Եթե չկան օբյեկտիվ արժեքներ, ապա կարելի է ասել ու անել ամեն ինչ
Մենք հաճախ ասում ենք՝ «այս մարդը ափերից դուրս է եկել», նկատի ունենալով, որ նրա վարքն այլեւս չի ենթարկվում հասարակության մեջ ընդունված նորմերին: Կամ՝ «նա լրիվ ափերը կորցրել է»: Դա հատկապես վերաբերվում է իշխանավորներին, որոնք հաճախ իրենց դիրքի պատճառով գլխապտույտ են զգում, ինչի հետեւանքով նրանք այլեւս չեն տիրապետում իրենց լեզվին ու վարքին:
Բայց ես առաջարկում եմ խնդրին ավելի լայն նայել, եւ դիտարկել ոչ միայն ադեկվատությունը կորցրած իշխանություններին, այլեւ մեզ բոլորիս: Ինչպե՞ս կարելի է այդ դեպքում հասկանալ «ափեր» բառը: Դրանք, կարծում եմ, այն օբյեկտիվ, որեւէ կոնյունկտուրայով չպայմանավորված արժեքներն են՝ այն, ինչ մեզնից դուրս է, ավելի բարձր է յուրաքանչյուրիցս:
Ինչի՞ համար են պետք «ափերը»: Այդ փոխաբերությունը զարգացնելով՝ կաթոլիկ եպիսկոպոս Ռոբերտ Բերոնը նշում է, որ դրանք ոչ թե սահմանափակում են, այլ ուղղորդում են մեզ: Իսկ երբ ափեր չկան, գետը չգիտի, թե ուր գնա, ջուրը թափվում է, եւ դա արդեն գետ էլ չի, այլ մի լճակ, որտեղ ամեն մեկը պառկած է իր ներքնակի վրա: Այդ «լճակում» լավագույն դեպքում մարդիկ իրար հանդուրժում են, բայց սովորաբար թշնամիներ են, որովհետեւ մեկի «էգոն», «ինքնավարությունը», «ազատությունը» բախվում է մյուսի նույնատիպ անհատական հավակնությունների հետ:
Կարդացեք նաև
Ազատվելով մեր «էգո»-ի թելադրած «ազատությունից» եւ մեզ մտցնելով որոշակի ափերի մեջ, մենք ձեռք ենք բերում իրական ազատություն: «Ով կամենա իր անձը փրկել, այն կկորցնի, եւ ով ինձ համար իր անձը կորցնի, կգտնի այն» (Մատթեոս, 16:25): Դա միայն առաջին հայացքից է պարադոքս թվում. մարդիկ, լինելով փողի, պաշտոնի, զվարճալիքների (մասնավորապես, օն-լայն հաճույքների եւ սոցցանցերի), «հաջողության» ստրուկը, կարծում են, որ ազատ են: Բայց արդյո՞ք դա այդպես է:
Պատկերացրեք մի վիճակ, երբ մարդիկ (ենթադրենք, ամուսինները) նայում են միայն իրար երեսի եւ մեկ այլ վիճակ, երբ նրանք երկուսով նայում են իրենցից դուրս գտնվող ինչ-որ մի էակի, սկզբունքի, գաղափարի, որին հավատում են, որին սիրում են: Ո՞ր դեպքում է նրանց միությունը լինելու ավելի ամուր: Ոչ ոք, կարծում եմ, չի կասկածում, որ այդ երկու հոգու (կամ հարյուրի, կամ միլիոնի) համար որոշիչ նշանակություն ունի այն, ինչ գտնվում է նրանցից դուրս, նրանցից բարձր:
Հիմա ասեք՝ երբ իշխանությունը չունի իրենից դուրս (այսինքն՝ իր իշխանությունը պահելուց դուրս) որեւէ նպատակ, արդյո՞ք այդպիսի իշխանությունը շահագրգռված է, որ հասարակությունը լինի «գետ», թե՞ կգերադասի, որ լինի «լճակ», որտեղ մարդիկ իրարից մեկուսացված են: Հասկանալի է, որ նման իշխանությունը ցանկանում է, որ չլինեն օբյեկտիվ արժեքներ, որ ամեն ինչ լինի հարաբերական: «Լճակն» այս դեպքում շատ ավելի գերադասելի է, քան «գետը»: Ընդ որում, լճակ, որում բոլորը բոլորին ատում են:
Որո՞նք են մեր դեպքում «ափերը», սահմանները: Եկեղեցին, հավատը, ազգը, պատմությունը, ինքնությունը, հայրենիքը: Հենց դրանք են հարձակման թիրախ դառնում, հենց դրանց օբյեկտիվությունն է վիճարկվում: Եթե ամեն ինչ հարաբերական է, եթե «ամեն մեկն իր ճշմարտությունն ունի», ապա կարելի է ասել, որ պատերազմում պարտությունը «հաջողության պատմություն» է: Կարելի է զարգացնել այդ թեզը, եւ Օրուելի ոճով ասել, որ պատերազմը խաղաղություն է, ազատությունը ստրկություն է, տգիտությունը ուժ է: Կարելի է, դատավորի դեր ստանձնելով, հոգեւորականներին «շնաբարո» անվանել եւ կաթողիկոսին դիմել ավազանի անունով: Եթե չկան ափեր, չկա «ստոպ», ապա դրանք չկան ոչ մի տեղ ու ոչ մեկի համար:
Էգոիզմը, ներփակվածությունը, ատելությունը այն արյունն են, որով կերակրվում է այս իշխանությունը: Դրա գերնպատակն այն է, որ մեզ ոչ մի բան չմիավորի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.07.2025