Արդեն մի քանի տարի է, ինչ հայաստանյան քաղաքական դաշտում կա այսպես կոչված «երրորդ ուժի» պահանջարկ։
Հասարակությունը վրդովված է Փաշինյանի թիմի թուրքամետ քաղաքականությունից, որն ավելի ու ավելի հստակ նշմարվում է որպես բացահայտ հակահայկական։
Սակայն, կարդալով Բաքվի պահանջներին հերթական զիջման մասին հերթական լուրը և հասկանալի դժգոհություն զգալով, Հայաստանի քաղաքացիներից շատերը հասկանում են, որ ստիպված են լինելու կրկին համակերպվել` «թավշյայիններին» հասկանալի այլընտրանք չտեսնելով։
Հանրապետության նախկին առաջնորդների շուրջ համախմբված ընդդիմադիր ուժերը Հայաստանի քաղաքացիների մի մասի մոտ առանձնապես խանդավառություն չեն առաջացնում։
Կարդացեք նաև
Նախորդ իշխանությունը դա նախորդ իշխանություն է. նրանից բաժանվելու պատճառներ կային:
Այնպես է ստացվում, որ հայերի մի մասը ստիպված է լինում ընտրել երկու տարբերակներից ՝ Փաշինյանը կամ ավանդական ընդդիմությունը, և զարմանալի չէ, որ շատ քաղաքացիներ որոշում են պարզապես քաղաքականությունից հեռու մնալ։
Հետաքրքիր հարց է նաև, թե ինչու երկար ժամանակ Հայաստանում ոչ մի հասկանալի «երրորդ ուժ» այդպես էլ չառաջացավ։
Փնտրվող «երրորդ ուժին» փորձում էին տեսնել մարգինալ կամ քիչ հայտնի շարժումներում, որոնք չարդարացրին սպասելիքները։
Որոնում էին այն գործիչների շրջանակում, որոնք հետո միանում էին տիտղոսային ընդդիմությանը, իսկ եթե չէին միանում, ապա իշխանությունն ուղղակի հաշվեհարդար էր տեսնում նրանց հետ, այսպես ասած ՝ «հատ-հատ բռնելով և մեկուսացնելով»։
«Երրորդ ուժ» էին պատկերացնում նաև եկեղեցին, բայց տխուր պարադոքսն այն է, որ եկեղեցին քաղաքական հալածանքների կարող է ենթարկվել, իսկ ահա քաղաքական ուժ իր բնույթով չի կարող լինել, ուստի այն առավելապես անպաշտպան է իշխանությունների կամայականությունների դեմ:
Ընդհանուր առմամբ, այստեղ արդեն կարելի է տեսնել որոշակի միտում. որպես «երրորդ ուժ» հանդես գալը սովորաբար բացահայտում է դերակատարի թուլությունն ու անպաշտպանությունը, ինչի արդյունքում նրան գլխատում է իշխանությունը, կամ նա ստիպված է աջակցության որոնման մեջ միանալ ավանդական ընդդիմությանը ՝ կորցնելով իր «այլընտրանքը»։ Նա, ով հանդես է գալիս որպես «երրորդ ուժ», պետք է իսկապես բավականաչափ ուժեղ և ինքնուրույն լինի (ռեսուրսների, ժողովրդականության և ազդեցության առումով), որպեսզի դիմադրի իշխանության ճնշմանը և չգնա գայթակղության` միանալու արդեն իսկ ձևավորված այլ նախկին-ներկա ընդդիմադիր հոսանքներին։
Բացի դա, նա պետք է հստակ պատկերացում ունենա, թե կոնկրետ ինչպես է տեղավորվելու գոյություն ունեցող քաղաքական կառուցվածներում։
Հայաստանում ինչ-որ պահից սկսած մարել է նման դերակատարի հայտնվելու հույսը…
Եվ ահա հուլիսի 14-ից կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը ՝ ուժեղ և ինքնուրույն գործիչը, հայտարարեց Հայաստանում նոր քաղաքական ուժի ստեղծման մասին։
Փաստաբանների միջոցով փոխանցված իր համառոտ հայտարարության մեջ Կարապետյանը սկսում է հենց նրանից, թե որն է իր շարժման տեղը հայկական քաղաքականության ընդհանուր կառուցվածքում:
Նա հստակ տարանջատվում է ավանդական ընդդիմությունից. հարգալից վերաբերմունք է արտահայտում նրա աշխատանքի նկատմամբ, բայց ընդգծում. «Մենք ապագայի մեր տեսլականն ունենք Հայաստանի համար»: Այսինքն ՝ հենց սկզբից հայտարարում է, որ լինելու է այլընտրանք, այլ ոչ թե կրկնելու է նախկին «երրորդ ուժերի» ճակատագիրը ։
Իսկ այժմ ամենահետաքրքիրը: Կարապետյանը հայտարարում է, որ իր շարժումը կմերժի արհեստական բաժանումները, որոնք իշխանությունները պարտադրել են հասարակությանը։ Ի շարունակություն այս մտքի ՝ նշվում է, որ նույնիսկ պետական ապարատի օղակներում աշխատում են մարդիկ, ովքեր գոհ չեն իշխող խմբակի գործողություններից, սակայն առայժմ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր չեն տեսնում։
Այսինքն ՝ Կարապետյանը, նախ, անմիջապես հասկացնում է, որ իր շարժումն առաջարկելու բան կունենա նույնիսկ Փաշինյանի «օրիգինալ» լսարանին։ Եվ երկրորդ ՝ ցույց է տալիս հաշվեհարդարի ցանկության բացակայությունը նրանց հանդեպ, ովքեր աշխատում են ռեժիմի ներքո։ Նկատենք, որ ռեժիմը հենց հիմա Կարապետյանին անազատության մեջ է պահում։
Մի՞թե Հայաստանում վերջապես հայտնվեց մի քաղաքական գործիչ, որի ողջախոհությունը գերակշռում է էմոցիաների վրա։
Այսպիսով, Կարապետյանի քաղաքական շարժումը միանգամից հայտարարում է, որ կոնսոլիդացնող դեր է խաղալու՝ համախմբելով տարբեր քաղաքական ճամբարների մարդկանց, ինչպես նաև ներգրավելով նրանց, ովքեր հիասթափված են քաղաքականությունից: Այդ դեպքում այն իսկապես կդառնա «երրորդ ուժ»։
Եվ գուցե Հայաստանում կարող է կայանա միայն այն «երրորդ ուժը», որն իր մեջ կներգրավի առաջինը և երկրորդը։
Չէ՞ որ քաղաքական ճամբարները պայմանականություն են։ Շատ ավելի կարևոր է արդարությունը և բանականությունը:
Մարիամ Ղազարյան