2023 թ. դեկտեմբերի 8-ից ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատում էր Ռ. Շավալյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թ. հունիսի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը: Հուլիսի 11-ին Վճռաբեկ դատարանն ավարտեց բողոքի քննությունը: Այն գրավոր ընթացակարգով էր:
Ռ. Շավալյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2019 թ. մայիսի 31-ին, ժամը 11-ի սահմաններում, տաքսի ավտոմեքենայով իր ընկերներ Ս. Խ.-ի եւ Արտյոմի հետ միասին գնացել է Երեւանի Բագրատունյաց փողոցի 70 հասցեի մոտ (Տեցի կռուգ), կանգնել մարմնավաճառությամբ զբաղվող Է. Ա.-ի եւ Ա. Ա.-ի մոտ: Ապա իր մոտ գտնվող դանակը ցուցադրելով` Է.Ա.-ին սպառնալով, հրահանգել է նրան նստել տաքսի ավտոմեքենան եւ գնալ իր հետ: Է. Ա-ն իր կամքին հակառակ նստել է տաքսին: Ռ. Շավալյանը վարորդին ասել է, քշի Երեւանի Հին Երեւանցի փողոց` Է.Ա-ին տեղափոխել նշված վայր` այդ կերպ բացահայտ առեւանգելով նրան:
Տուժողը ցուցմունք էր տվել, որ դեպքի օրը եղել է բարձրակրունկներով, չէր կարող հեռանալ, վազել, փախչել, բայց եւ կարողացել է զանգել դստերը, ասել, որ իրեն առեւանգել են…
2019 թ. հունիսի 6-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում ՀՀ քրեական գրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է թիվ 11197619 քրեական գործը։
Կարդացեք նաև
2019 թ. հոկտեմբերի 7-ին Ռ. Շավալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։
2019 թ. հոկտեմբերի 7-ին Ռ. Շավալյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն օրը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԵԴ/0935/06/19 որոշմամբ մեղադրյալ Ռ. Շավալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ երկու ամիս ժամանակով:
2019թ. հոկտեմբերի 14-ին Ռ. Շավալյանը ձերբակալվել է, ապա կալանավորվել: Հետագայում, ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացվել է, խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 1.200.000 ՀՀ դրամի չափով:
Դատարանի 2019թ. դեկտեմբերի 9-ի որոշմամբ մեղադրյալ Ռ. Շավալյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է երկու ամիս ժամանակով, եւ պաշտպանի միջնորդությունը՝ կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ, մերժվել է։
Պաշտպան Շ. Շահինյանը մի շարք միջնորդություններ էր արել, նրանցից մեկը բավարարվել էր: Նրա պաշտպանյալի նկատմամբ նշանակվել է համալիր դատահոգեբուժական եւ դատահոգեբանական ստացիոնար փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել էր ՀՀ ԱՆ կից միջգերատեսչական հանձնաժողովին։
Փորձագետին առաջադրվել հետեւյալ հարցերը.
1. Ռ. Շավալյանը նախկինում եւ ներկայումս որեւէ հոգեկան հիվանդությամբ տառապել կամ տառապում է, թե ոչ, եթե այո, ապա ինչպիսի հիվանդությամբ եւ երբվանից:
2. Եթե Ռ. Շավալյանը տառապել է հոգեկան հիվանդությամբ, ապա 31.05.2019թ.-ին եւ 10.10.2019թ. մեղսագրված հանցավոր արարքներ ենթադրաբար կատարելու պահին այդ հիվանդությունը զրկել է նրան իր գործողությունների համար հաշիվ տալու եւ դրանք ղեկավարելու ընդունակությունից, թե ոչ։
3 Ռ.Շավալյանը մեղսագրված հանցավոր արարքները ենթադրաբար կատարելու պահին եղել է մեղսունակ, սահմանափակ մեղսունակ է, թե անմեղսունակ է։
4. Ռ. Շավալյանը կարիք ունի՞ արդյոք հարկադիր բուժման, եթե այո, ապա ինչ տեսակի հոգեբուժական բաժանմունքի պայմաններում։
2022թ. օգոստոսի 24-ի դատավճռով Ռ. Շավալյանին 2003թ.-ի ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետով մեղսագրվող արարքը վերաորակվել է եւ նա մեղավոր է ճանաչվել 2021թ. ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում՝ նրա նկատմամբ պատիժ է նշանակվել 2 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկումը:
2023 թ. հունիսի 15-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դատախազ Հ. Ղազարյանի վերաքննիչ բողոքը, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թ. օգոստոսի 24-ի դատավճիռը թողնվել է անփոփոխ:
Ըստ Վճռաբեկ դատարանի` 2021 թ. հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչեւ սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքները բերվում եւ քննվում են մինչեւ 2022 թ. հուլիսի 1-ը գործող կարգով»։
