Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Կարապետյան. «Առաջին ֆեյք միջոցը, որ փորձելու են հակադրել Սամվել Կարապետյանի գաղափարներով նոր ուժին, այսպես կոչված, «ռուսական ֆեյքն» է»

Հուլիս 17,2025 12:40

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանն այսօր տեսաուղերձով դիմելով հանրությանը՝ խոսեց այն ֆեյքերի մասին, որոնք ընդդիմախոսներն օգտագործելու են իրենց նոր ստեղծվող քաղաքական ուժի նկատմամբ:

«Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ ստեղծում է նոր գաղափարներով նոր ուժ, որի նպատակը Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին նոր ձեւով, «Մեր ձեւով» պատասխանելն է:

Առաջին ֆեյք միջոցը, որ փորձելու են օգտագործել եւ հակադրել մեզ, այսպես կոչված, «ռուսական ֆեյքն» է: Ի՞նչ է «ռուսական ֆեյքը»: Քանի որ Սամվել Կարապետյանն իր գործունեության ընթացքում շատ տարիներ ապրել է Ռուսաստանում եւ ներդրումներն ու բիզնեսը հիմնականում Ռուսաստանում են, բնականից օգտագործվելու է հակառուսական թեզը, որ Ռուսաստանն ուղարկել է Սամվել Կարապետյանին, որպեսզի այստեղ ազդեցություն տարածի: Հիմնականում ով մտահոգված է Ռուսաստանի ազդեցությունից, մտահոգված է, որ Հայաստանի ինքնիշխանության հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ: Ամենածայրահեղականներն էլ ասում են՝ Հայաստանը կվերածվի գուբերնիայի:

Եկեք նայենք, թե իրականում ով է Հայաստանը վերածում գուբերնիայի: 2018 թվականին Ռուսաստանի դերը Հայաստանի առեւտրային շրջանառությունում եղել է ընդամենը 27 %: Այսօր Ռուսաստանի դերը Հայաստանի առեւտրային շրջանառությունում հասել է 45 %-ի: Եվս 15 % 2024 թվականի տվյալներով Ռուսաստանից եկող եւ Արաբական Միացյալ Էմիրություններ գնացող ոսկու, թանկարժեք քարերի եւ մետաղների արտահանումն է: Հետեւաբար, Հայաստանը սրանով եւս կապված է Ռուսաստանի հետ: Այսինքն, մեր ինքնիշխան տնտեսական քաղաքականության վերջին յոթ տարիների ընթացքում ռուսական դերը Հայաստանի առեւտրային շրջանառության մեջ 27 %-ից հասել է 60 %-ի: Կարող ենք ասել, որ դա հիմնական աճի լոկոմոտիվն էր, բայց նաեւ շատ մտահոգիչ է ոչ թե ռուսական հետքը, այլ ուրիշ բան, որ երկիրը չունի այլ տնտեսական գործընկեր, ում հետ նա զարգացնում է իր տնտեսական հարաբերությունները:

Ռուսաստանից բացի՝ ունենք երկու մեծ տնտեսական գործընկերներ: Մեկը Եվրամիությունն է, որի հետ տարեկան վեց անգամ քիչ է առեւտրային շարժը, քան Ռուսաստանի հետ: Ունենք նաեւ Չինաստանը, որի հետ էլ յոթ անգամ քիչ է առեւտրային շարժը, քան Ռուսաստանի հետ:

Որպեսզի դու ունենաս ինքնիշխանություն, պետք է ունենաս հավասարակշիռ տնտեսական քաղաքականություն: Երբ որ քո երկրի հիմնական առեւտուրը եւ երկիր եկող հիմնական դրամական միջոցները կախված են մի գործընկերոջից, ինչքան էլ խոսես ինքնիշխանությունից, դու չես կարող հավասարակշռել, եթե չանես քայլեր: Հայաստանի նոր, պրոֆեսիոնալ իշխանությունը երեք հիմնական ուղղություն է տեսնում, որոնց վրա պետք է աշխատի:

