Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա նշանակում է բլոկադայի շարունակություն, բայց Ադրբեջանը հասանելիություն է ստանալու դեպի Նախիջևան»․ Արամայիս Աղաբեկյանը՝ ԱՄՆ-ի առաջարկի մասին

Հուլիս 15,2025 19:13

«Ամերիկյան առաջարկը՝ որպես այդպիսին, ինձ այնքան չի մտահոգում, ինչքան ԱԳ նախարարության հայտարարությունը, որովհետև ամերիկյան առաջարկի մեջ ոչ միանշանակության բաղադրիչ կա, երբ ասում է, որ մենք արտապատվիրակում՝ որպես այդպիսին պատկերացնում ենք։ Այդ արտապատվիրակումն ինչպիսին կլինի, էական որևէ նշանակություն չունի, դա ինքնին արդեն զիջում է, և դա միջանցք է»,- Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ-ի առաջարկը 100 տարով վարձակալել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքը, այսպես պատասխանեց Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը։

Ըստ նրա՝ դա միջանցք է, էական տարբերություն չկա՝ ռուսական, թե ամերիկյան, թե ինչ-որ այլ կազմակերպության վերահսկողությամբ․ «Հարցը բովանդակային առումով պետք է այլ կերպ դնել՝ եթե պատկերացնենք, որ ամերիկյան կամ մեկ այլ կազմակերպության արտապատվիրակում է տեղի ունենալու, ՀՀ-ն այդ ամենն անելու է ինչի՞ շրջանակներում՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացմա՞ն շրջանակներում։ Եթե խոսքը միայն միջանցք բացելն է, ապա` այո, Թուրքիան հնարավորություն է ստանալու դեպի Կենտրոնական Ասիա ճանապարհ հարթելու, ինչու չէ` նաև Իրանից որոշակիորեն կտրվելու է Ադրբեջանը։ Եթե այս տարածքով անցնեն իր կոմունիկացիաները Նախիջևանի հետ, տրամաբանական է իր ամրապնդումը, կապն ավելի մեծ է լինելու։ Այս համատեքստում է պետք նայել, այլ ոչ թե՝ այնտեղ ինչ-որ կազմակերպություն է լինելու, թե՝ ոչ։ Եթե տարածաշրջանային կոմունիկացիներ են բացվում, հավասարազոր նշան է դրվում Նախիջևանն Ադրբեջանի հետ կապող և ՀՀ-ն ՌԴ-ի հետ կապող։ Այդ դեպքում քննարկման բան կա, իսկ եթե ոչ, այդ դեպքում ի՞նչ տարբերություն՝ ինչ կազմակերպություն է վերահսկելու, եթե ՀՀ-ն չի վերահսկելու»։

Փաստեցինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ «Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը։ Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում» և հետաքրքրվեցինք՝ այս վստահեցումները համոզի՞չ են, Արամայիս Աղաբեկյանը պատասխանեց․ «Իհարկե, ոչ։ Ընդհանրապես իրենց որևէ խոսք համոզիչ չէ։ Իրենց որևէ խոսքի չեմ հավատում և հիմքեր ունեմ չհավատալու, որովհետև ժամանակին Արցախը Հայաստան էր և վերջ, 2021-ի ընտրություններին գնացին այն վստահեցմամբ և խաբելով ժողովրդին, որ դեկօկուպացիա են կազմակերպելու, դրանից հետո խոսեցին, որ իրենց համար առնվազն երկու կետ զիջման ենթակա չէ՝ հանձին եվրոպական դիտորդների տեղակայման և էլի ՀՀ ինքնիշխանության հետ կապված հարցերի՝ միջազգային դատարաններում հայցերը հետ քաշելու, հետո ասացին՝ ի՞նչ է եղել, դա էլ կանենք։ Լավ, փոխնախարարն ասաց արտապատվիրակում, դա օվերտոնի պատուհանի պես էր, տեսան, որ մեծ հայհոյանք կա, մի քայլ հետ քաշվեցին։ Բայց եթե շրջանառության մեջ դրել են նման խոսույթ, կամաց-կամանց տեղավորվելու են։ Իրենք քանի անգամ են ասել, որ նման բան չկա, բայց հետո բերել, փաստի առաջ են կանգնեցրել»։

