Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր բոլոր իշխանությունները ունեցել են մի խնդիր. նրանք քաղաքականացրել են պետական կառավարումը եւ այսպիսի քաղաքականացված պետական ապարատով հնարավոր չէ հաջողության հասնել». Նարեկ Կարապետյան

Հուլիս 17,2025 13:54

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանն այսօր տեսաուղերձում խոսելով ֆեյքերի մասին, որ ընդդիմախոսները կիրառում են անազատության մեջ գտնվող ազգային բարերար Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող նոր գաղափարներով ուժի նկատմամբ, առանձնացրեց շրջանառության մեջ դրվող «կապ այլ ուժերի հետ» ֆեյքը:

«Շատ կարեւոր է, որ մեր հայրենակիցներն իմանան ու պատրաստ լինեն դրան: Դա նախկինների հետ առնչություններ ունենալու ֆեյք թեզն է:

Երկրի բոլոր ղեկավարները ցանկություն են հայտնել աշխատել հայկական սփյուռքի կարկառուն ներկայացուցիչների հետ, մեծ ներդրողների հետ: Եվ Քըրք Քրքորյանի, Էդուարդո Էռնեկյանի պես, Սամվել Կարապետյանը նույնպես հրավիրվել է նոր ներդրումներ անելու: Ստեղծվել են երկրի, հայրենիքի ղեկավարի եւ հայրենիքում ներդրում անող գործարարի միջեւ աշխատանքային եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ: Այդ հարաբերությունները հարգալից են, սակայն անցած ճանապարհները ունեն տարբերություններ: Սամվել Կարապետյանի անցած ճանապարհը տնտեսական ճանապարհն է, զրոյից ամեն ինչ ստեղծելու, ենթակառուցվածքները զարգացնելու, թիմեր ստեղծելու ճանապարհն է: Պետական ապարատի ճանապարհը մի քիչ ուրիշ է, որը եւս հարգանքի արժանի է:

Հայ, սփյուռքահայ գործարարի համար կարեւոր չէ, թե ով է Հայաստանի ղեկավարը: Կարեւոր է, որ նրա ներդրումները, նրա աշխատանքը ծառայի ի բարօրություն հայրենիքի:

Քաղաքական ուժի հետ կապված: Իմ կարծիքով, այն քաղաքական ստրատեգիան, որը հաջողվել է 2000-ականներին, 2010-ականներին ու այսօր, չի կարող էֆեկտիվ լինել 2030 թվականին: 2030-ին մեր տարածաշրջանը, մեր հասարակությունը պետք է լրիվ ուրիշ մարտահրավերների պատրաստ լինի: Հարեւան երկրներն ու տարածաշրջանը ուրիշ դինամիկայի մեջ են: Եվ այն մեթոդներով, որով կառավարել ես 2000-ականներին, հնարավոր է՝ չկարողանաս էֆեկտիվ կառավարել 2030-ին:

Ինչպե՞ս կարող ենք հիմնավորել, որ մեր քաղաքական նոր ուժը կարող է ավելի պրոֆեսիոնալ կառավարել: Նոր ուժը ունի մեկ սկզբունք. հիմնական, հիմնարար գաղափար, որի շուրջ ստեղծվելու է մյուս ուղղությունների հիմքը: Ինչն է հիմնական գաղափարը: Եթե երկրի կառավարման մեջ կա պրոֆեսիոնալ, որը տիրապետում է իր գործին, ձեռքերը մաքուր են, նա, չնայած իր քաղաքական հայացքներին, պետք է մեծ դեր զբաղեցնի երկրի զարգացման մեջ: Մեր բոլոր իշխանությունները ունեցել են մի խնդիր. նրանք քաղաքականացրել են պետական կառավարումը: Որպեսզի ունենաս քո երկրի ուժեղ ղեկավար կազմ, պետք է ապաքաղաքականացնես երկրի որոշում կայացնողներին: Այսինքն, նախարարությունները պիտի լինեն միայն պրոֆեսիոնալիզմի հիմքի վրա ստեղծված համակարգեր:

Մեր քաղաքական թիմի գործընկերները գիտեն եւ հասկանում են, որ հիմնականում գնահատվելու է պրոֆեսիոնալիզմը:Այսպիսի քաղաքականացված պետական ապարատով հնարավոր չէ հաջողության հասնել: Դու պետք է ներգրավես սփյուռքից լավագույն մասնագետներին, պետք է ներգրավես երկրիդ մեջ եղած անգամ ընդդիմության լավագույն մասնագետներին եւ բիզնեսից՝ մեծ փորձ ունեցող մարդկանց:

Շատերն ասում են, որ բիզնեսը չպետք է մտնի պետական ապարատ: Լավ, եկեք համարենք, որ չի մտնում, բիզնեսի ղեկավար կազմը երբեք չի լինում պետական ապարատի մեջ: Ովքե՞ր պետք է լինեն մեր պետական համակարգի կառավարիչները, եթե ոչ այն մարդիկ, որոնք ունեն փորձ: Միայն կորպորացիաների ղեկավարները կարող են ղեկավարել 5000, 10000 անձնակազմից բաղկացած թիմ, ինչպես ԱՄՆ-ում է, Եվրոպայում, նաեւ Ռուսաստանում: Եթե ասում ենք՝ բիզնեսը չպետք է զբաղվի քաղաքականությամբ եւ պետական կառավարման հետ կապ չունենա, սփյուռքը պետական կառավարման հետ կապ չպետք է ունենա, ընդդիմությունը պետական կառավարման մեջ մաս չպետք է ունենա, մեր բնակչությունը 3 միլիոն է: Չես կարող գտնել այդքան խելացի, բանիմաց մարդ, որոնց այդքանի միջից հանելով կարողանաս լավ թիմ ձեւավորել:

Կառավարելով մեր ընկերությունները, շատ են եղել դեպքեր, երբ ինձ հետ կապ են հաստատել այս կամ այն կողմի մեր գործընկերները եւ մատնանշելով ոմանց, ասել, թե ինչու եմ այս ընդդիմադրի հետ աշխատում կամ ինչու եմ այն իշխանականի հետ աշխատում: Մեր պատասխանը միշտ նույնն է եղել, որ եթե այդ մարդը պրոֆեսիոնալ է, ունի մարդկային որակական այն հատկանիշները, որ կարելի է իրեն վստահել կարեւոր գործ, նրա քաղաքական հայացքները նշանակություն չունեն, եւ մենք միշտ այդպիսի մարդկանց հետ աշխատելու ենք:

Այս նույն քաղաքականությունը մեր քաղաքական թիմը առաջարկում է կիրառել Հայաստանում: Եթե ընդդիմադիր է, պրոֆեսիոնալ եւ ձեռքերը մաքուր են, պետք է լինի պետական ապարատում: Եթե սփյուռքից է, ավելի լավ, նա պետք է լինի ապարատում եւ աշխատանք կատարի, քանի որ ունենալու է հայրենասիրական լուրջ ձգտումներ: Դա է միակ ճանապարհը դեպի ապաքաղաքական պետական իշխանություն: Վերջապես, պետք է պրոֆեսիոնալները կառավարեն»,-ասաց Նարեկ Կարապետյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031