Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մարդը կարողանում է կոմեդիա խաղալ, հաստատ դրամա էլ կխաղա»

Հուլիս 16,2025 12:00

Պոնչը՝ որակյալ հումորի, իրեն շաբաթը մեկ ամուսնացնելու ու հաջողության գրավականի մասին

Տարոն Իսպիրյանի (Պոնչի) անունը վաղուց ասոցացվում է հաջողված հումորի հետ: Թեեւ նա այլեւս գիրուկ  չէ, բայց Պոնչ մականունը կամ բեմական անունը պահպանվել է՝ Պոնչի ստեղծած մթնոլորտի շնորհիվ: Տարոնը ամենապահանջված հումորիստներից է, ու այդ հանգրվանին հասնելու համար երկար ճանապարհ է անցել՝ մասնակից լինելով տարբեր նախագծերի: Ամեն ինչ սկսվել է Հայկական պետական մանկավարժական համալսարանից, որտեղ սովորում էր հեռուստառեժիսուրայի բաժնում եւ ընդգրկված էր բուհի  Ուրախների եւ հնարամիտների ակումբում: Մանկավարժականի թիմը Տարոնի մասնակցությամբ դարձել էր Հայաստանի չեմպիոն ու գավաթ բերել մանկավարժականին:

Այնուհետեւ նա քաստինգով ընդունվել է «32 ատամ»՝ հանդես գալով մի քանի եթերաշրջան, 2012-ին  արդեն «Վիտամին» ակումբում էր, որտեղ ավելի շատ ճանաչում ստացավ, 2015-ից սկսել է նկարահանվել սիթքոմներում՝ «Ազիզյանները», «Բլբուլյաններ», «Սրտի վալետ», «Վիտամին», «Կոլեկտիվ», «Why Womens Women», նաեւ   տարբեր տեսահոլովակներում՝ այդ թվում Արամ MP3-ի,  «Մեր բակը 25 տարի անց», «Ռոզալի» ֆիլմերում, տեղական եւ միջազգային գովազդներում, մասնավորապես դարձել է «Պեպսիի» այս տարվա դեմքերից մեկը: Նա Նոր տարվա գիշերն անցկացրել է 2024-25թթ. Տարվա երգ մրցանակաբաշխությունը:  Այժմ հանդես է գալիս Women’s club-ում, որը բավականին մեծ լսարան ունի: Իսկ «Պատերազմ եւ Քոչարի» ֆիլմում ձայնավորել է գլխավոր հերոսին: Տարոնը  նաեւ Հանրայինով  իրականացնում է «Այլ կերպ» ինտելեկտուալ հաղորդումը, որը լայն տարածում եւ բարձր վարկանիշ ունի:

Քանի որ  որակյալ հումոր ստեղծելը  ոչ բոլորի մոտ է ստացվում, «Առավոտը»   հետաքրքրվեց՝ ինքն ինչպե՞ս է լուծում այդ խնդիրը: Նա համաձայնեց, որ մարդկանց ժպիտ պարգեւելը եւ որակյալ հումոր անելը բարդ է, որովհետեւ  հաճախ պահանջարկն է առաջարկ ծնում: Նաեւ հավելեց, որ գուցե ակադեմիական մակարդակի հումորը չգնահատվի, բացի դրանից, այժմ կոմերցիոն հումորն է ավելի գերակշռում, ինչը բնական է: Ընդգծեց, որ ինքն ամեն դեպքում փորձում է պահել նշաձողը: Պարզեցինք, որ մասնագիտությամբ հեռուստառեժիսոր լինելը իրեն շատ է օգնում աշխատանքում՝ հատկապես սկետչային եւ ֆիլմային նկարահանումների ժամանակ:

Հարցին՝ ով է իր համար որակյալ հումորի էտալոն, մեր զրուցակիցը նման կերպ արձագանքեց. «Ամերիկյան բազմաթիվ սթենդափերներ կան, բայց ես ուզում եմ հայկական միջավայրին անդրադառնալ, մի մարդու, ում հումորից հետո  անհնար է, որ չծիծաղեմ. դա Հրանտ Թոխատյանն է: Նա ինձ համար ավագ ընկեր է, դերասան՝ հումորի այնպիսի շնորհով, որը ոչ բոլորին է տրված: Հրանտ Թոխատյանն ինձ համար էտալոն է»:

Կեսկատակ-կեսլուրջ հարցրինք՝ ո՞րն  է իր  մասին իր լսած ամենաանհեթեթ ասեկոսեն: «Ինձ շաբաթը մեկ ամուսնացնում են, ում հետ նկարվում եմ, ամուսնացնում են»,- ծիծաղեց Պոնչը:

Հարցրինք՝ իրեն միշտ հումորի, ժպիտի  համատեքստում են պատկերացնում, ունի՞ ցանկություն կամ գուցե ստացել է առաջարկ՝ որեւէ ֆիլմում լուրջ դերով հանդես գալու համար: Տարոնը պատասխանեց, որ այդպիսի առաջարկ չի ստացել, բայց ունի նման ցանկություն, հետաքրքիր կլինի  իրեն տեսնել այդ ձեւաչափով: Նրա համոզմամբ, եթե մարդը կարողանում է կոմեդիա խաղալ,  հաստատ դրամա էլ կխաղա:

Հարցին՝ ինչի՞ց կարող է տխրել մարդկանց ուրախություն պատճառող Պոնչը, նա պատասխանեց, որ իրեն ամենաշատ կարող են տխրեցնել վատ իրողությունները, պատերազմները, մարդկային կորուստները, անգամ պատահական անցորդի վատ տրամադրությունը, որովհետեւ ինքը զգացմունքային անձնավորություն է:

Խոսեցինք նաեւ այն թեմայով, թե ինչը կարող է լինել որակյալ հումորի գրավական: Պոնչի համոզմամբ, դրանում մեծ դերակատարություն ունեն շատ կարդալը, որակյալ հումորային ֆիլմեր դիտելը: Նրա կարծիքով, ցանկացած նյութից եւ իրավիճակից կարելի է լավ հումոր «քամել», զվարճալի ինչ-որ բան գտնել:

Ասաց, որ իր ամենասիրելի ֆիլմը Դեմիեն Շազելի «Մոելգնությունն» (Whiplash) է: Այն պատմում է երաժշտի մասին, որը մինչեւ վերջ պայքարում է նվագախմբում լինելու համար. «Փաստորեն, մարդը մոլուցքի նման կարող է  սիրել իր աշխատանքը: Այդ ֆիլմն ինձ իրապես փոխել է, ես հասկացել եմ, որ ճիշտ ճանապարհի վրա եմ, ու  ինձ եւս ոչ մի բան չի կարող կանգնեցնել»: Ինչ վերաբերում է սիրած գրքին, դա Ջեյմս Կրյուսի «Թիմ Թալեր կամ վաճառված ծիծաղն» է, որն անչափ տպավորել է իրեն:

Տարոն Իսպիրյանն իրեն հաջողակ մարդ է համարում, որովհետեւ ծնվել է լավ ընտանիքում, ունի հրաշալի ընկերներ, ու կարծում է, որ հենց  նրանց շնորհիվ է իր մոտ ամեն ինչ լավ ստացվում: Ասում է՝ իր ամենաբծախնդիր հանդիսատեսը  երկու եղբայրներից ավագն է, իսկ  այն մարդը, ում համար ինքն  իդեալական է, կատարյալ ու միշտ ճիշտ, դա մայրիկն է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.07.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031