«Ռուսաստանի ԳԱԱ-ում գործում է խաղերի եւ խաղային նյութերի փորձագիտական խորհուրդ: Բոլոր խաղալիքները գնահատվում են նախ բժշկական տեսանկյունից: Մենք շատ ուշադիր հետեւում ենք նաեւ այն նյութերին, որոնցից պատրաստված են խաղալիքները, հատկապես կարեւորվում են մինչեւ մեկ տարեկան երեխաների համար նախատեսված խաղալիքները, որովհետեւ այդ տարիքի երեխաները սովորություն ունեն խաղալիքները իրենց բերանը տանել»,- Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի միացմամբ կայացած Մոսկվա–Մինսկ–Աստանա-Բիշքեկ-Երևան տեսակամրջի ժամանակ ասաց ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գենադի Օնիշչենկոն:
Նա ասաց, որ ի թիվս այլնի, Ռուսաստանի գիտափորձագիտական խորհուրդը ուսումնասիրել է Լաբուբու խաղալիքը մանկավարժահոգեբանական տեսանկյունից: Նշեց, որ Լաբուբուն իրականում խաղալիք չէ, բոլոր փաստաթղթերով որպես կոլեկցիոն տիկնիկ-բրելոկ՝ նախատեսված է մեծահասակների համար իբրեւ կանացի պայուսակի աքսեսուար. «Դրանց չափերը տարբեր են՝ 7-20 սանտիմետր, ու քանի որ Լաբուբուն խաղալիք չէ, վաճառվում է մարքեթփլեյսում բիժուտերիայի, աքսեսուարների եւ կախազարդերի բաժնում, այսինքն` այն երեխաների համար չէ»:
Գենադի Օնիշչենկոյի ձեւակերպմամբ՝ իբրեւ խաղալիք Լաբուբուի մասին որեւէ նշում չկա, թե որ տարիքի երեխաների համար է նախատեսված. «Վիզուալ առումով Լաբուբուն կարող է ընկալվել իբրեւ խաղալիք, չնայած իրականում խաղալիք չէ, սակայն հաճախ ծնողներն այն գնում են որպես հաճելի անակնկալ երեխաների համար: Ամենակարեւորը, որի վրա ուշադրություն չեն դարձնում, այն է, որ այդ տիկնիկ կախազարդը վառ գույնի տուփի մեջ է դրված, ինչը բնականաբար գրավում է երեխաներին եւ դեռահասներին»:
Գիտնականը կարծում է, որ հրեշանման խաղալիքը երեխայի մոտ կարող է առաջացնել ագրեսիա, վախ, հատկապես նախադպրոցական տարիքի երեխաները կարող են զգացմունքային դիսկոմֆորտ ապրել, խաղալիքը կարող է դեստրուկտիվ ազդեցություն ունենալ նրանց վարքի վրա:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