Սահմանադրական դատարան դիմած ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախկին դատավորի գնահատմամբ` իր նկատմամբ վիճարկվող դրույթով սահմանված հարկադրանքի միջոցի իրավունքի ուժով կիրառումը խտրական մոտեցման ակնհայտ դրսեւորում է «բացառապես մեղադրյալի կարգավիճակ ունենալու հիմքով լիազորությունները կասեցնելու իմաստով» եւ խախտում է իր անմեղության կանխավարկածը՝ ըստ էության հասարակության աչքերում դատավորին ներկայացնելով որպես «հանցագործ»:
2025 թ. հունիսի 23-ից Սահմանադրական դատարանում էր Գառնիկ Ստեփանյանի (ներկայացուցիչ՝ փաստաբան Սերգեյ Մարաբյան) դիմումը: Դիմողը խնդրել է. որոշել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 165-րդ հոդվածի՝ դատավորի նկատմամբ բացառապես քրեական հետապնդում հարուցելու փաստով պայմանավորված լիազորությունների կասեցում նախատեսող կարգավորման համապատասխանությունը Սահմանադրության 29-րդ, 66-րդ, 78-րդ, եւ 79-րդ հոդվածներին:
Նա ներկայացրել էր Բարձրագույն դատական խորհրդի՝ 2025 թ. հունվարի 21-ի թիվ ԲԴԽ-7-Ո-Ք-1 եւ ԲԴԽ-7-Ո-10 որոշումները, թիվ ԱՎԴ2/0005/11/25 գործի դատավարական նախապատմությունը: Դիմողը դատարանի առջեւ բարձրացրել էր հետեւյալ հարցերը. ա) դատավորի նկատմամբ քրեական հետապնդման ժամանակահատվածում ՀՀ դատական օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով նրա լիազորությունների ինքնաշխատ «իրավունքի ուժով» կասեցումը, եթե հիմնված է դատավորի նկատմամբ բացառապես քրեական հետապնդում հարուցելու փաստի վրա, խախտո՞ւմ է, արդյոք, Սահմանադրության 29-րդ հոդվածով երաշխավորված՝ խտրականության արգելքի սկզբունքը եւ Սահմանադրության 66-րդ հոդվածով երաշխավորված՝ անմեղության կանխավարկածի սկզբունքը, բ). իրավաչա՞փ է, արդյոք, օրենսդրական այն կարգավորումը, որը պարտավորեցնում է ԲԴԽ-ին կասեցնել մեղադրվող դատավորի պաշտոնավարումը՝ առանց վարույթն իրականացնող մարմնի կողմից «պաշտոնավարման ժամանակավոր կասեցում» խափանման միջոց կիրառելու մասին որոշման կայացման, եւ արդյո՞ք այն չի հակասում ՍԴ՝ 2020 թ. փետրվարի 25-ի ՍԴՈ-1507 որոշման մեջ ձեւավորված իրավական դիրքորոշումներին, գ). Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորի լիազորությունների կասեցում հարկադրանքի միջոցի կիրառումն իրավունքի ուժով՝ առանց հաշվի առնելու կոնկրետ դեպքի հանգամանքներն իր ինտենսիվությամբ, արդյո՞ք չի հավասարվում «քրեական պատժին»:
Դիմումատուն նշել էր, որ իր նկատմամբ առկա է խտրական մոտեցում, իսկ խտրականությունը հատկապես արտահայտվում է այն համատեքստում, որ նույն դատավորը, եթե մեղադրվում է այնպիսի արարքի կատարման համար, որը չի վերաբերում նրա պաշտոնեական լիազորությունների իրականացմանը, ապա նրա նկատմամբ չի կիրառվում պաշտոնավարման կասեցումը՝ ԲԴԽ որոշման հիմքով, այլ ըստ անհրաժեշտության կիրառվում է քրեադատավարական հարկադրանքի միջոց` պաշտոնավարման կասեցումը: Նա նշել էր, որ դատավորի լիազորությունների կասեցում հարկադրանքի միջոցն իր ինտենսիվությամբ եւ հատկապես հետապնդվող նպատակներով կարող է հավասարեցված լինել քրեական պատժին, քանի որ ակնհայտորեն ունի պատժիչ բնույթ եւ պարունակում է պատժի տարրեր, միաժամանակ, չի կարող վերանայվել նախաքննության որեւէ փուլում, այսինքն՝ վերջնական է:
Կարդացեք նաև
Դատավորը հղում էր կատարել Սահմանադրական դատարանի 2020 թ. փետրվարի 25-ի ՍԴՈ-1507 որոշմանը: Սահմանադրական դատարանն արձագանքել էր, հիշեցնելով դիմումատուին, տվյալ որոշման շրջանակներում հակասահմանադրական է ճանաչել ոստիկանության ծառայողի նկատմամբ սահմանափակումների կիրառումը։ Մինչդեռ, այս անհատական դիմումի շրջանակներում «միեւնույն համատեքստում սահմանափակումներ առկա չեն»։ Մասնավորապես, առկա չեն քրեական հետապնդում հարուցելու փաստի հիմքով լիազորությունները կասեցված դատավորի վարձատրությանը վերաբերող սահմանափակումներ, ինչպես նաեւ սեփական նախաձեռնությամբ պաշտոնից ազատվելու վերաբերյալ որեւէ արգելք։ Հակառակը՝ վիճարկվող՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 2-րդ մասով հստակ ամրագրված է, որ դատավորի լիազորությունները կասեցնելու ընթացքում դատավորն ստանում է հատուցում, որպես ոչ աշխատողի մեղքով պարապուրդում գտնվող:
ՍԴԱՈ-115 որոշմամբ ՍԴ-ն գործի քննությունը մերժել է:
Հիշեցնեմ, որ այս տարվա հունվարի 20-ին Գլխավոր դատախազությունը խորհրդին է ներկայացրել դատավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունը, որը բավարարվել է հունվարի 21-ին, դռնփակ նիստով։ Նույն օրը Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները կասեցվել են մինչեւ քրեական վարույթի ավարտը: Նա ՀՀ նախագահի 2024թ. մարտի 5-ի հրամանագրով նշանակվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: Մինչ այս Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորն էր:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.07.2025