է․ «Միմյանց ինքնիշխանության, անկախության, և տարածքային ամբողջականության աջակցությունը երկկողմ հարաբերությունների հիմքն է»: Թե՞ ինքնիշխանության մասին հայտարարությունները միայն Մոսկվային կարող են ուղղվել։
Կարդացեք նաև
Փաստերը երկաթյա բան են և գալիս են ցույց տալու, որ հենց այդ «ինքնիշխանները» վտանգի տակ դրեցին Սյունիքը՝ դարձնելով աշխարհաքաղաքական վտանգավոր խաղերի կիզակետ ու այդպես էլ չհասկանալով, որ Սյունիքի թիկունքը պահում էր իրենց կողմից «բեռ» կամ «թոկ» համարվող Արցախը․․․