Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարևորությունն անառարկելի է, բայց խնդրահարույց կետեր կան». քաղհասարակության կազմակերպությունները Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել

Հուլիս 17,2025 16:32

Երևանի տեղական ինքնակառավարման մասին նոր օրենքի նախագիծն իր կարևորությամբ անառարկելի է՝ որպես իրավական հիմք, որը կձևավորի մայրաքաղաքի կառավարման ապագա կառուցվածքը։ Մենք՝ քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ, մանրակրկիտ ուսումնասիրել ենք նախագծի բովանդակությունն ու դրույթները՝ արձանագրելով մի շարք խնդրահարույց կետեր, որոնք կարող են բացասաբար ազդել Երևանի կառավարման արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության վրա՝ միաժամանակ մեծացնելով անձնական հայեցողության և կոռուպցիոն ռիսկերի հավանականությունը։

Նախագծի վերլուծության արդյունքում ներկայացվել են մի շարք առաջարկություններ, որոնք միտված են՝
• Երևանի քաղաքապետի լիազորությունների հստակեցմանը,
• կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը,
• հանրային մասնակցության, թափանցիկության և հաշվետվողականության ամրապնդմանը,
• բարեվարքության և էթիկայի սկզբունքների ներառմանը։

Մենք կարևորում ենք օրենքի նախագծի իրական, ընդգրկուն և ողջամիտ ժամկետներում անցկացվող հանրային քննարկման անցկացումը՝ ապահովելով շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությունը։

Առաջարկությունների փաթեթում շեշտադրվում է նաև արդարադատության նախարարության կողմից մշակված կարգավորումների ներառման անհրաժեշտությունը՝ որպես հավասարակշռված և ժողովրդավարական կառավարման համակարգի հիմք։ Այդպիսի համակարգը պետք է գործի ոչ թե մեկ անձի կամ միանձնյա իշխանության հայեցողությամբ, այլ հիմնված լինի քաղաքացիների մասնակցության, թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների վրա։

Առաջարկների ամբողջական փաթեթը հասանելի է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կայքում։

Ներկայացված առաջարկությունները մշակվել են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Համայնքների ֆինանսիստների միավորման, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի կողմից։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031