Ի դեպ, ի՞նչ կապ ունի Արեն Մկրտչյանն ավտոբուսների հետ: Նա ընդամենը Ազգային ժողովի պատգամավոր է, ո՛չ Ալավերդու համայնքապետն է, ո՛չ Լոռու մարզպետը, ընդամենը մի ՔՊ-ական շարքային ուսապարկ է, որն ամեն հնարավոր քայլի դիմեց, որպեսզի «Ապրելու երկիր» կուսակցության ընտրված համայնքապետ Արկադի Թամազյանին ապօրինաբար հեռացնեն իշխանությունից եւ Շնողի նախկին ՀՀԿ-ական գյուղապետին Ալավերդու համայնքապետ նշանակեն: «Հրապարակն» Արկադի Թամազյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ ավտոբուսների մասին է խոսքը, արդյո՞ք 180 մլն դրամը շատ չէ ընդամենը հինգ ավտոբուսի համար: Թամազյանը, անդրադառնալով թեմային, նկատեց. «Սուբվենցիոն ծրագիր են իրականացրել, 180 մլն դրամ հատկացրել: Երբ ես համայնքապետ էի, համայնքին օգտագործման կարգով տրամադրել էի ավտոբուսներ, խոսքը միկրոավտոբուսների մասին է, սակայն այս իշխանությունը չցանկացավ դրանք օգտագործել: Չվերցրին` ավելի ճիշտ: Վեց միավոր միկրոավտոբոսներ էինք բերել՝ «Ապրելու երկիր» հիմնադրամի միջոցներով, համայնքին էին տրամադրվել՝ օգտագործելու նպատակով, սակայն այս մարդիկ հիմնադրամին չդիմեցին, իրենց պատվից վեր համարեցին դիմելը, փոխարենը 180 մլն դրամով հինգ ավտոբուս գնեցին:
Համայնքապետն ընդամենը պետք է դիմում ներկայացներ, քանի որ կար արդեն իսկ ավագանու որոշում, համայնքը զավթեցին, զավթելուց հետո որոշեցին, որ հիմնադրամին դիմելու կարիք այլեւս չկա, ուստի որոշեցին բյուջեից այդքան գումար ծախսել: Իրականում, հինգ միավոր ավտոբուսի համար այդքան մեծ գումարներ ծախսելը սարսափելի է: Համայնքի համար լավ բան են արել, այդտեղ ոչինչ չունեմ ասելու, բայց եթե արդեն իսկ համայնքին տրամադրվել էր, իրենք անտեսեցին: Այն բոլոր ծրագրերը, որոնք մինչ օրս համայնքում չեն իրականացվել, թողնել եւ տրանսպորտի վրա նման հսկայական գումարներ ծախսել, սարսափելի է ուղղակի: Ջրհեղեղից անցել է համարյա մեկուկես տարի, դեռեւս ոչինչ չի արվել:
Ինչ վերաբերում է Արեն Մկրտչյանին, նրա ակտիվությանը, ապա ասեմ, որ նա քանի որ ընտրությունների ժամանակ պարտվեց, հիմա այդ պարտությունը տեղացիներին փորձում է այլ կերպ ներկայացնել: Ուզում է ասել՝ պարտվեցի, բայց կարողացա զավթել համայնքը, զավթելուց հետո էլ իր կադրերին է բերել: Համայնքում այնքան լուրջ խնդիրներ կան, լավ կանեն՝ դրանց մասին մտածեն»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: