Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ-ը դիմելու է Սահմանադրական դատարան

Հուլիս 16,2025 19:13

2019 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) իր պաշտոնական կայքում հրապարակեց հաղորդագրություն, որի բովանդակությունը փաստացի հաստատում էր, որ Արթուր Սաքունցը և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտնվել են ԱԱԾ դիտակետում։

Հաղորդագրության մեջ նշվում էր, որ միջազգային կազմակերպությունների ու նրանց հետ կապ ունեցող անձանց՝ այդ թվում Ա. Սաքունցի վերաբերյալ հարցումներ են կատարվել անվտանգության նկատառումներով։ ԱԱԾ հայտարարության կապակցությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մի շարք հարցումներով դիմեց ԱԱԾ՝ հավաքագրված տեղեկություններին ծանոթանալու, ինչպես նաև դրանց իրավաչափության վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով։ Սակայն, բոլոր դեպքերում ԱԱԾ-ն հրաժարվեց տրամադրել տեղեկությունները՝ հղում կատարելով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի դրույթներին՝ պնդելով, թե հավաքագրված տեղեկատվությունը գաղտնի է և ենթակա չէ հրապարակման։

Արդյունքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2023 թվականի մարտի 27-ին հայցով դիմեց վարչական դատարան՝ պահանջելով ճանաչել ԱԱԾ գործողությունները որպես ոչ իրավաչափ, քանի որ առանց որևէ քրեական գործի հարուցման կամ Ա. Սաքունցի որևէ կարգավիճակի, վերջինիս և Գրասենյակի վերաբերյալ տվյալներ են հավաքագրվել՝ խախտելով Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար իրավունքները։

2023 թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ վարչական դատարանը մերժեց հայցը՝ ընդունելով ԱԱԾ-ի այն պնդումները, որ որևէ տեղեկություն չի հավաքագրվել կամ այդ տեղեկությունները չեն կարող տրամադրվել՝ պետական գաղտնիք լինելու պատճառով։ Վարչական դատարանի այս որոշման դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրեց վերաքննիչ բողոք՝ ընդգծելով մի շարք հիմնավորումներ․ ԱԱԾ-ի հրապարակային հաղորդագրությունն ինքնին ապացուցում է, որ տեղեկություններ են հավաքագրվել Ա. Սաքունցի ևԿազմակերպության վերաբերյալ։ ԱԱԾ-ն բազմիցս հաստատել է այդ տեղեկությունների առկայությունը՝ մերժելով դրանց տրամադրումը՝ առանց բավարար իրավական հիմնավորումների։ Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքի 6-րդ հոդվածը, որին շարունակաբար ԱԱԾ-ն հղում է անում, հակասում է Սահմանադրության 34-րդ հոդվածին, որը երաշխավորում է անձի՝ իր վերաբերյալ տվյալներին ծանոթանալու իրավունքը։ Նման տվյալների հավաքագրումը, դրանց չտրամադրումը և հնարավոր ոչնչացումը առանց տվյալների սուբյեկտի համաձայնության կամ ծանոթանալու հնարավորության՝ մարդու իրավունքների կոպիտ խախտում է։

Վերաքննիչ բողոքը ևս մերժվեց։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրեց վճռաբեկ բողոք՝ մատնանշելով Սահմանադրության մի շարք դրույթների խախտումներ, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ և 13-րդ հոդվածների խախտումները։ Սակայն, վճռաբեկ դատարանը մերժեց բողոքը՝ գործը վարույթ չընդունելով։

Գործի բուն էությունը ոչ միայն ապօրինի ձևով տվյալների հավաքագրման մեջ է, այլև մարդու՝ իր վերաբերյալ անձնական տեղեկատվությանը ծանոթանալու սահմանադրական իրավունքի խախտման։ Եվրոպական դատարանը կայացրած դատական որոշումներով պարզորոշ սահմանում է, որ անձը պետք է տեղեկացված լինի իր նկատմամբ կատարվող վերահսկման կամ դիտարկման մասին և պետք է ունենա այդ տեղեկատվությանը հասանելիություն, նույնիսկ եթե դրանք ստացվել են պետական անվտանգության նպատակով։ Պետության կողմից իրականացվող գաղտնի հսկողությունը կարող է արդարացվել միայն խիստ անհրաժեշտության պայմաններում, իսկ հավաքագրված տեղեկատվությունը չտրամադրելը պետք է հիմնված լինի կոնկրետ և չափելի հիմնավորումներով՝ ոչ ընդհանուր և ենթադրական պատճառաբանություններով։

Այդ իմաստով ՀՀ ԱԱԾ-ի գործողությունները չեն համապատասխանում ո՛չ Սահմանադրության պահանջներին, ո՛չ էլ միջազգային իրավական ստանդարտներին։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան։

ՀՔԱՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031