«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Ադրբեջանական «Minval.az» քարոզչական թերթը այսօրվա արտապատվիրակիչ «ինքնիշխանի» ասուլիսի «միջանցքային» դրվագի մասին գրել է (նյութը թարգմանում եմ բառացի)․
«Փաշինյանը սկսել է պատրաստել հայկական հանրությանը «Զանգեզուրի միջանցքին» (չակերտները իմն են) և փաստացի կրկնել է Ալիևի թեզը։
Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում ճանաչեց, որ հայկական հասարակությունում «միջանցք» տերմինը դեռ առաջացնում է ցավոտ ընկալում, սակայն կոչ արեց այն դիտարկել որպես չեզոք միջազգային հասկացություն։
Կարդացեք նաև
«Ձեզ հայտնի պատճառներով «միջանցք» տերմինը Հայաստանում որոշակի ալերգիա է առաջացնում։ Թեև, օրինակ, մենք պաշտոնապես ունենք Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցք։ Բայց երբ մեր գործընկերները ասում են «միջանցք», մենք սարսափում ենք։ Ի պատասխան՝ սարսափում են նաև նրանք՝ չհասկանալով, թե ինչ վատ բան ասացին, չէ՞ որ խոսքը պարզապես միջազգային տերմինի մասին է», – նշել է նա։
Հետաքրքիր է, որ հենց Փաշինյանն է տարիներ շարունակ ակտիվորեն դեմ եղել «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործմանը։ Հիշեցնենք, որ 2023 թվականի մայիսին Մոսկվայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ նա և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վիճաբանել էին հենց այս հարցի շուրջ։
Այդ ժամանակ Ալիևը պարզաբանել էր. «Ինչ վերաբերում է «միջանցք» բառին, որն ես օգտագործեցի — նույն ձևով եմ օգտագործում այդ բառը Հյուսիս–Հարավ միջանցքի, Արևելք–Արևմուտք միջանցքի դեպքում։ «Միջանցք» անվանումը ոչ մի կերպ տարածքային ոտնձգություն չէ որևէ կողմի նկատմամբ»։
Այսպիսով, Փաշինյանի վերջին հայտարարությունները փաստացի կրկնում են Ալիևի դիրքորոշումը և վկայում են հայկական հանրային կարծիքը «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները իմն են) հնարավոր իրականացմանը նախապատրաստելու փորձի մասին»։
Առաջին անգամը չէ, որ Փաշինյանը կրկնում է Ալիևի թեզերը, դա ինքս բազմաթիվ օրինակներով ցույց եմ տվել։ Փաշինյանի հետ կապված վաղուց ամեն ինչ պարզ է, ասելու բան էլ չկա, իսկ ում պարզ չի, բացատրելու իմաստ առանձնապես էլ չկա։ Նա ոչ միայն Արցախը, մեր պայքարը, մեր ամրագրված իրավունքները զիջեց «ինքնիշխանության» լույսի ներքո, այլ պատրաստ է գնալ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի հարցում լուրջ ու շատ վտանգավոր զիջումների կամ «արտապատվիրակումների», ուղղակի քանի որ Ալիևն ավելին է ուզում, դրանից էլ գործընթացը դանդաղում է։
Ամենակարևորը այդ ընթացքի մեջ քաղաքական ընդունելի լուծում գտնելն է ու այս վտանգավոր զարգացումները կանխելը, ոչ թե նստել նայել «արտապատվիրակվող ինքնիշխանություն» դրաման իշխանությունների քարոզչական ալիքներով․․․