ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում ասաց. «Բոլորը գիտեն ավերներն ու աղետները, որ այս ազգակործանը բերել է մեր ժողովրդի գլխին: Ես մի դեպք եմ ուզում հիշել, որպեսզի պատկերացնենք այս մարդկանց ընկած լինելու աստիճանը: Ասում է՝ իրական Հայաստանի մասին է խոսում: Վերջերս, որ մեր անհետ կորածների ծնողները ճանապարհ էին փակել, դրանից առաջ ընդունելություն էին խնդրել, ու այդ ընդունելությունը տեղի չէր ունեցել, ես մի ահավոր դեպքի ականատես եղա: Հուզված ծնողն ասում էր, որ անգամ իրենց երեխաների մասունքներն են կեղծել: Այսինքն, անգամ այս դեպքում այս մարդիկ որեւէ բարոյականության շեմ չունեն: Խոսում է իրական Հայաստանի մասին, ու այդ Հայաստանից գրեթե ոչինչ չի մնացել: Արտապատվիրակվածների խմբակը խոսում է արտապատվիրակման մասին: Քանի որ թեման իրենց հոգեհարազատ է, այդ արտապատվիրակվածները գիտեն, թե ինչ ծրագիր են իրենք իրականացնում, համոզմունք ունեն, որ կարող են մեր ժողովրդին մոլորեցնել, հերթական զիջումը, հայրենահանձնումն անել:
Գիտեք, որ Թուրքիայում Ամերիկայի դեսպանը հայտարարություն արեց՝ ասելով՝ ի՞նչ է եղել, ձեզնից ի՞նչ է գնում, առնվազն մի 100 տարով տվեք մեզ: Ու հիմա սա եկել է այստեղ ու այդքան ավերներից, քանդելուց, այդքան զիջումներից, կործանումից հետո մեր ժողովրդին ուզում է համոզել, որ այդքան էլ վատ բան չէ, լավ բան է, այդ տարածքը որ տանք, այդ ճանապարհը որ տանք ուրիշ երկրի, դա մեզ համար մեծագույն հաջողություն է: Մարդ ինչքա՜ն պիտի իջնի, որ դա համարի հաջողություն:
Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներից էր խոսում, որ անգամ այդ տարածքներն էլ չկան՝ կտոր-կտոր տալիս է, հետն էլ ներկայացնում որպես մեծագույն հաջողություն: Սա իր հրեշավոր ծրագրերը քողարկելու համար նոր անուններ է հորինում: Արցախին ասաց՝ նշաձողն իջեցնենք, Արցախը չկա, այստեղ ասում է՝ միջանցք չի, արտապատվիրակում է: Արտապատվիրակվածը ձեր ուղեղներում է, ա՛յ արտապատվիրակվածներ: Դուք ի՞նչ կապ, ընդհանրապես ի՞նչ առնչություն ունեք այս երկրի հետ, մեր ժողովրդի հետ, մեր ազգային շահերի հետ:
Հայաստանի փայլուն հարաբերություններ եք ներկայացնում: Ո՞ւմ հետ փայլուն հարաբերություն ունեք: Անցած անգամ ասել եմ, հիմա էլ ասեմ, որովհետեւ ինձ շատ զանգեր են գալիս: Վրաստանի Հանրապետության տարածքում հայկական բեռնատարները, որոնք բեռնված են գյուղատնտեսական մթերքով, ջերմոցային տնտեսության տարբեր ապրանքներով՝ ծաղիկ, լոլիկ եւ այլ ապրանքներ, այսօր Վրաստանի սահմանն անցնելու խնդիր ունեն: Հեղուկ գազը 30-40 % արդեն թանկացել է: Այդ հեղուկ գազով բեռնատարները կանգնած են Վրաստանում ու չեն շարժվում: Մեկն էլ կար, էկոնոմիկայի ոչ բարով նախարարը, որ իր գործը թողած՝ եկեղեցու դեմ արշավով է զբաղված, ասում է՝ մի քանի մեքենա արդեն եկել է: Շատերն անձնական նախաձեռնությամբ են իրենց հարցերը լուծելու համար Վրաստանի պաշտոնյաների հետ փորձում հարաբերություններ հաստատել, որովհետեւ պետությունը նրանց բառիս բուն իմաստով անտեր է թողել, որովհետեւ պետություն չկա, արտապատվիրակվածների պետությունը գոյություն չունի, իրենց համար հայ մարդ չկա:
Կարդացեք նաև
Ինքը գնացել, Թուրքիայում հայտարարել է, որ մեզ համար սփյուռքը գոյություն չունի: Ո՞ր երկրների սահմաններն են բացվելու, որ ապրանքը ռեալիզացնեք: Այն, որ Թալեաթի անունով պիտի կոչվի, արդյո՞ք ծրագրի մի մաս չէ՝ հարաբերությունները վատթարացնելու հարեւան բարեկամ երկրների՝ մասնավորաբար, Ռուսաստանի ու Վրաստանի հետ, եւ այդ բաց տեղը լրացնեք Թուրքիայով, ու դուք էլ լինեք Թուրքիայի սատրապ կամ ժամանակավոր կառավարիչ: Սա է այդ ծրագրի ամբողջ բովանդակությունն ու իմաստը:
Այսօր ինձ զանգում են տարբեր տնտեսվարողներ ու հարցնում, թե այս ի՞նչ եղավ: Յուրաքանչյուր ջերմոց ամեն օր մի քանի միլիոնի ծաղիկ է տանում, թափում: Բա, այդ մարդկանց հարցերը լուծիր: Երես չունես: Որովհետեւ բոլորին՝ Ռուսաստանին, Վրաստանին, Իրանին, խաբել ես: Միայն Էրդողանին ու Ալիեւին չի կարողանում խաբել ու նրանց հանձնարարականները տեղը-տեղին, ժամը-ժամի վրա կատարում է՝ հանկարծ մի րոպե չուշացնի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