Այսինքն, 2022 թ. հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում եւ քննվում են 2022 թ. հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետեւաբար, այս բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ, հիմք է ընդունվում 2022 թ. հուլիսի 1-ից գործող կարգը։ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ռ. Շավալյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թ. հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետեւությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թ. հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:
Վճռաբեկ դատարանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ առեւանգման հանցակազմով անձին մեղսագրելու համար անհրաժեշտ է գործում առկա փաստական տվյալներով հաստատված համարել, որ առեւանգումը կատարվել է մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ։ Մինչդեռ, սույն գործում առկա չէ որեւէ տվյալ առ այն, որ ամբաստանյալ Ռ. Շավալյանը նախապես պատրաստել կամ հարմարեցրել է համապատասխան առարկան՝ հանցանքը կատարելու համար։ Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտել բողոքաբերի այն փաստարկին, որ դանակն ի սկզբանե ունի անձին մարմնական վնասվածք պատճառելու հատկություն, եւ հանցավորի կողմից այն նախապես հարմարեցնելու կամ պատրաստելու անհրաժեշտությունը բացակայում է: Հետեւաբար, եթե հանցավորն արարքը կատարում է դանակի գործադրմամբ, արդեն իսկ ենթադրվում է, որ անձն օգտագործում է մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված առարկա։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերոնշյալ մեկնաբանությունը չի բխում ինչպես քննարկվող ծանրացնող հանգամանքի բովանդակությունից, այնպես էլ այդ հարցում օրենսդրի դրսեւորած կամքից։
Գործող եւ նախկին քրեական օրենսգրքերը ծանրացնող հանգամանքներում կատարված խուլիգանության հանցակազմի քննարկվող հատկանիշը նկարագրելիս օգտագործում են տարբեր ձեւակերպումներ. մեկը՝ «որպես զենք օգտագործվող առարկաների գործադրում» (ՀՀ գործող քրեական օրենսգրքի 258-րդ հոդված), իսկ մյուսը՝ «մարմնական վնասվածքներ հասցնելու համար հատուկ հարմարեցված առարկաների գործադրում» (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 222-րդ հոդված)։
Ըստ Վճռաբեկ դատարանի՝ նշված ձեւակերպումների միջեւ առկա է ոչ միայն խմբագրական, այլեւ նորմատիվային տարբերություն. ՀՀ նոր քրեական օրենսգրքի 258 հոդվածի տեքստից բացակայում է մարմնական վնասվածքներ հասցնելու (կենդանի նշանակետ խոցելու) համար օգտագործվող առարկայի այն հատկանիշը, որ դա պետք է հատուկ հարմարեցված լինի մարմնական վնասվածքներ հասցնելու համար։ Հետեւաբար 2003 թ. օգոստոսի 1-ից` նոր քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո, արարքը որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանության հանցակազմով որակելու համար անհրաժեշտ չէ, որ այդ առարկաները հատուկ հարմարեցված լինեն. դրանք կարող են վերցված լինել նաեւ դեպքի վայրում։
Որոշման մեջ կար նաեւ այսպիսի եզրահանգում: Եթե նախկինում օրենսդիրն էական նշանակություն էր տալիս որպես զենք օգտագործվող առարկայի գործադրման վաղօրոք ծագած դիտավորությանը, ապա ներկայումս առավել էական է ինքնին գործադրման փաստը։ Այսինքն, օրենսդրի դիրքորոշման փոփոխության հիմքում ընկած է այն մոտեցումը, որ խուլիգանության արդյունքում խաթարվող հասարակական հարաբերությունների բնույթը, ինչպես նաեւ տուժողին հասցվող վնասի աստիճանը էապես պայմանավորված չէ այն հանգամանքով, թե հանցագործության գործիքը, որպես զենք օգտագործվող առարկան, հատուկ հարմարեցված է, թե ոչ, եւ այն հանցավորի կողմից բերվել է, թե վերցվել է դեպքի վայրից:
Ականատես վկաներից երկուսը մահացել են, սակայն դատարանում հրապարակվել են նրանց նախաքննական ցուցմունքները, որոնք եւ գնահատվել են:
Վճռաբեեկ դատարանի քրեական պալատը Ռ. Շավալյանի վերաբերյալ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թ. օգոստոսի 24-ի դատավճիռը եւ այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թ. հունիսի 15-ի որոշումը թողել է անփոփոխ: Իսկ խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացրել է:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.07.2025