Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարումն է արտապատվիրակված, բայց ում՝ չգիտենք. տնտեսագետ

Հուլիս 16,2025 23:38

-Ես տպավորություն ունեմ ու Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների զգացողությունն է դա, որ ՀՀ կառավարումը մեզնից անկախ, մենք դրա մասին բացարձակ տեղյակ չենք, արտապատվիրակված է: Թե ով է իրականում կառավարում ՀՀ-ն՝ ես վստահ չեմ: Այստեղից էլ ինձ համար անորոշ է, եթե մենք վստահ չենք, թե ով է կառավարում ՀՀ-ն, ում է արտապատվիրակված, դրանից հետո մնացած հարցերը՝ ենթակառուցվածքներ, ճանապարհներ, այդ թվում՝ հանրային ծառայություններ մատուցող ընկերություններ եւ այլն, դժվար է արդեն դատողություն անել: Որովհետեւ ամենակարեւոր խնդիրը ՝ Հայաստանի ոչ մի քաղաքացի չի կարող վստահ ասել, որ  ՀՀ կառավարությունը կամ վարչապետը, նախագահը կատարում է  իր գործառույթները իր խղճի ու մտքի ներածին չափով ու արտապատվիրակված չէ: Սարսափելին այս խնդիրն է, ոչ թե մնացածը,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով վերջին ամիսներին հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում հաճախ կիրառվող  «արտապատվիրակում» եզրույթին եւ այսօր դրա վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի տված պարզաբանմանը: 

Հիշեցնենք, որ Փաշինյանն ասել էր, որ այսօր Հայաստանում արտապատվիրակման շատ հայտնի դեպքեր կան, օրինակ, «Զվարթնոց» օդանավակայանի կառավարումն է  արտապատվիրակված. «Բայց չեմ կարծում, որ որեւէ ձեւով ՀՀ ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը խախտված է: Ջրային համակարգի կառավարումն էլ արտապատվիրակված է: Նախկինում Հայփոստի արտապատվիրակման փորձ ենք ունեցել»:

Տնտեսագետն անդրադարձավ նաեւ բուն սկզբունքին, թե ինչու ու երբ պետք է ինչ-որ գործառույթ արտապատվիրակել. «Նախ սկսենք միջանցք եզրույթից. աշխարհի բոլոր ծայրերում ինչքան միջանցքներ կան, դրանք մարդասիրական միջանցքներ են, ոչ թե տնտեսական միջանցքներ: Քիչ են դեպքերը, երբ երկրները փոխշահավետ սկզբունքի հիման վրա ժամանակավոր պայմանավորվում են ճանապարհներ, կոմունիկացիաներ բացել տարբեր պայմաններով ու սկզբունքերով: Մեր  դեպքում մեզ համար գոյության խնդիր է: Ո՛չ Թուրքիան է դա թաքցնում, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ թուրանական աշխարհը: Որ  այդ ճանապարհը պետք է միավորի իրենց ռեսուրսները, իսկ ժամանակակից աշխարհը հենց ռեսուրսների կառավարման աշխարհ է: Սա է դրված հիմքում: Եթե պարզ նպատակ կա, ոչ թե հետին թաքնված օրակարգ, ապա այն ճանապարհը, որը ՀՀ-ն ոչ միայն այս իշխանության օրոք, նախկինում եւս պատրաստ են եղել համատեղ օգտագործման՝ փոխադարձ շահերը հաշվի առնելով, շատ է  դրա մասին խոսվել:

Տարբեր միջազգային ֆորումների ժամանակ իմ կողմից առաջարկ է  արվել, եթե մտավախություն կա, որ ՀՀ-ն երբեւէ կարող է  ճանապարհը փակել, հավասարակշռելու համար, ՀՀ-ն պետք  է պայման դնի՝ դեպի Սեւ ծով Թուրքիայով ճանապարհի տրամադրում: Եթե ինչ-ինչ մտավախություն կա, որ ՀՀ-ն կարող է Սյունիքով անցնող ճանապարհը երբեւէ փակել, ապա դա հավասարապես վնաս կբերի ՀՀ տնտեսությանը, որովհետեւ չի աշխատի դեպի ծով ելքը: Կան բազմաթիվ այլ լուծումներ, բայց քանի որ գիտունիկների կառավարություն է ու չեն ուզում փորձագետներին լսել, պատին են դեմ առել ու պատի առաջ կանգնած անընդհատ փորձում են չեղած իմպրովիզացիաներ անել: Բնական է, որ դա չի ստացվի ու կարող է վերջում իսկապես վերաճել զինված ընդհարման, որը չեմ բացառում: Մեր թշնամիներն էլ չեն թաքցնում, ասում են՝ եթե խաղաղ ճանապարհով չանեք, կհարկադրենք, որ անեք: Այս պարագայում գործող իշխանությունն ուղղակի փակուղի է մտել, եւ ինքնուրույն, մտավոր ու մասնագիտական կարողությունները չեն բավարարելու գտնել ճիշտ ու արդյունավետ լուծում: Շատ վտանգավոր փուլում ենք հայտնվել, ու քաղաքականը տնտեսականից զատել հնարավոր չէ: Պետք է ձեւավորել հայկական առաջնահերթություններից բխող հայկական օրակարգ, դա մշակել ու դրա շուրջ բանակցել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031