Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե այդ հարցերը 2015-ին տային ինձ, ավելի հստակ կպատասխանեի»․ Արմեն Աշոտյանի գործով վկա

Հուլիս 16,2025 22:49

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ընթացքում հարցաքննվեց ԵՊԲՀ ուսանողական խորհրդի նախկին փոխնախագահ Ալեքսան Հարությունյանը։ 2015-ին նա եղել է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամ։

Մեղադրող դատախազի հարցին՝ ի՞նչ լիազորություններ ուներ հոգաբարձուների խորհուրդը, նա պատասխանեց․ «Գումարի չափ կա, որից բարձր գնումների դեպքում խորհրդի որոշումն էր պետք»։

Վկան հարցերին ի պատասխան նշեց, որ բոլոր մեղադրյալներին ճանաչում է` բացառությամբ Ռոլանդ Դավթյանի։ Ասաց, որ գործին ծանոթ է՝ նախորդ հարցաքննությամբ պայմանավորված, տեղյակ է հանգստյան տուն ձեռք բերելու՝ որոշ դրվագների մասին։

Մյուս հարցին՝ հիմնադրամը խորհրդին հաշվետո՞ւ էր, Ալեքսան Հովհաննիսյանը պատասխանեց․ «Եթե այդ հարցերը 2015-ին տային ինձ, ավելի հստակ կպատասխանեի։ Այո, ֆինանսատնտեսական մասով քննարկումներ լինում էին։ Ե′վ նախորդ տարվա կատարողականի, և′ հաջորդ տարվա բյուջեի հաստատման հարցով նմանատիպ քննարկումներ լինում էին։ Այդ ժամանակ ուսանող եմ եղել և ուսանողական էնտուզիազմով եմ վերաբերվել այդ հարցերին»։

Նա մեղադրող դատախազի և նախագահող դատավորի հարցերին ի պատասխան ասաց․ «Ինքս եղել եմ Ծովասարում․ արտագնա նիստ ենք արել։ Առհասարակ հայտնի է, որ բնակարան են գնել Բժշկական համալսարանը և արհեստակցական կազմակերպությունը Բժշկական համալսարանի աշխատակիցների, ուսանողների հանգիստը կազմակերպելու համար»։

Դատախազը նաև հետաքրքրվեց՝ ի՞նչ պարբերականությամբ էին կազմակերպվում նիստերը, Ալեքսան Հովհաննիսյանը պատասխանեց, որ չի հիշում, որովհետև այդ ժամանակ նաև գիտխորհրդի անդամ էր․ անընդհատ նիստեր էին։

Մեղադրող դատախազն իր՝ հոգաբարձուների խորհրդի լիազորությունների հետ կապված հարցը վերաձևակերպեց․ «Ըստ գործի նյութերի՝ Մարթա Սիմոնյանի՝ որպես արհեստակցական կազմակերպության նախագահի կողմից կազմված զեկուցագրի հիման վրա 70 միլիոն դրամի չափով գումար փոխանցվել է։ Եթե զեկուցագրի հիման վրա է փոխանցվել գումարը, ակնհայտ է, որ Մարթա Սիմոնյանն ամեն փոխանցումից առաջ ռեկտորի հետ պայմանագիր չի կնքել։ Ակնհայտ է, որ 20 միլիոն դրամի ինչ-որ գույք կամ ինչ-որ բան է ձեռք բերվել։ Մինչև 70 միլիոն դրամ առանց պայմանագիր կնքելու է փոխանցվել արհեստակցական կազմակերպությանը։ Ուստի արհեստակցական կազմակերպությանը, երբ գումար է փոխանցվել՝ 20 միլիոնը գերազանցող, պարտադիր պե՞տք է հոգաբաբարձուների խորհրդով անցներ, թե՝ ոչ»։

Ալեքսան Հովհաննիսյանը պատասխանեց՝ չգիտեմ։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց․ «Կարծիքներ հայտնելու համար չենք հրավիրում վկաներին, այլ փաստի մասին տեղեկություններ հայտնելու»։

Նշենք, որ այս դատական նիստի ընթացքում վկայի հարցաքննությունը չավարտվեց։ Այն կշարունակվի հաջորդ դատական նիստի՝ հուլիսի 29-ին։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031