Մեջբերեցինք նաև Նազելի Բաղդասարյանի այն վստահեցումը՝ «Ինչ վերաբերվում է հողի վարձակալությանը` ՀՀ օրենսդրությամբ նման ինստիտուտ գոյություն ունի միայն գյուղատնտեսական նշանակության հողերի համար, որոնց վրա գյուղատնտեսական գործունեություն է ծավալվում։ Հետեւաբար ԱՄՆ դեսպանի նշած տարբերակը հնարավոր չէ», Արցախի ԱԺ պատգամավորն այս առիթով ասաց․ «Դա լինելու է միջազգային պայմանագրով։ Միջազգային պայմանագրերը վեր են ներպետական օրենսդրությունից։ Հասկանում ենք, չէ՞, որ եթե ինչ-որ արտապատվիրակում լինի երրորդ կողմի, ներքին ՀՀ օրենսդրության շրջանակներում չի կատարվելու, այլ միջազգային փաստաթղթի շրջանակներում է լինելու։ Արտապատվիրակման հետ խնդիր չունեմ, եթե բուն արտապատվիրակումը լինելու է նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման տեսանկյունից ՀՀ-ի համար։ Այդ դեպքում դա քննարկելի է։ Այս իրավիճակում սա նշանակում է բլոկադայի շարունակություն, բայց Ադրբեջանը հասանելիություն է ստանալու դեպի Նախիջևան։ Բլոկանդան շարունակվելու է, պարզապես իրենց համար փակ ճանապարհը բացվելու է։ Եթե չի լինելու ընդհանուր ենթակառուցվածքների բացում, այստեղ խնդիրն արտապատվիրակվում է, թե՝ ոչ, դա էական չէ։ Իրենք հատուկ նման դիսկուրս են մտցնում, որ մեր խոսույթը գնա այն ուղով, թե միջազգային կազմակերպությո՞ւն է  լինելու, թե՝ հայ-ամերիկյան, կապ է ունենալու թուրքերի հե՞տ, թե՝ ոչ։ Իրենց էս դիսկուրսն է ձեռնտու, այլ ոչ թե տարածաշրջանում ենթակառուցվածքները բացվելու են, թե՝ ոչ։ Չկա դրա մասին խոսք, դա նշանակում է, որ Ադրբեջանն իր համար ճանապարհ է ստանալու, փոխարենը ՀՀ-ն ոչինչ չի ստանալու»։

Հարցին՝ ի՞նչ զարգացումներ եք դիտարկում, Արամայիս Աղաբեկյանը պատասխանեց․ «Համենայն դեպս, ՀՀ ներքաղաքական իրավիճակը տեսնելով և Փաշինյանի ագրեսիվ հռետորաբանությունը տեսնելով՝ կարող է դա ինչ-որ չափով վատատեսական հնչի, բայց դեռևս նրանք, ինչ իրենց մտքին դնում են, կարողանում են մարսել։ Սկզբում ասում են՝ չի լինի նման բան, հետո անում են, սա էլ նորից մարսվող ուտելիքների շրջանակներից է։ Իհարկե, ցավով եմ ասում։ Հարցն այն չէ, թե վարձակալությունը 100 տարի է լինելու, 50 տարի․ դա էական չէ։ Եթե տարածաշրջանային կոմունիկացինաները չեն բացվելու, միայն ՀՀ տարածքով Ադրբեջանը հանգիստ ելումուտ է անելու, սա արդեն խնդիր է»։

Հարցին՝ իսկ այժմ Նիկոլ Փաշինյանն ունի՞ հնարավորություն դրանից խուսափելու, Արամայիս Աղաբեկյանը պատասխանեց․ «Ոչ թե հնարավորություն ունի խուսափելու, այլ պարտավոր է՝ որպես ՀՀ պետական շահը ներկայացնող մարդ, գնալ տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման տեսանկյունից։ Միջազգային իրավունքով երաշխավորված է՝ եթե ինչ-որ երկիր իր տարածքով ճանապարհ է տալիս ինչ-որ երկրի, կարող է տրամաբանորեն պահանջել նույն ճանապարհը մյուս երկրի տարածքով։ Նիկոլ Փաշինյանն այլ խնդիր է լուծում, որ ինչ-որ մի թղթի կտոր ստանա Ալիևից։ Ալիևն էլ է այդ ամենը հասկանում, որ 2026-ին ընտրություններ են, որ հիմա կարողանա առավելագույնը պոկել Նիկոլ Փաշինյանին։ Հարցն այստեղ կարող-չկարողինը չէ, հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանի շահն անհատապես և ՀՀ-ի շահը հակընդդեմ իրավիճակում են։ Այսինքն՝ ամեն գնով հասնել խաղաղության պայմանագրի մինչև 2026 թվականը, յուրաքանչյուր գնով մի թուղթ ստանալ։ Իսկ դրա համար ցանկացած զիջման կարող է գնալ և փաթեթավորել՝ որպես հաջողություն։ Տեղեկատվության տեսանկյունից իրենք էլ լավ են աշխատում դաշտում, և ցանկացած հանցագործություն՝ որպես ձեռքբերում կարողանում են մատուցել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031