Ուսումնասիրել եւ գտնել երկիր, որտեղ մեր ապրանքները կարող են մրցունակ լինել: Հայաստանի արտահանման մեջ նշանակալի դեր ունի, օրինակ, Իրաքը: Լինելով ոչ հարուստ երկիր, բայց էքսպորտը դեպի Իրաք բավականին զարգանում է: Մեր հարեւան Իրանը այդ հնարավորությունը չի տալիս, քանի որ փակ, պրոտեկցիոնիստական երկիր է, Թուրքիան ոչ մի հայկական ապրանքի արտահանում թույլ չի տալիս: Անգամ Վրաստանի միջոցով հնարավոր չէ: Իսկ տարածաշրջանային մյուս երկրներն ունեն մրցակցային շատ բարդ կոնյուկտուրա:

Ի՞նչ պետք է անի Հայաստանի կառավարությունը: Առաջին, ընտրի երկիրը եւ ստեղծի ինստիտուտ՝ անվճար պահեստ հայկական արտադրողի համար: Երկրորդ, գտնի այդ երկրի մեջ եղած հիմնական սպառող ուղղություններին՝ առեւտրային ցանցերին, մեծ սպառողներին, որոնք գնում են այն ապրանքը, որը Հայաստանն է արտադրում: Եվ երրորդ, այդ մարդկանց, այդ թիմերի հետ կարողանա աշխատանք տանել:

Մենք պետք է կենտրոնանանք նոր զարգացող արաբական, Հարավային Ասիայի եւ Միջին Արեւելքի շուկաների վրա: ԱՄՆ-ը աշխարհի ամենամեծ ներմուծողն է, դրա համար նպատակահարմար է աշխատել նաեւ Ամերիկայի հետ:

Իսկ ի՞նչ է արվել այս յոթ տարիների ընթացքում: Մի քանի հարյուր անգամ արտահայտել են ինքնիշխանության մասին թեզեր, սակայն չեն գտել գեթ մեկ երկիր, որի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնեն ոչ թե դեկլարատիվ՝ երկրների ղեկավարների հետ հանդիպելով, այլ թիմերով, նախարարություններով, խմբերով աշխատելով առեւտուրը զարգացնենն»,-ասաց Նարեկ Կարապետյանը:

Եվ որպեսզի հանրությանը ավելի հասկանալի լինի Ռուսաստանի հետ առեւտրային շրջանառության 45 %- 15 % -ը Հայաստանի համար, որին վերագրում են «Ռուսաստանի գուբերնիա» դառնալու հեռանկարը, Նարեկ Կարապետյանը համեմատական անցկացրեց այսօրվա Հայաստանի եւ Ռուսաստանի ամենահեռավոր «գուբերնիա» Վլադիվոստոկի մարզի միջեւ:

«Վլադիվոստոկի մարզը Ռուսաստանի հետ առևտրի մեջ իր շրջանառության ընդամենը 30 %-ն է անում: Իսկ ներկայիս Հայաստանի Հանրապետությունն անում է 45 % ու եւս 15 % Ռուսաստանից վերաարտահանված ապրանքն է: Այսինքն, մենք հիմա ավելի վատ տնտեսական անկախության վիճակում ենք, քան Վլադիվոստոկի մարզը:

Մեր գործընկերները շատ լավն են, նրանց հետ կարելի է միշտ աշխատել, բայց տնտեսության դիվերսիֆիկացիան շատ կարեւոր է, քանի որ գիտենք՝ երբեմն Լարսի խնդիր է լինում, տարածաշրջանային կոնֆլիկտներ են լինում: Եվ Հայաստանը պետք է ունենա նաեւ ուրիշ տնտեսական գործընկեր: Բայց այդտեղ մենք պետք է մուտք գործենք ոչ թե քաղաքական օրակարգով, այլ տնտեսական կոնկրետ օրակարգով, առանց հակադրությունների, միայն իրար հետ աշխատելու, իրար հետ բիզնես անելու տրամաբանությամբ:

Յոթ տարվա ընթացքում այն ֆեյք տպավորությունը, որ մեր հասարակությանը հրամցրել են, թե մենք գնում ենք ինքնիշխանության, ռուսական ազդեցությունից անկախության, չի արվել: Հակառակը, ռուսական դերը Հայաստանի տնտեսության մեջ ավելացել է»,-արձանագրեց Նարեկ Կարապետյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031