Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի փաստաբան. «Եթե ավագանին կայացրել է օտարման որոշում, քաղաքապետն այդ որոշումը անգամ դատական կարգով չի կարող բեկանել»

Հուլիս 15,2025 16:35

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ դատական նիստում այսօր շարունակվեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով գրավոր ապացույցների հետազոտումը:

Մերի Մոսինյան

Գործի հատորներից հանրային մեղադրող Թագուհի Հարությունյանի ընթերցած նկարագրություններին Վարդան Ղուկասյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արամայիս Հայրապետյանը հակադրում էր իր հակափաստարկները:

Թագուհի Հարությունյան

Նախապես պայմանավորված ծավալով աշխատելուց հետո դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 24-ին, ժամը 11:00-ին:

Արամայիս Հայրապետյան

Նիստի ավարտին Արամայիս Հայրապետյանը Aravot.am-ին ասաց. «Այսօրվա նիստում գրավոր ապացույցները հաստատեցին պաշտպանության կողմի այն պնդումները, որ քաղաքի գլխավոր հատակագիծը նախ ինքը որեւէ փաստ հաստատող ապացույց չէ, ընդամենը ռազմավարական պլան է: Իսկ անկյունաքարային նշանակություն կադաստրային քարտեզն ունի, որը մշակում է ոչ թե քաղաքապետը, այլ գլխավոր հատակագծի հիման վրա՝ կադաստրային կոմիտեն: Եվ եթե որեւէ գույք է տարվում գրանցելու, ակնհայտ է, որ կադաստրային կոմիտեն այդ քարտեզի հիման վրա է որոշում, թե հողատարածքը սահմանափակման տա՞կ է, թե՞ սահմանափակման տակ չէ: Սա առաջինը, որ այսօր մի քանի ապացույցներում նիստը հաստատեց:

Երկրորդ: Այսօրվա ապացույցներով հաստատվեց նաեւ, որ քաղաքապետը չի հաստատում որեւէ հողամասի գլխավոր հատակագիծ, այլ իրավասու անձինք կազմում են կամ հենց իրենք էլ հաստատում են: Այլ դեպքերում էլ կազմում են եւ բերում քաղաքապետին: Եվ քաղաքապետն արդեն հաստատված հատակագծի մեջ որեւէ փոփոխություն չի կարող անել:

Ավագանին կայացրել է օտարման որոշում: Եվ ավագանու այդ որոշումը քաղաքապետն անգամ դատական կարգով չի կարող բեկանել: Այսինքն, ավագանին կարող է քաղաքապետի որոշումը չեղարկել, իսկ հակառակը հնարավոր չէ: Ավագանու որոշումը բացարձակ նշանակություն ունեցող որոշում է քաղաքապետի համար: Հետեւաբար, եթե ավագանին որոշում է տվյալ տարածքը օտարել ու եթե քաղաքապետը դա չօտարի, այդ ժամանակ նա հանցագործություն կկատարի: Իրավապարտադիր որոշումը չկատարելն արդեն նշանակում է լիազորությունների չարաշահում»:

Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում տպավորություն է ստացվում, որ Վարդան Ղուկասյանին ամեն գնով մեղադրանք ներկայացնելու մտադրություն կա, փաստաբանը պատասխանեց. «Ամբողջ տասը էջ փաստաթուղթ հրապարակեցին, որը մեղադրանքի հետ կապ չունի: Օրինակ, Ախուրյան Ձոր-1 հասցեի հողամասի հետ կապված, որը վարձակալությամբ է տրվել, որեւէ մեղադրանք չկա: Ես սկզբնական նիստերում ասացի՝ հատորներ են կազմել՝ պատրանք ստեղծելու, որ տեսեք-տեսեք ինչ գործ ենք բացահայտելու, տեսեք-տեսեք Վարդան Ղուկասյանն ինչ է անում: Բայց երբ արդեն նայում ենք առարկայական հետազոտմանը, ինքը փաստաթղթերի կույտ է հիմնականում եւ ոչ թե փաստական հանգամանքներով լուրջ փաստաթուղթ, որոնցով անձին կարելի է մեղադրել:

Հենց կադաստրի կոմիտեն Ախուրյան Ձոր-1 հասցեի լրիվ տվյալներին տիրապետում է՝ վարելահո՞ղ է, արոտավա՞յր է, վրան շինություն կա՞, թե չկա: Եթե կադաստրային կոմիտեն է այդ տվյալները տիրապետում, քաղաքապետարաննն էլ հարցնում է կադաստրային կոմիտեին, թե այդ հողը ինչ հողատեսք ունի, քաղաքապետարանը որտե՞ղ է կեղծիք կատարել: Այդ կեղծիքը, որը ինչ-որ հետեւանք կունենար, կարող էր կատարել միայն կադաստրային կոմիտեն՝ վերջնական գրանցողը: Եթե փաստաթուղթը տարել են կադաստրային կոմիտե ու ինքն իր քարտեզով տեսել է, որ ամեն բան նորմալ է, քաղաքապետն ի՞նչ անի: Եթե անգամ նորմալ չէ»:

Արամայիս Հայրապետյանը նաեւ տեղեկացրեց, որ գործի ընթացքը հասել է դեռ գրավոր ապացույցների հետազոտման կեսին, բայց կա նաեւ արտավարույթային նյութերի նույնքան ծավալ, որից հետո միայն պետք է լինի մոտ 90 վկայի հարցաքննություն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031