Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոսել Արցախ վերադարձի մասին, հետո հայտարարել՝ կներեք, մեզ մոտ չստացվեց, մենք գնում ենք տուն, նշանակում է Նիկոլ Փաշինյանին լեգիտիմ հնարավորություն տալ՝ փակելու Արցախի հարցը»

Հուլիս 17,2025 13:00

«Առավոտի» զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

– Տիկին Հակոբյան, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հուլիսի 12-ին հրավիրած հանրահավաքից հետո հուլիսի 14-ին հայտարարեց, որ այս փուլում դադարեցնում են փողոցային պայքարը։ Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը, ինչո՞ւ հնարավոր չեղավ համախմբում ապահովել։

– Ես ողջունում եմ ցանկացած նման նախաձեռնություն, բայց առաջին հայացքից է հեշտ թվում, որ հերիք է կոչ անել, եւ մարդիկ դուրս կգան փողոց, կհամախմբվեն։ Դա այդպես չէ, եւ խորհուրդը, որը ստեղծվել էր, դրա կազմում ոչ փորձառու երիտասարդներ էին, որոնք միգուցե ազնիվ մղումներով փորձում էին ինչ-որ բան անել։ Առաջին հանրավաքի ժամանակ մենք մեր դիտարկումներն արեցինք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ չի կարելի շրջանցել ընդհանուր օրակարգը եւ կենտրոնանալ մեկ-երկու հարցի վրա։ Բացի դա, սխալ է գնալ համագործակցության այն իշխանությունների հետ, որոնք փաստացի հանձնել են Արցախը, որոնք ամեն բան անում են, որպեսզի որեւէ արցախցի չմնա Հայաստանում կամ մնացողները հանդես չգան որպես արցախցիներ եւ չխոսեն Արցախի մասին։ Գնալ այդ իշխանությունների հետ համագործակցության՝ հույս ունենալով, որ այդ իշխանությունները կկարողանան գոնե սոցիալական հարցերը լուծել, եւ անունը դնել, որ այստեղ չկա քաղաքականություն, սա հումանիտար հարց է, այդտեղ արդեն ի սկզբանե հնարավոր չէր հաջողության հասնել։ Մենք բազմիցս փաստել ենք, որ իշխանության ցանկացած գործընթաց չի կարող քաղաքական չլինել, սոցիալական ուղղությունը եւս քաղաքականություն է, որը ծրագրավորված իր ընթացքն ունի։ Հետեւաբար, պետք է ընդունել, որ այս իշխանությունների սոցիալական ուղղությունն արցախցիների նկատմամբ այսպիսին է, որպեսզի արցախցին հնարավորություն չունենա արժանապատիվ ապրել ՀՀ-ում՝ իր հայրենիքում եւ ստիպված լինի լքել այն՝ այլեւս չմտածելով իր վերադարձի մասին։ Խնդիրը սա էր, որը խորհուրդը լավ չընկալեց կամ չուզեց ընկալել։

Երկրորդ հանրահավաքից հետո համարյա մեկ շաբաթ խորհրդատվություններ են տեղի ունեցել հենց իրենց նախաձեռնությամբ։ Իրենք են նախաձեռնել հանդիպումներ քաղաքական ուժերի հետ՝ թե արցախյան, թե հայաստանյան։ Եվ հավատացեք՝ բոլորի դիտարկումները նույնն են եղել։ Ամեն դեպքում իրենք երեւի ինչ-որ հրաշքի էին սպասում կամ մտածում էին, որ ինչ-որ բան կարող է փոխված լինել։ Ուղղակի շատ վտանգավոր է, երբ այսպիսի նախաձեռնություններ են լինում, հետո հայտարարում են դրանց դադարի մասին։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանին լեգիտիմ հնարավորություն են տալիս փակելու Արցախի հարցը, որովհետեւ խոսել Արցախ վերադարձի մասին, հետո հայտարարել՝ կներեք, մեզ մոտ չստացվեց, մենք գնում ենք մեր տուն, սա առնվազն իշխանությունների ջրաղացին ջուր լցնել է։ Սրա իրավունքը որեւէ մեկը չունի։ Մենք ի սկզբանե ողջունել ենք այդ գործընթացը, որն իրենք սկսել էին, բայց նաեւ նախազգուշացրել ենք՝ իմացեք, որ դուք իրավունք չունեք ինչ-որ փուլում հետ կանգնելու, որովհետեւ հենց դրանով դուք օգնելու եք այս իշխանություններին՝ շարունակել փակել Արցախի հարցը։ Ցավոք, իրենք ականջալուր չեղան։

