Ermenihaber. UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված և Թուրքիայի ներկայիս տարածքում գտնվող Նեմրութ լեռան վրա իրականացվում են հայկական հնագույն քարակերտ արձանների պահպանման աշխատանքներ:
2022 թվականին մեկնարկած վերականգնման և պահպանման աշխատանքները դրական արդյունք են տվել և այժմ լեռան խորհրդանշական կոթողների համար սկսել են օգտագործել նանո լուծույթներ, մասնավորապես, նանո կրաքար՝ նպաստելով այդ արձանների երկարակեցությանը:
Նշյալ աշխատանքներն իրականացվում են Գազիանթեփի վերականգնման և պահպանման տարածաշրջանային լաբորատորիայի և Ադըյամանի թանգարանի տնօրինության աշխատակիցների կողմից:
Նշենք, որ Նեմրութ լեռան (2.164 մետր) դամբարանաբլուր սրբավայրը կառուցել է հայկական Կոմմագենեի թագավորության Անտիոքոս Ա Երվանդունի արքան։ Նրան թագադրել է Տիգրան Մեծը տիգրանյան թագով: Հենց այդ թագով էլ Անտիոքոս Կոմմագենացու արձանը ներկայացված է Նեմրութ լեռան սրբավայրում:
Կարդացեք նաև
Կոնաձև արհեստական դամբարանաբլուրն ունի 50 մետր բարձրություն։ Բլրի երկու կողմերում՝ արևելքում և արևմուտքում, կառուցված են միանման արձանախմբեր, որոնք պատկերում են հին աստվածներին, արքային և նրա նախնիներին։
Հուշարձանախմբի կենտրոնական մասում հինգ մարդակերպ արձաններ են նստած դիրքով: Կենտրոնում հայոց դիցարանի գերագույն աստված Արամազդի արձանն է, որն ունի ինը մետր բարձրություն: Արամազդի աջ կողմում Անահիտ դիցուհու արձանն է, ձախում՝ Միհր աստծո արձանը:
Այս սրբավայրի կառուցման բարդությունը, ըստ մասնագետների, կարելի է համեմատել միայն եգիպտական բուրգերի հետ։