Լրահոս
Օրվա լրահոսը

8 ամսական երեխայի առկայությունը պետք է ստիպեր դատարանին ծայրահեղ ռեպրեսիվ միջոց ընտրելուց առաջ ղեկավարվել ոչ թե «նեղվածության» շարժառիթներով, այլ Սահմանադրության մեջ ներդրված արժեքներով. Արթուր Ղամբարյան

Հուլիս 15,2025 17:19

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանի ֆեյսբուքյան գրառումը

Կարծիք ութ ամսական երեխայի մորը կալանավորելու իրավաչափության մասին

Հրապարակված դատական ակտից պարզվել են հետևյալ հանգամանքները.
1) երեխայի մայրը՝ մեղադրյալը, դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ՝ չի կատարել դատարան ներկայանալու պարտականությունը։ Նման դեպքերում, սովորաբար, կիրառվում է դատավարական սանկցիա՝ վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելը, որը ենթադրում է ազատությունից փաստացի զրկելը, ըստ անհրաժեշտության՝ հարկադրաբար բնակարան մուտք գործելը, ֆիզիկական ուժի գործադրմամբ անձին վարույթն իրականացնող մարմին ներկայացնելը (տե՛ս Ղամբարյան Ա․, Իսրայելյան Շ․ Քրեադատավարական սանկցիաները (գիտագործնական մեկնաբանություններ)։ Եր․։ Տիգրան Մեծ, 2022)։

Սույն գործով որոշում է կայացվել մեղադրյալին հարկադրաբար ներկայացնելու մասին (դատավարական սանկցիա), սակայն մեղադրյալը դատարան չի ներկայացվել, քանի որ ըստ դատական ակտի՝ «չի հայտնաբերվել իր բնակության հասցեում (տան դուռը գտնվել է փակ վիճակում), իսկ ոստիկանության ծառայողի հետ հեռախոսազրույցի ընթացքում մեղադրյալը հայտնել է, որ իրեն չանհանգստացնեն, և ինքը չի պատրաստվում ներկայանալ դատարան»։

Ինչպես նշվեց, անձին հարկադրաբար ներկայացնելու որոշման կատարումը ենթադրում է հարկադրանքի կիրառում, այդ թվում՝ ֆիզիկական հարկադրանքի կիրառում, որի արդյունքում անձը պետք է հարկադրաբար ներկայացվի դատարան։ Անհավանական է, որ այս գործով պետությունն փաստացի ընդունում է, որ անկարող է եղել խախտում թույլ տված կնոջը հարկադրաբար դատարան ներկայացնել։
Այս գործով ՀՀ ոստիկանությունը, կարծես, իրականացրել է ոչ թե ոստիկանական, այլ «փոստային առաքողի» գործառույթ։ Եթե ՀՀ ոստիկանությունը իրապես կամք դրսևորեր կատարելու դատարան հարկադրաբար ներկայացնելու որոշումը և կիրառելու օրենքով նախատեսված իր ոստիկանական գործիքակազմը, այդ թվում՝ հարկադրաբար բնակարան մուտք գործելը և մեղադրյալին դատարան ներկայացնելը (նման գործողություններին մենք ականատես ենք լինում քաղաքական բնույթի գործերով), ապա հարցը, ամենայն հավանականությամբ, կալանքին չէր հասնի։

2) Մեղադրյալը, դատարան չներկայանալով, չի խախտել իր նկատմամբ կիրառված խափանման միջոցը, քանի որ նրա նկատմամբ՝ որպես խափանման միջոց, կիրառվել է ՀՀ-ից բացակայելու արգելքը, որն ընտրվում է, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալը կարող է դիմել փախուստի` օգտագործելով անձը հաստատող փաստաթուղթ։

Սույն գործով մեղադրյալը չի դիմել փախուստի, այլ՝ չի ներկայացնել դատարան։ Դրանք տարբեր խախտումներ են։ ՀՀ ՔրԴՕ-ի 117-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարույթն իրականացնող մարմինն անհրաժեշտության դեպքում իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում այլ՝ առավել պիտանի խափանման միջոց կիրառելու համար, եթե մեղադրյալը ԽԱԽՏՈՒՄ Է ԻՐ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ։ Շեշտենք՝ այս պարագայում «բացակայելու արգելք» խափանման միջոցը չի խախտվել (նա փախուստի չի դիմել), ուստի անտեղի է այս նորմի վկայակոչմամբ խոսել խիստ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության մասին։

3) Նույնիսկ, եթե դատարանը որոշել էր այս խախտման հիմքով կիրառել խիստ խափանման միջոց, ապա համաչափության սահմանադրական սկզբունքը պահանջում էր ընտրել պիտանի և անհրաժեշտ միջոցը, ինչը նշանակում է պետք է ընտրել եղած պիտանի խափանման միջոցներից ամենամեղմը։
Սույն գործով, ըստ հրապարակված նյութի, չի քննարկվել վարչական հսկողություն խափանման միջոցի կիրառման հարցը, որը, տնային կալանքի համեմատությամբ, ավելի մեղմ միջոց է։

4) Դատական ակտի պատճառաբանությունից ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ դատարանը և հանրային մեղադրողը «նեղվել են» մեղադրյալի ոչ պատշաճ վարքագծից և նրա գնահատականներից։ Մեղադրյալի նման վարքագիծն, անկասկած, անթույլատրելի է և դրա համար նա պետք է ենթարկվի դատավարական պատասխանատվության։ Սակայն, ոչ բռնի հանցագործությանը՝ թարգմանության կատարելու եղանակով ենթադրաբար հանցակցելու գործով ութ ամսական երեխայի առկայությունն այն կարևոր գործոնն էր, որը պետք է ստիպեր դատարանին ծայրահեղ ռեպրեսիվ միջոց ընտրելուց առաջ ղեկավարվել ոչ թե «նեղվածության» իռացիոնալ, զգայական շարժառիթներով, այլ ՀՀ Սահմանադրության մեջ ներդրված արժեքներով։

Մի մոռացե՛ք «հաց բերողի» կալանքի գործը․․․

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031