Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչպես 30 տարի բռնապետական վարչակարգի տակ ապրած երկիրը կարճ ժամանակում հասավ իր այսօրվա մակարդակին

Հուլիս 15,2025 17:07

Իսպանացի հեղինակ Դուլսե Չակոնի «Նիրհող ձայնը» վեպի թարգմանիչ Ալիս Տեր-Ղևոնդյանը փաստում է ` վեպի վերջում գրողի հայտնած երախտագիտությունը լրացուցիչ բանալիներ է տալիս հասկանալու, թե որքան զգույշ և խնամքով է պետք վարվել պատմական նյութի հետ

 

«Էջ» հրատարակչությունը մեկնարկեց «Կանայք զոհ չեն․ հետպատերազմ» մատենաշարը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի կողմից։ Մատենաշարում ընդգրկված է Եվրոպական կին հեղինակների 6 գիրք, ինչպես նաև մեկ հայ հեղինակի գիրք՝ Նարինե Կռոյանի «Ճանճերի ժամանակը» վեպը, որը կթարգմանվի իսպաներեն և ֆրանսերեն։ Բոլոր գրքերի հեղինակները իրենց երկրներում ականավոր գրողներ են, իսկ գրքերը ներկայացնում են կանանց ճակատագրերը պատերազմների կիզակետում։ Գրքերի սյուժեները ծավալվում են երկրորդ համաշխարհայինից մինչև մեր օրեր՝ Ուկրաինայի և Վրաստանի պատերազմները, Իսպանիայում քաղաքացիական պատերազմը և այլ հակամարտություններ եվրոպական տարածաշրջանում։

Այս առիթով Aravot.am –ը զրուցեց նախագծում ներառված իսպանացի հեղինակ Դուլսե Չակոնի «Նիրհող ձայնը» վեպի թարգմանիչ Ալիս Տեր-Ղևոնդյանի հետ։

-Ի՞նչը ձեզ գրավեց այս վեպում և ստիպեց այն թարգմանել հայերեն։

-Վեպն ընտրել ենք «Էջ» հրատարակչության հետ միասին, ցանկանալով հայ ընթերցողին ներկայացնել իսպանացի անվանի հեղինակ Դուլսե Չակոնի «Նիրհող ձայնը» վեպը, որը խորքային ձևով անդրադառնում է կանանց դերին պատերազմական իրավիճակում։

-Որո՞նք էին վեպի թարգմանության ամենադժվար կողմերը՝ թե՛ լեզվական, թե՛ մշակութային առումով։

-Թերևս ամենահետաքրքիր խնդիրը հումորը փոխանցելն է։ Հատկապես, երբ դա ոչ թե ամբողջական մի դրվագ է, այլ հակիրճ ու կծու մի արտահայտություն, այն էլ ողբերգության ֆոնին։ Այն դեպքերում, երբ չի գտնվում դրանց ճշգրիտ համարժեքը՝ պետք է այնպես փոխանցել համատեքստը, որ փոխարինող հայերեն արտահայտությունը նույն ազդեցությունն ունենա, ինչ բնագրում եղածը։

 -Ինչպե՞ս եք մոտեցել հեղինակի յուրօրինակ պատմողական ոճն ու ձայնը հայերենով պահպանելուն։

-Թարգմանելիս պետք է լավ պատկերացնել ժամանակաշրջանը, պատմական, հասարակական ու մշակութային մեծ նշանակություն ունեցած իրադարձությունները։ Դա շատ է օգնում հասկանալ նաև հեղինակի ընտրած ոճն, ու, «սուզվելով» դրա մեջ, տեքստը շարադրել հայերեն։ Պատմավեպի դեպքում, պետք է նաև ուշադիր լինել հեղինակի օգտագործած այն բառերին, որոնք հնարավոր է այսօր արդեն չեն շրջանառվում։ Այդ դեպքերում ընթերցողին օգնում են ծանոթագրությունները, սակայն թարգմանչի խնդիրներից է նաև դրանցով շատ չծանրաբեռնել տեքստը և չխանգարել սահուն ընթերցանությանը։

