Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը դառնում է բախման կետ, եւ եթե այդ ծրագիրը մոտենա իրականացման փուլին, ապա մենք կդառնանք Ուկրաինա-2. Արամ Մանուկյան. «Հրապարակ»

Հուլիս 16,2025 11:14

«Հրապարակի» զրուցակիցը ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն է։

– Ամերիկյան առաջարկի մասին տեղեկությունների չակերտները բացեց Թուրքիայում ԱՄՆ դեսպանը՝ առաջարկում են 100 տարով վարձակալել Սյունիքով անցնող ճանապարհը, ինչը փաստացի նշանակելու է, որ Հայաստանը տալիս է միջանցքը։ Այս սցենարն ի՞նչ է արժենալու մեզ։

– Նախ, ինձ համար տարօրինակ է, որ ԱԳՆ-ի կամ իշխանության կողմից այդ՝ արդեն ամբողջապես տարածված տեղեկության վերաբերյալ որեւէ բացատրություն չկա՝ ո՛չ հերքում, ո՛չ հաստատում, ինֆորմացիոն առումով քաոս է տիրում։ Ներսից հայտարարում են, որ պետք է արտապատվիրակված ճանապարհ լինի, ԱԳ փոխնախարարը հայտարարել է այդ մասին, որը նշանակում է աութսորսինգ, այսինքն՝ խնդրի սպասարկումը եւ պարտավորությունները հանձնել ուրիշին։ Նշանակում է, որ դու հրաժարվում ես այդ հատվածի պարտավորություններից եւ վերահսկողությունից։ Մյուս կողմից, կառավարությունից ծլնգոց լսվեց, թե չի լինելու այնպիսի բան, որը Հայաստանի տարածքային ամբողջականությունը խարխլում է։ Մենք կարդում ենք ադրբեջանական լրատվամիջոցները՝ լրիվ ուրիշ բան են գրում, եվրոպական լրատվամիջոցները՝ լրիվ ուրիշ, եւ հանկարծ ծլեց այս ամերիկյան տարբերակը` 100 տարվա վարձակալության, որը կրկին հակասում է սրանց։ Այսինքն՝  այս լրջագույն խնդրի շուրջ անգամ իշխանությունը չունի մի տեսակետ, որ հրապարակի։ Պաշտոնական պրոտոկոլի առումով ե՛ւ փոխնախարարը, ե՛ւ վարչապետի խոսնակը ներկայացնում են իշխանությունը, եւ նրանց իսկ ասածները խիստ հակասում են իրար։ Այսինքն, այստեղ խիստ անհրաժեշտություն կա՝ հասարակությանն արագ բացատրելու, էլ չեմ ասում, որ եթե մի փոքր նամուս ունենային իշխանությունները, ապա ԱՄԷ-ում հանդիպումից հետո պետք է բացատրություն տային՝ այնքանով, որքանով թույլատրվում է բանակցությունների ընթացքում ինֆորմացիա տալ ժողովրդին՝ ամբողջական ուրվագծերով, ոչ թե մանրամասներով: Որովհետեւ մանրամասներ չի կարելի, եթե բանակցությունների մեջ ես, բայց չկա որեւէ այդպիսի բան, ինչը մեզ մեկնաբանության հնարավորություն կտա… Այս պայմաններում միշտ պետք է ասել՝ եթե, ապա․․․։ Հիմա, եթե ԱՄՆ-ի առաջարկն ընդունվի, դա ակնհայտ նշանակում է, որ լրջագույն կոնֆրոնտացիա կա Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ։ Դա բացարձակ նոր սկիզբ կարող է դառնալ Չինաստան-Իրան-Ռուսաստան՝ Արեւելքի այս գիգանտ երկրների եւ հավաքական Արեւմուտքի՝ ԱՄՆ-Եվրոպա խմբի միջեւ։ Սա նոր էսկալացիայի կոնկրետ քայլ ու հիմք կարող է դառնալ, որի դաշտը, պլատֆորմը, կոնֆլիկտի կայացման աղբյուրը լինելու է Հայաստանը։ Եթե այդ ծրագիրն ընդունվի, Հայաստանը դառնալու է Արեւելք-Արեւմուտք բախման պոլիգոն։

– Հաշվի առնելով Իրանի կարմիր գծերը, Ռուսաստանի ու Իրանի տարածաշրջանային շահերը, ստացվում է, որ եթե Փաշինյանն այդ առաջարկին համաձայնություն տա, Հայաստանի` գեոպոլիտիկ շահերի բախման ուղիղ կիզակետում հայտնվելու մասին ահազանգերն իրական էին։

– Այո, Հայաստանը դառնում է բախման կետ, եւ եթե այդ ծրագիրը մոտենա իրականացման փուլին, ապա մենք կդառնանք Ուկրաինա-2, եւ դա Արեւմուտքի համար կարելի է համարել հաղթանակ, որովհետեւ նրանք կարող են բացել երկրորդ  հակառուսական ֆրոնտը, ինչը լրջագույն մարտահրավեր կլինի մեր ռազմավարական ընկերոջը, մեր հարեւան, ռազմավարական եւ բնական դաշնակից Իրանին եւ Չինաստանին, որի համար այդ ծրագիրն ամբողջապես մերժելի է։ Այսինքն, Հայաստանը քիթը խոթում է մի տեղ՝ դիտավորյալ գնալով այդ ծրագրին, որի արդյունքում ոչ թե վնասում է սրան կամ օգնում նրան, այլ ինքն է դառնում լուրջ բախումների թատերաբեմ, ինչը կատաստրոֆիկ վտանգներով է լի։ Հայաստանյան քաղաքական ուժերը պետք է շատ լուրջ ու շատ արագ մտածեն, թե ինչի կարող է սա բերել։ Ես ուզում եմ միջանկյալ ասել, որ եթե այս ամենն ամբողջությամբ ճշմարտություն է, եւ մենք այդ նորընծա բառը՝ արտապատվիրակել, իրականացնում ենք, ինչը դրել են քաղաքական շրջանառության մեջ, մարդիկ չեն էլ հասկանում, թե ինչն է արտապատվիրակվում։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031