Հասկանալի է՝ պարտությունը երբեք տերեր չի ունենում, եւ իրենք հուլիսի 14-ին փորձեցին իրենց վրայից այդ պատասխանատվությունը դեն գցել եւ, չգիտես ինչու, նորից մեղավորությունը բարդեցին Արցախի իշխանությունների վրա։ Ուղղակի մի քիչ ազնվություն էր պետք ունենալ, երբ հայտարարում էին, որ ԱԺ հինգ խմբակցությւոններից մարդիկ կային խորհրդում, բայց չկանգնեցին իրենց կողքին։ Մեր խմբակցության ղեկավարը՝ Դավիթ Գալստյանը, որը խորհրդի անդամ է, կալանավայրում է։ Այստեղ պետք էր ազնվություն ունենալ եւ այդպիսի հայտարարություն ուղղակի չանել։

– Իրենք ասում են, որ հասարակ մարդիկ պատասխանատվություն չունեն, բայց հենց Արցախի իշխանություններն են, որ պատասխանատու են ժողովրդի առաջ, եւ Արցախի ԱԺ պատգամավորները պետք է ակտիվ լինեն։ Համաձա՞յն չեք, որ ճիշտ են ասում, հենց Արցախի իշխանությունները պետք է փորձեին այդ հարցերով ակտիվ լինել։

– Իհարկե, ունենք պատասխանատվություն, եւ հանրահավաքի ժամանակ պատգամավորներն այնտեղ էին։ Եվ Արցախի Ազգային ժողովը որեւէ կերպ իր վրայից պատասխանատվությունը չի գցել։ Ազգային ժողովը շատ լավ է հասկանում ՀՀ իշխանությունների վարած այդ քաղաքականությունը։ Ի վերջո, այս Ազգային ժողովը 2020 թվականից պայքարում է այս իշխանությունների դեմ։ Եվ մենք որեւէ կերպ չենք դադարեցրել մեր պայքարը։ Միգուցե խորհուրդը տեղյակ չէ այն գործունեության մասին, որը մենք ծավալում ենք, որովհետեւ իրենք հետաքրքրված չեն եղել, բայց մենք բավականաչափ աշխատանք ենք կատարել։ Վերջերս ամենամեծ աղմուկ հանած գործունեությունը, որը մենք ծավալեցինք, այն էր, որ Շվեյցարիայի խորհրդարանի ստորին եւ վերին պալատները որոշում ընդունեցին Արցախի հարցով խաղաղության կոնֆերանս անցկացնելու մասին։ Դրանից հետո դուք տեսնում եք, թե գործընթացներն ուր են հասել, արդեն Վաշինգտոնում կոնգրեսականների հետ են քննարկում։ Եվ դա անում է Ազգային ժողովը։ Եթե առաջին հայացքից իրենց թվում է, որ սոցիալականն է Ազգային ժողովի խնդիրը, այո, դա եւս Ազգային ժողովի խնդիրն է։ Եվ մենք փաթեթներով բազմաթիվ առաջարկություններ ենք ուղարկել Հայաստանի կառավարություն։ Չգիտեմ՝ իրենք տեղյակ են, թե ոչ, բայց այնպես, ինչպես իրենց առաջարկները որեւէ ընթացք չստացան, այնպես էլ մեր առաջարկությունները հիմնականում տեղ չգտան կառավարության ընդունած որոշումների մեջ։ Ինչո՞ւ, որովհետեւ կրկնում եմ՝ այս իշխանությունները որոշել են վերացնել արցախցիներին։ Այստեղ պետք չէ մեղավորներ փնտրել, այստեղ պետք է համագործակցել եւ միասին քայլեր անել։

Միգուցե խորհրդի վերափոխվելուց հետո կորոշեն, որ ճիշտը միասին աշխատելն է։ Ես առավել քան համոզված եմ, որ իրենք հենց այդպես էլ անելու են, որովհետեւ իրենց սխալների հետեւանքով համոզվեցին, որ մենք ամեն դեպքում ճիշտ էինք ասում։ Ես կարծում եմ, որ իրենց այդ մոտեցումները հիմնականում անփորձության հետեւանք են։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.07.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031