Հանուն Եկեղեցո՞ւ, թե ընդդեմ նրա. ո՞րն է իրական օրակարգը
2025 թ․ հուլիսի 16-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց. «Վեհարանն ազատելու ենք այնպես, ինչպես ՀՀ-ն ազատեցինք Սերժ Սարգսյանից․․․․ Այն, ինչ ես անում եմ, ոչ թե ընդդեմ, այլ հանուն Եկեղեցու է»։
Այս հայտարարությունների հիմքում առկա են մի քանի էական վտանգներ, որոնք պարտադիր է բացահայտել և բարձրաձայնել՝ ելնելով մեր ազգային ինքնության, հոգևոր անվտանգության և պետության կայունության շահից։ Նախ՝ քաղաքական հեղափոխության մեխանիզմներն ու սկզբունքները չի կարելի տեղափոխել հոգևոր դաշտ։ 2018 թ․ հեղափոխությունը եղել է աշխարհիկ-քաղաքական շարժում՝ միտված իշխանափոխության և կառավարման համակարգի վերակառուցման։ Դրա նպատակները, գործիքակազմը և հետևանքները վերաբերում էին պետական կառավարման համակարգին։ Իսկ Եկեղեցին՝ հատկապես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, հիմնված է դարերով ամրագրված հավատամքի, ավանդույթների, կանոնակարգի և հոգևոր ժառանգության վրա։ Այն ազգի ոգեկան սուրբ տարածությունն է, ոչ թե քաղաքական նկրտումների դաշտ։
Ապա՝ 2018 թվականին Փաշինյանը խոստանում էր նոր ու երջանիկ Հայաստան՝ կոռուպցիայի վերացում, արդարության վերականգնում, ժողովրդի իշխանություն, ազգային համախմբում և այլ բաղձալի հեռանկարներ։ Սակայն 7 տարի անց ունենք ողբերգական Հայաստան՝ ծանրագույն ներկայով և անհորիզոն ապագայով, ինչպես Չարենցն էր ասում.
«Ու կանգնած ենք ահա ապագայի հանդեպ
Զարմանալի՜ թեթև, զարմանալի՛ անդեմ
Մերկության պես տկլոր ու անանցյալ…»։
Կարդացեք նաև
Արցախը կորսված է, Հայաստանի անվտանգային հենասյուները՝ խարխլված, ազգային ոգին՝ բեկված, կոռուպցիան և անարդարությունը՝ գործնականում արմատակալված, հասարակությունը՝ առավել խորը բազմաբևեռացված։
2018 թվականին բռնկված ժողովրդի խանդավառությունը, դժբախտաբար, վերածվեց հիասթափության, երջանկության սպասումը՝ անսփոփ ողբերգության, վստահությունը՝ անվստահության․․․․ Ու հիմա հավատքն է մնացել փոխել հավատաբեկմամբ…
Արցախի կորուստը մեզ համար միայն աշխարհագրական և ոգեղեն հայրենիքի կորուստ չէր, այլ նաև գոյաբանական անվտանգության հենասյան կորուստ՝ 2020-ի պատերազմի և դրան հաջորդած հայրենազրկման ու բռնագաղթի հետևանքով։ Անվտանգային առումով Հայաստանն այսօր կանգնած է ծանրագույն մարտահրավերների առաջ։ Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի սահմանային բռնագրավված հատվածները մինչև օրս հակառակորդի վերահսկողության տակ են։ Ըստ երևույթին, Արցախից բացի, Հայաստանի ավելի քան 139,24 կմ2 փաստացի հանձնված է թշնամուն և վերահսկելի չէ։ Արտագաղթը շարունակվում է։ Միևնույն ժամանակ, սոցիալ-տնտեսական իրավիճակը երկրում մտահոգիչ է, իսկ աղքատության մակարդակը՝ ահազանգիչ։
Եվ ներկա անմխիթար պայմաններում, երբ իշխանությունը չի կարողացել իրականացնել կամ դրժել է տրված խոստումները՝ և՛ արտաքին քաղաքականության, և՛ անվտանգային, և՛ տնտեսական հարթություններում, հիմա հայտարարել «հանուն Եկեղեցու» քաղաքական նոր «շարժումի» մասին, խիստ մտահոգիչ է՝ հոգևոր տարածք ևս ներխուժելու և ամեն ինչ քարուքանդ անելու ու ավերակաց վրա իշխելու։
Փաշինյանը հայտարարում է, թե «արշավը Եկեղեցու դեմ ինքը չի պաշտպանել և չի պաշտպանի», մինչդեռ իրականում վերջին տարիներին Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվել է համակարգված քարոզչություն։ Հոգևորականների վարկաբեկումը, Եկեղեցու սոցիալական դերակատարության նսեմացումը, Եկեղեցու հասցեին իշխանական խոսնակների մակարդակով հնչող քննադատությունները, իսկ երբեմն՝ բացահայտ վիրավորանքները, փաստում են, որ իշխանության գործողությունները ոչ թե ուղղված են Եկեղեցու պահպանմանն ու զորացմանը, այլ այն թուլացնելուն և ճնշելուն։
Եկեղեցու ներքին հարցերին միջամտելը՝ հավատացյալների ընտրության, եկեղեցական կառավարման կամ ծիսական համակարգի առումով, իշխանության լիազորության տիրույթում չէ, և Եկեղեցին դարերով ապացուցել է իր ներքին կենսունակությունն ու կարգասիրությունը։ Հայոց Եկեղեցին գոյատևել է նաև առանց պետականության, պատերազմների և տեղահանությունների պայմաններում՝ միշտ մնալով հայ ազգի ինքնության անկոտրում հիմնաքար։ Եվ այսօր «հայրենի» իշխանության կողմից փորձել խաթարել այդ հաստատության ինքնիշխանությունը՝ բարեփոխման կեղծանվան ներքո, վտանգում է ոչ միայն Եկեղեցին, այլև մեր ինքնության ողջ կառուցվածքը։
Եկեղեցուն ուղղված ցանկացած շարժում պետք է բխի Եկեղեցուց՝ դավանանքի, ավանդույթների և ներքին կանոնակարգերի հիման վրա։ Այն չի կարող պարտադրվել դրսից, առավել ևս՝ «վերևից»՝ քաղաքական ղեկավարի հրահանգով։ Այդ պարագայում գործ կունենանք ոչ թե հոգևոր-եկեղեցական վերածննդի, այլ հոգևոր ինքնության քաղաքականացման կամ հոգևոր ինքնության անկման հետ։
Ուստի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղված ցանկացած քողարկված կամ բացահայտ արշավ, որ փորձ է արվում ներկայացնել որպես «հանուն Եկեղեցու» շարժում, իրականում սպառնալիք է ազգային անվտանգությանը, հոգևոր ինքնությանը և մեր պատմական շարունակականությանը։
Եկեղեցին ոգեկան սրբավայր է, ոչ թե քաղաքական նկրտումների արոտավայր։
Տեր Արարատ քահանա Պողոսյան