«Փաշինյանը ժամանակից շուտ է ծերանում, քանի որ երկու տարի առաջ այս նույն օրերին ինձ առողջություն մաղթեց։ Չնայած՝ այնքան զավեշտ, սուտ ու մանիպուլյացիա ենք լսել, որ իմ հարցն ամենաստից հարցն է»,- իր գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսում հնչեցրած այն հայտարարությանը, թե տեղյակ չէ Արմեն Աշոտյանի գործից։
ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ իր հաշվարկներով 30-ից ավելի քաղբանտարկյալներ կան ՀՀ-ում․ «Ցավով շեշտեմ, որ այս տարիների ընթացքում ընդդիմության ու հասարակության կողմից չի հաջողվել մշակել քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության համար ինստիտուցիոնալ պայքարի մեխանիզմ․ ամեն քաղբանտարկյալ մնում է իր քաղաքական ընտանիքի, ընկերների հույսին։ Ընդդիմությունը սկսում է սվոյ-չուժոյ քաղբանտարկյալներ անել, և ցավոք սրտի ոչ միայն չեն կարողացել Նիկոլին հեռացնել, այլ քաղբանտարկյալների պաշտպանության հարց լուծել»։
Հարցին՝ որպես քաղաքական մեխանիզմ իմպիչմենտը կաշխատի՞, Արմեն Աշոտյանը պատասխանեց․ «Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ իմպիչմենտը մնում է մրցունակ ու արդիական առաջարկ, որ մեր ընդդիմադիր գործընկերների կոնտր արգումենտները չեն դիմանում քաղաքական այս վայրիվերումների փորձությանը․ ներընդդիմադիր գզվռտոցն այլևս ժամանակավրեպ է»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով ԵՄ-ի անդամակցության հետ կապված Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին՝ Արմեն Աշոտյանն ասաց․ «ՀՀ-ԵՄ հարաբերությունները երբեք այսքան ցինիկ ու դատարկ չեն եղել, ոնց այսօր են, այդքան չեն հակասել ՀՀ-ի շահերին, ոնց որ այսօր են․․․Մինչև մեր ժողովրդին ավելի շատ հետաքրքրում է ադի բուդին, քան Աբու դաբին, որևէ հարց չի լուծվելու։ Այսօր Նիկոլն էլ ասուլիսին ասաց՝ դեմ եք ինձ, հելեք, ինձ փոխեք։ Այսինքն՝ ինքը քո լռությունն ընդունում է՝ որպես համաձայնության նշան, ոչ թե ՝որպես սթրեսի, հոգնածության, հիասթափության, ջղայնության նշան։ Նիկոլը մեր հավաքական լռությունը մեկնաբանում է՝ որպես համաձայնության նշան։ Կարծում եմ՝ ժողովուրդը հերթական մարտահրավերն է ստացել։ Դավիթի սաղմոսներն էր մեջբերում։ Լավ է, որ կարդում է, բայց չի հասկանում՝ ինչի մասին է։ Դավիթը հրեաների ազգային հերոս թագավոր է։ Երբ Նիկոլը սաղմոսներ է մեջբերում Դավիթից, զավեշտ է լսել ՀՀ ամենախայտառակ ղեկավարի շուրթերից ուրիշ ազգի ամենաազգային հերոսին վերագրվող հոգևոր տեքստերը»։
Հարցին՝ ի՞նչ ուղերձ ունեք Նիկոլ Փաշինյանին, Արմեն Աշոտյանը պատասխանեց․ «Հարյուր անգամ ասել ենք՝ գնա»։ Արտապատվիրակման մասին նրա հավաստիացումների առիթով էլ ասաց․ «Ինքը հիմնավորում է՝ ՀԷՑ-ը վերցնում ենք, քանի որ արտապատվիրակվել էր, վատ էր ու ասում է՝ Զանգեզուրի միջանցքի արտապատվիրակումը լավ է։ Աբսուրդ է, որ այդ աթոռին նստած մարդը համեմատում է ենթակառուցվածքը աշխարհաքաղաքական կոնկրետ ֆենոմենի հետ։ Պանամյան ցանց, Դարդանել, Բոսֆոր, Հարավային Օսիա․ որևէ մեկը, որ արտապատվիրակել է, հետո մարսե՞լ է։ Թուրքիան ուզում է Ստամբուլը շրջանցող նեղուց կառուցի, որ դուրս գա միջազգային իրավունքի դաշտից»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