-Այս վեպի վրա աշխատանքը փոխե՞լ է ձեր ընկալումը կամ պատկերացումը դրանում նկարագրած պատմական ժամանակաշրջանի վերաբերյալ։

 -Անշուշտ։ Դեռ դպրոցից շատ լավ հիշում էի, թե ինչպես էր ներկայացված պատմության դասագրքերում Իսպանիայի քաղաքացիական պատերազմը։ Միաժամանակ թեմային առնչվող կարդացածս գեղարվեստական գրականությունը մեծ չափով ամբողջացրել էր իմ պատկերացումներն այդ դարաշրջանի մասին։ Վեպը, գեղարվեստական լինելով հանդերձ, հիմնված է ականատեսների վկայության ու հեղինակի հավաքած փաստագրական տեղեկությունների վրա։ Դուլսե Չակոնը կարողացել է ներկայացնել շատ տարբեր գաղափարներ ունեցող մարդկանց կարծիքներն ու դիրքորոշումը վերոհիշյալ իրադարձությունների ժամանակ։ Վեպը հիմնված է ընտանեկան պատմությունների վրա։ Այդ ընտանիքների անդամները հաճախ հակառակ ճամբարների են պատկանում, բայց զարմանալի կերպով ընտանիքները չեն պառակտվում։

Ինձ համար բացահայտումներից մեկը եղավ իսպանացի կանանց դերն այդ պատերազմի ընթացքում։ Իրենց աներևակայելի հավատարմությունը՝ գաղափարներին, միմյանց, ընտանիքի անդամներին։ Սարսափելի փորձություններով անցնելու ու չկոտրվելու իրենց կամքի ուժը։ Չնայած տարբեր մոտեցումներին՝ համախմբվելու նրանց կարողությունը։

-Թարգմանչի դերը անտեսանելի՞ եք համարում, թե՞ կարծում եք, որ թարգմանիչը անխուսափելիորեն անձնական հետք է թողնում տեքստի վրա։

-Հաճախ ասում են, որ թարգմանիչը տեքստի համահեղինակն է։ Համամիտ եմ այդ կարծիքին այնքանով, որքանով թարգմանիչը ջանում է փոխանցել հեղինակի ոճը, պահպանել շարադրանքի յուրահատկությունները և այլն։ Քանի որ թարգմանիչն ի վերջո նոր տեքստ է ստեղծում, նա չի կարող բոլորովին «անտեսանելի» մնալ։ Եթե միևնույն ստեղծագործության հետ տարբեր թարգմանիչներ աշխատեն, իրենց տեքստերը տարբեր կլինեն։ Խոսքը ոչ միայն բնագիր լեզվի տիրապետման ու ընկալման, այլև միևնույն միտքը շարադրելու ուրույն ձևի ու ոճի մասին է։

-Ի՞նչ եք կարծում, հայ ընթերցողները ի՞նչ կստանան կամ կվերցնեն այս վեպից։

-Այս վեպը կօգնի հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ երեսուն տարի բռնապետական վարչակարգի տակ ապրած ու գրեթե ամբողջությամբ գյուղատնտեսական, տնտեսապես ոչ այնքան զարգացած երկիրը կարճ ժամանակում հասավ իր այսօրվա մակարդակին։

Եվս մի բան․ Դուլսե Չակոնը վեպը հրատարակել է 2002թ, Քաղաքացիական պատերազմի ավարտից 63 տարի անց, և անգամ այդ պահին մարդկանց վերքերը դեռ ամբողջությամբ սպիացած չէին։ Վեպի վերջում հեղինակի հայտնած երախտագիտությունը լրացուցիչ բանալիներ է տալիս հասկանալու, թե որքան զգույշ և խնամքով է պետք վարվել պատմական նյութի հետ։

Զրուցեց Սամվել Դանիելյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031