Լրահոս
Օրվա լրահոսը

Փանահին խոսեց իր երազանքից՝ Ֆիլմերն առանց սահմանափակումների ցուցադրվեն Իրանում

Հուլիս 16,2025 20:02

Համաշխարհային կինոարվեստի դեմքերից՝ Վենետիկի, Բեռլինի, Կաննի եւ այլ հեղինակավոր կինոփառատոնների մրցանակակիր կինոռեժիսոր Ջաֆար Փանահին Երեւանում է: Նրա «Մի պարզ պատահար» ֆիլմով բացվել է  22-րդ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը : Նշյալ ֆիլմը Կաննի 78-րդ կինոփառատոնում արժանացել էր  Ոսկե արմավենու ճյուղի:

Իր համարձակ ֆիլմերի պատճառով ավելի քան 10 տարի Փանահին հնարավորություն չէր ունենում դուրս գալ Իրանից, եւ միայն անցյալ տարի նման հնարավորություն ստանալով՝ մասնակցեց «Ոսկե ծիրանին», ու փառատոնի կողմից կինոարվեստում ունեցած մեծ ներդրումի համար արժանացավ «Փարաջանովյան թալերի»:

Իսկ այս տարի նրա ձեռքով «Փարաջանովյան թալերը» հանձնվեց մեկ այլ իրանցի կինոգիգանտի՝ Ամիր Նադերիին: Ջաֆար Փանահին «Փարաջանովյան թալերը» ծնկած հանձնեց Նադերիին ու յուրօրինակ վարպետության դաս ցույց տվեց՝ թե ինչպես կարելի է արտահայտել հարգանքն ու պատկառանքը մեկ այլ ռեժիսորի հանդեպ:

Կինոյի տանը՝ Մալյան թատրոնում կայացած հանդիպման ժամանակ ի թիվս այլնի՝ Ջաֆար Փանահին անդրադարձավ այս տարի Կաննի կինոփառատոնում ստացած իր մրցանակին, որը ստանալու նախորդ գիշերը աչք չէր փակել անհամբերությունից եւ հուզմունքից: Փանահիի ձեւակերպմամբ՝ այդ հաղթանակը շատ կարեւոր էր  ոչ միայն իր, այլեւ իր ֆիլմերի՝ բանտում գտնվող հերոսների համար։

Փանահին ափսոսանք հայտնեց, որ իր  ֆիլմերից միայն մեկն է ժամանակին Իրանում  մեծ էկրանին ցուցադրվել, միաժամանակ նշեց, որ բարեբախտաբար,  տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ արդեն շատերը կարող են դիտել դրանք: Ռեժիսորն ասաց, որ իր երազանքն է, որ  իր ֆիլմերն առանց սահմանափակումների ցուցադրվեն նաեւ Իրանում:

Նա դեռեւս անցյալ տարի, երբ 21-րդ «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն էր եւ Կինոյի տանը մասնակցում էր իր «Օֆսայդ» ֆիլմի ցուցադրությանը, որը 2006 թվականի Բեռլինի փառատոնին արժանացել էր «Արծաթե արջ» մրցանակի, հայտարարել էր, որ ֆիլմի դիտումը նվիրում է ազատության համար պայքարողներին եւ բոլոր նրանց, որոնք, երբ ինքն էր բանտում, շարունակում էին պայքարել կանանց իրավունքների, կյանքի եւ ազատության համար:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031